10 հարց փողի մասին Բագրատ Ասատրյանին
09.01.2014 | 09:27
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ Photolure

2014 թվականին Մեդիամաքս-ն իր Banks.am պորտալում գործարկում է նոր խորագիր`«10 հարց փողի մասին»: Յուրաքանչյուր շաբաթ որեւէ հայտնի մարդու ուղղելու ենք 10 հարց` փողի հետ նրա հարաբերությունները պարզելու նպատակով:
Խորագրի առաջին հյուրը «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ գլխավոր տնօրեն, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն է:
-Ո՞րն է եղել ձեր կյանքի ամենաթանկարժեք գնումը:
- Մեծ գնումներ ունեցել եմ եւ դրանք իմ անունով են գրանցված, բայց այնպես է ստացվել, որ միշտ կինս է գնումներով զբաղվել: Թանկարժեք գնումներից կարող եմ նշել առանձնատունը, որն անավարտ վիճակում ձեռք ենք բերել 50 մլն դրամով: Եթե խոսեմ վերջին գնումից, դա եղել է կնոջս մեքենան` մոտ 8 մլն դրամ արժողությամբ: Գումարը ես եմ տրամադրել, բայց գնումը ինքս չեմ կատարել:
-Նախընտրո՞ւմ եք կանխիկ գումարը, թե բանկային քարտերը:
- Բանկային քարտերը: Անմոռանալի ժամանակներից քարտից եմ օգտվում, երեւի Հայաստանի առաջին քարտատերերից մեկը ես եմ: Դրամապանակումս շատ քիչ կանխիկ գումար եմ պահում: Չգիտես ինչու, փող հաշվել չեմ կարողանում, քարտն ավելի հարմար է, հատկապես, երբ գործընթացն ուրիշն է քո փոխարեն կատարում:
-Նվազագույնը որքա՞ն գումար է հարկավոր ձեր ընտանիքին` մեկ ամիս անհոգ ապրելու համար:
-Կարծում եմ, ընտանեկան բոլոր ծախսերը ներառյալ, 800 հազարից մինչեւ 1 մլն դրամ:
-Երբեւէ ունեցե՞լ եք ֆինանսական դժվարություններ:
-Այո: Հանգամանքների բերումով միշտ բարձր եմ վարձատրվել աշխատանքիս դիմաց, բայց դժվարություններ եղել են, որոնց փորձել եմ լուծումներ տալ:
- Այսօր Ձեզ ապահովված մարդ համարո՞ւմ եք:
- Այո:
- Երբեւէ օգտվե՞լ եք վարկերից:
- Այո: Մեծ բիզնես վարկերից չեմ օգտվել, բայց այսօր էլ ունեմ վարկային քարտեր եւ օգտվում եմ վարկային գծից:
- Դուք շռայ՞լ մարդ եք, թե տնտեսող:
- Ավելի շատ` հաշվող: Ընտանիքում էլ այդպես է. ես ու կինս հաշվող ենք, շռայլություններից` հեռու:
-Եթե շահեք կամ նվեր ստանաք մեկ միլիոն դոլար, ինչպես կծախսեք այն:
- Չգիտեմ: Նախ` չեմ մտածել այդ ուղղությամբ: Ինքս խաղացող չեմ եւ շահելուց ամենաշատը կարող եմ պատկերացնել $1000-ի սահմաններում շահումը: Եթե նման իրավիճակում հայտնվեմ, հավանաբար, ներդրում կկատարեմ ընկերությունում («Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ-ում), որը դրա կարիքն ունի:
-Պարտքով գումար տալիս կամ վերցնո՞ւմ եք:
- Ձգտում եմ ոչ մեկն անել, ոչ էլ մյուսը: Այնպես է ստացվել, որ հարազատներիս, ընկերների մեջ ես ավելի ապահովված եմ եղել, եւ եթե մեկը կարիք է ունենում, նախընտրում եմ ոչ թե պարտքով տրամադրել, այլ անվերադարձ որոշակի գումար տալ:
- Ձեր գումարը վստահո՞ւմ եք բանկերին:
- Այո: Գրպանում կամ տանը գումար չեմ պահում, իմ ունեցած գումարը միշտ բանկում է:
Բագրատ Ասատրյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը:
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: