«Առանց գիտելիքի արտադրության մենք 10 կամ 20 տարի հետո չենք կարողանա իրագործել «Հայաստանը` զարգացած երկիր» հավակնոտ ծրագիրը»,- սա հատված է վարչապետ Տիգրան Սարգսյանի` տարեսկզբին իր բլոգում արած գրառումից: Վարչապետը հերթական անգամ ներկայացրեց իր այն թեզը, որ Հայաստանի ապագան կարող է ապահովել միայն գիտելիքների վրա հիմնված տնտեսությունը:Հասկանալի է, որ տնտեսության հենքը մասնավոր բիզնեսն է, որի ետեւում կանգնած են կոնկրետ մարդիկ, ովքեր ունեն սեփական բիզնես-ուղին, հաջողության հասնելու անհատական պատկերացումը: Եվ, քանի որ խոսք գնաց գիտելիքների մասին, մենք փորձեցինք ստանալ «հայացք ներսից» մի մարդուց, ով իր 36 տարեկան հասակում հասցրել է ստանալ 2 բարձրագույն կրթություն Հայաստանում, MBA որակավորում Անգլիայում եւ արդեն իսկ կիրառել իր գիտելիքները գործող բիզնեսում: Մեր զրուցակիցն է Էդգար Մանուկյանը: - Այն, որ «գիտելիքն ուժ է», անհերքելի է, միաժամանակ, շատերն ուղղորդվում են մոտեցմամբ, որ «սովորելն երբեք ուշ չէ»: Քո դեպքում ուսուցանելու ցանկությունը, կարծես, չուշացավ, ավելին` ունեցավ շարունակական զարգացում: Ինչո՞վ էր պայմանավորված այդ ցանկությունը:- Մի պահ պատկերացնենք մարդու, որն այսօր չի օգտվում մարդկության զարգացման արդյունքներից` գիտելիքներից, տեխնիկայի եւ տեխնոլոգիաների ընձեռնած հնարավորություններից: Ինչի՞ նա կարող է հասնել: Ակնհայտ է` հնարավորությունների մի շատ սահմանափակ շրջանակի: Փորձենք նայել այս հարցին մեկ այլ տեսանկյունից՝ նեղացնելով սահմանափակումների շրջանակը: Յուրաքանչյուր օրը մի ունիկալ հնարավորություն է նոր բան բացահայտելու եւ ինքնահաստատվելու համար: Այս դեպքում բացվում է հնարավորությունների մի բազմազանություն, որն արդեն իսկ կապվում է անձնական ցանկությունների ու նպատակների հետ:Միշտ կա մեկը, ով կոնկրետ գործում քեզանից ուժեղ է: Ուստի այսօրվա մրցակցային մթնոլորտում հաջողությունների հասնելու համար, առաջին հերթին, պետք է մաքսիմալ պարզ եւ օբյեկտիվ հասկանալ քո համեմատական առավելությունները ու թերությունները: Սրանից ելնելով՝ հասկացա, որ ունեմ ընտրության երկու տարբերակ: Առաջինը՝ համեմատաբար պարզ՝ ներդնել սահմանափակ քանակի գումար բիզնես կառուցելու համար եւ, երկրորդը` այդ նույն գումարը ներդնել սեփական ունակությունների ու գիտելիքների շրջանակը զարգացնելու համար: Յուրաքանչյուր հնարավորություն ունի իր արժեքը եւ արդյունքը, հետեւաբար, գնահատելով դրանք, ես ընտրեցի երկրորդ տարբերակը, որի համար էլ այսօր չեմ զղջում: Ավելին, սովորելն ինձ համար դարձել է հոբբի, ինչ-որ տեղ նաեւ ազարտ, ուստի այս համատեքստում կարող եմ ինձ անվանել «խաղամոլ» (ծիծաղում է - հեղ.):- «Երեխաս իր ուժերով է ընդունվել»՝ խորհրդային ժամանակներից եկող ոչ միանշանակ այս արտահայտությունն օգտագործվում է նաեւ այսօր: Ուստի հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ դերակատարում են ունեցել ծնողներդ ԲՈՒՀ ընդունվելու հարցում: - Եթե փորձենք շարունակել այս միտքը, ապա կարելի է նաեւ ասել. «Երեխաս իր ուժերով է աշխատանքի ընդունվել»: Իսկ ինչու՞ երեխան չպետք է հասնի նպատակներին իր ուժերով: Արդյոք կա՞ն անհաղթահարելի դժվարություններ:Շատերիս ընտանիքներում գոյություն ունի մի ընդհանուր եւ բնական մոտեցում` «երեխային ոտքի կանգնեցնել»: Ես շնորհակալ եմ ծնողներիս, որ ժամանակին մեծ դեր ունեցան իմ կյանքում եւ ցույց տվեցին ճիշտ ուղին: Ծնողներս օգտագործել են իրենց ամեն մի ունեցած հնարավորությունն ինձ ու եղբորս ճիշտ ուղու վրա կանգնացնելու եւ կյանքում դժվարությունները հաղթանակներով անցնելու համար:Կարծում եմ, երբ ունես վստահություն ընտանիքի կողմից, հստակ ու հասկանալի նպատակներ, ապա դժվարությունները հաղթահարվում են միայն քո աշխատասիրությամբ: Այս առումով մեծ պատասխանատվություն ես զգում ընտանիքիդ առաջ, որպեսզի վաղը ծնողներդ հպարտությամբ կարողանան բարձրաձայնել. «Երեխաս իր ուժերով է առաջ գնում»:- Դու սովորել ես Անգլիայում: Կարելի է ենթադրել, որ այդ ուսուցումը կապված էր մեծ ծախսերի հետ: Ինչպե՞ս հաջողվեց հոգալ այդ ծախսերը:- Երբ որոշեցի MBA որակավորում ստանալ, ֆինանսական կողմի մասին այդքան չէի մտածում, քանի որ համալսարաններն առաջարկում են կրթաթոշակներ տարբեր երկրների ուսանողների համար: Բացի այդ, գոյություն ունեն բազմաթիվ ֆոնդեր, որոնք նպատակ են դնում ընտրել տաղանդավոր ուսանողների, որոնց ուսուցումն էլ մասնակի կամ ամբողջությամբ ֆինանսավորում են տարբեր պայմաններով: Մինչեւ համալսարաններ դիմելը, այցելեցի Մեծ Բրիտանիա, որպեսզի տեղում ծանոթանամ առաջարկվող ծրագրերին եւ դասախոսական կազմին: Մի քանի ամիս անց երեք համալսարաններից ստացա առաջարկներ: Ավելին, Աստոնի Բիզնես դպրոցից (Aston Business School) ստացա նամակ այն մասին, որ, որպես հայտարարված մրցույթի հաղթող, ուսման վարձս նվազեցվել է 5000 ֆունտ ստեռլինգով: Ընտրեցի այս դպրոցը, քանի որ, բացի ֆինանսական արտոնությունից, այն առաջարկում էր բավականին ուժեղ մասնագիտական եւ լրացուցիչ արտաժամյա պարապմունքների ծրագիր: Արտասահմանում ուսուցանելու համար ֆինանսավորման մեխանիզմների բացակայությունը սահմանափակում է հայ դիմորդի հնարավորությունները: Իմ դեպքում որոշեցի բանակցել հայկական բանկերի հետ եւ ստանալ վարկ ուսմանս հետ կապված ծախսերը հոգալու համար: Արդյունքում բանկերից մեկը տրամադրեց անհատական պայմաններով վարկ, որը մաքսիմալ համապատասխանում էր իմ պահանջներին` ուսման ընթացքում վարկի մարում չեր կատարվում, կուտակված տոկոսների եւ մայր գումարի մարումը սկսվում էր համալսարանը ավարտելուց երեք ամիս անց: Այսօր աշխատում եմ Հայաստանում եւ մարում եմ վարկը:- Իսկ ինչու՞ վերադարձար Հայաստան: - Երեւի ամենահաճախ տրվող հարցերից մեկն է Անգլիայից վերադառնալուց հետո: Իմ սուբյեկտիվ կարծիքը կասեմ՝ հիմնված մոտեցումներիս վրա, բացառելով այն միտքը, որ մարդիկ գտնում են իրենց այլ երկրներում, քանի որ ստանում են նպաստ գոյատեւելու համար: Թվում է, թե ուրիշ երկրում կլինես ավելի վստահ վաղվա օրվա նկատմամբ: Սակայն չպետք է մոռանալ, որ ուր էլ գնաս, առաջին հերթին դու քեզ ես վերցնում քո հետ: Ուր էլ գնաս, ինչ էլ անես, չկա կատարյալ երկիր: Ես տեսա, որ Հայաստանում դեռ ունեմ զարգանալու տեղ: Այսօր Հայաստանում պրոֆեսիոնալների ավելի մեծ պահանջարկ կա, քան նույն Եվրոպայում: Այդ իսկ պատճառով համագործակցում եմ մի քանի ընկերությունների հետ: Մյուս կողմից էլ հասկանում եմ, որ կարող է գալ մի պահ, երբ պրոֆեսիոնալ աճի տեսանկյունից անհրաժեշտ կլինի աշխատել կամ բիզնես ծավալել Հայաստանի տարածքից դուրս: Սա, իմ կարծիքով, ավելի շատ աճելու խնդիր է, քան գոյատեւելու պայքար: Հակառակը, ես ունեմ ընկերներ եւ ծանոթներ, որոնք վերադառնում են Հայաստան ԱՄՆ-ից, Կանադայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից ու Իսպանիայից: Նրանք մասնագետներ են, ովքեր կրթվել ու աշխատել են, կամ ունեն բիզնես այդ երկրներում: Սակայն այսօր, նույնիսկ համաշխարհային ճգնաժամի ժամանակ, նրանք նախընտրում են վերադառնալ ու աշխատել Հայաստանում: - Ինչո՞վ ես զբաղվում այսօր, կարո՞ղ ես արդյոք ասել, որ գոնե այս փուլում գտել ես քո գործը:- Աշխատում եմ մի քանի ընկերությունների հետ` խորհրդատվական ծառայություններ եմ մատուցում, նախագիծ եմ իրականացնում եւ բիզնես եմ կառավարում: - Հաճախ կարելի է լսել կարծիք, համաձայն որի գործարարները, նամանավանդ ՓՄՁ ներկայացուցիչները, անպաշտպան են իրենց հարաբերություններում ֆիսկալ մարմինների հետ: Ի՞նչ կասես այս առումով, չէ՞ որ գործի բերումով շփվում ես թե հարկային, թե մաքսային մարմինների ներկայացուցիչների հետ: - Նշված ձեռնարկությունների համար սա հաճախ կարող է պայմանավորված լինել ոչ միայն պետական համակարգի մասին շատ խոսացվող թերություններով, այլ հաճախ նաեւ` գործարարների կողմից օրենքների թերի իմացությամբ: Նույն ՓՄՁ-ների մեջ կան մասնագիտացած հաշվապահական, մաքսային, իրավաբանական ընկերություններ: Այսօր հաշվապահական ընկերություններն առաջարկում են ծառայություններ «հասկանալի» գումարով եւ իրենց պատասխանատվությամբ`անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: Դրանով իսկ ապահովվում է ընկերության մինիմալ շփումը հարկային մարմինների հետ եւ մաքսիմալ նվազեցվում են հարկային ռիսկերը: - Էդգար, համարու՞մ ես արդյոք, որ ստացած գիտելիքներդ բավարար են առաջ շարժվելու համար: - Խաղը շարունակվում է (ծիծաղում է - հեղ.):Էդգար Մանուկյանի հետ զրուցեց Խորեն Օրմանյանը: Tweet Դիտում՝ 10596