Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) ցուցակվող ընկերությունների շրջանակը շարունակաբար ընդլայնվում է։ Այսօր կապիտալի շուկային է միանում «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն, որը դուստր ընկերությունների հետ միասին զբաղվում է դեղամիջոցների արտադրությամբ, ներմուծմամբ, դրանց մեծածախ եւ մանրածախ իրացմամբ Երեւանում եւ մարզերում։ Ընկերության գործունեությունը ներառում է նաեւ բուժական կոսմետիկայի եւ խնամքի միջոցների, բիոակտիվ հավելումների, մանկական սննդի եւ պարագաների, ինչպես նաեւ օրթոպեդիկ պարագաների վաճառք։Այսօր բորսայում տեղի է ունեցել ավանդական զանգի հնչեցման արարողությունը եւ ազդարարվել է ընկերության մուտքը կապիտալի շուկա:Ներդրողներն այսօրվանից հնարավորություն կունենան մասնակցել «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առեւտրին՝ դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։ «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի պարտատոմսերը՝ ընդհանուր 1,500,000,000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով, կընդգրկվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։ Կցուցակվեն 15,000 հատ պարտատոմս՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 11.3 % արժեկտրոնային եկամտաբերությամբ եւ 36 ամիս շրջանառության ժամկետով։ Այս պարտատոմսերով հնարավոր կլինի նաեւ իրականացնել հասցեական առեւտուր եւ կնքել ռեպո գործարքներ։ Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2025 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Ամերիաբանկի միջոցով։ ««Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն երկար տարիներ հանդիսանում է առողջապահական արտադրատեսակների ներկրման եւ վաճառքի ոլորտում առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում, հետեւաբար ընկերության պարտատոմսերի ցուցակումը կարեւոր քայլ է՝ ոչ միայն կապիտալի շուկայի ոլորտային դիվերսիֆիկացման, այլ նաեւ ընկերության բիզնես գործընթացների արդյունավետության բարձրացման տեսանկյունից։ Որպես Հայաստանի կապիտալի շուկայի միակ ենթակառուցվածք՝ մենք մեր առաքելությունն ենք համարում ստեղծել թափանցիկ ներդրումային միջավայր, որտեղ ներդրողները հնարավորություն ունեն ձեւավորելու երկարաժամկետ, վստահելի եւ արդյունավետ համագործակցային կապեր։ Այս համատեքստում, ընկերության կողմից պարտատոմսերի ցուցակումը եւ մուտքը կապիտալի շուկա եւս մեկ անգամ վկայում են, որ Հայաստանում օրեցօր աճում են ներդրումային հնարավորությունները եւ բարելավվում է բիզնես գործընթացների թափանցիկությունը»,- ասել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:«Կապիտալի շուկա մուտքն «Ալֆա-Ֆարմ»-ին ոչ միայն ապահովեց ֆինանսավորման նոր գործիքի հասանելիություն, այլ նաեւ կարեւոր գործոն հանդիսացավ մեր զարգացման ռազմավարության մեջ։ Պարտատոմսերի ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում արտացոլում է մեր հանձնառությունը՝ գործել առավել թափանցիկ եւ բաց՝ ինչպես ներդրողների, այնպես էլ մեր հաճախորդների եւ գործընկերների առջեւ։Ստացված միջոցները կուղղվեն առողջապահության ոլորտում շարունակական ներդրումներին, արտադրության ընդլայնմանը, նորարարական լուծումների ներդրմանը եւ ծառայությունների որակի բարձրացմանը՝ նպաստելով բնակչության առողջության պահպանմանն ու կյանքի որակի բարելավմանը։ Մենք բարձր ենք գնահատում ներդրողների վստահությունը եւ վստահ ենք, որ կապիտալի շուկայի հետ համագործակցությունը կստեղծի նոր հնարավորություններ «Ալֆա-Ֆարմ»-ի կայուն աճի եւ Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացման համար»,- նշել է «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանը:«Ամերիաբանկը հետեւողականորեն աշխատում է վստահելի եւ լայն ճանաչում ունեցող ընկերությունների մուտքը հայկական կապիտալի շուկա խթանելու ուղղությամբ՝ նպաստելով շուկայի դիվերսիֆիկացմանն ու ակտիվացմանը։ Մեզ համար կարեւոր է արժեթղթերի թողարկումը յուրաքանչյուր նոր ընկերության կողմից, սակայն «Ալֆա-Ֆարմ»-ի դեպքում այս քայլը երկար սպասված էր ոչ միայն մեզ, այլեւ ամբողջ շուկայի համար։ Դա հաստատվեց նաեւ արդյունքներով․ 15,000 պարտատոմսը սպառվեց ընդամենը մի քանի ժամում։ Մեզ համար ուրախալի փաստ է նաեւ այն, որ «Ալֆա-Ֆարմ»-ի պարտատոմսերի զգալի մասը տեղաբաշխվել է Ամերիաբանկի ներդրումային հարթակի՝ MyInvest-ի միջոցով, որի նպատակն է ներդրումները դարձնել առավել հասանելի եւ պարզ մեր հաճախորդների համար»,- նշել է Ամերիաբանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանը:Պարտատոմսերի թողարկման միջոցով ընկերության նպատակն է ապահովել շարունակական ներդրումներ առողջապահության ոլորտում՝ բնակչությանը առաջարկելով նորարարական լուծումներ եւ բարձրորակ ծառայություններ: Հիմնադրվելով 1996 թվականին՝ ներկայումս ընկերությունը Հայաստանի խոշորագույն դեղատնային ցանցն է, որը շուրջ 220 դեղատան միջոցով ներկայացված է ամբողջ հանրապետության տարածքում։ Ընկերությունը հանդես է գալիս նաեւ որպես մի շարք հայտնի եւ համաշխարհային բրենդների պաշտոնական եւ էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում։«Ալֆա-Ֆարմ» դեղատնային ցանցը ներկայացնում է նաեւ ՀՀ-ում առաջին օնլայն դեղատունը՝ 24/7 առաքման ծառայությամբ եւ խորհրդատվությամբ, որը հիմնադրվել է 2018 թվականին։ Գերժամանակակից եւ բազմաֆունկցիոնալ օնլայն դեղատունը հասանելի է բջջային հավելվածի ու կայքէջի միջոցով` www.alfapharm.am, ինչը հնարավորություն են տալիս հաճախորդներին շուրջօրյա պատվիրել անհրաժեշտ դեղորայք, կոսմետիկ միջոցներ, ինչպես նաեւ մանկական պարագաներ։ Բորսան շարունակելու է աջակցել պատասխանատու եւ թափանցիկ ընկերությունների ներգրավմանը շուկա՝ ձեւավորելով վստահելի ներդրումային միջավայր եւ խթանելով իրական հատվածի ֆինանսավորումը կապիտալի շուկայի գործիքների միջոցով։Բորսան կշարունակի աջակցել պատասխանատու եւ թափանցիկ ընկերությունների ներգրավմանը շուկա՝ ձեւավորելով վստահելի ներդրումային միջավայր եւ խթանելով իրական հատվածի ֆինանսավորումը կապիտալի շուկայի գործիքների միջոցով։ Tweet Դիտում՝ 2604