Ներկայացնում ենք McKinsey Global Institute-ի տնօրեն Օլիվիա Ուայթի եւ McKinsey Global Institute-ի ավագ փորձագետներ Տիագո Դեւեսայի եւ Ջոնգմին Սեոնգի հոդվածը:Օլիվիա Ուայթ, Տիագո Դեւեսա, Ջոնգմին ՍեոնգՀակամարտությունը խաթարում է Մերձավոր Արեւելքում ծովային փոխադրումների բնականոն ընթացքը, իսկ ԱՄՆ մաքսատուրքերի ապագան շարունակում է մնալ անորոշ։ Թեեւ այս քաղաքական զարգացումների ընթացքը անկասկած կարեւոր է, չպետք է անտեսել նաեւ համաշխարհային տնտեսությունը ձեւավորող ավելի խորքային ուժերը։Անցած տարին համաշխարհային առեւտրի պատմության ամենաբուռն շրջաններից մեկն էր. ԱՄՆ-ի մաքսատուրքերի մակարդակը բարձրացել էր՝ հասնելով մոտ մեկ դարի ընթացքում ամենաբարձր ցուցանիշներին, իսկ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրի ծավալը նվազել էր շուրջ 30 %-ով։ Այդուհանդերձ, համաշխարհային առեւտրի ընդհանուր ծավալը չի նվազել. հակառակը, այն շարունակել է աճել այն միտումների համաձայն, որոնք նկատվել էին երեք տարի առաջ McKinsey Global Institute-ի ուսումնասիրության մեջ՝ նվիրված աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված առեւտրային տեղաշարժերին։Մենք կարծում ենք, որ աշխարհը ոչ այնքան «դեգլոբալիզացվում» է, որքան վերակառուցվում՝ ինչպես ջուրը, որն իր համար նոր հուներ է գտնում։ Աշխարհաքաղաքական լարվածության աճի եւ տնտեսական անվտանգության վերաբերյալ մտահոգությունների խորացման պայմաններում ընկերությունները վերաուղղորդում են ներդրումները եւ վերաձեւավորում մատակարարման շղթաները։2025 թվականի առեւտրային հոսքերի մեր վերլուծության մեջ հատկապես աչքի է ընկնում ԱՄՆ-ի մնայուն պահանջարկը արտասահմանյան ապրանքների նկատմամբ։ Թեեւ ամերիկացիները շարունակում են արտերկրից գնումներ կատարել, գնված ապրանքները տարբերվում էին նախորդներից։ ԱՄՆ-ը ավելի շատ ներմուծել էր միկրոչիպեր եւ տվյալների մշակման կենտրոնների համար նախատեսված սարքավորումներ, իսկ ավտոմեքենաների եւ էներգակիրների ներմուծումը համեմատաբար նվազել է։ Միեւնույն ժամանակ, մատակարարման շղթաների աշխարհագրությունը փոխվել էր՝ մայրցամաքային Չինաստանից տեղափոխվելով դեպի Վիետնամ, Թայվան եւ Ասիայի այլ երկրներ։Բնական կլիներ ենթադրել, որ այս փոփոխությունների հիմնական շարժիչ ուժը մաքսատուրքային քաղաքականությունն էր։ Սակայն այդ բացատրությունը բավարար չէ, քանի որ ձեւավորվել է եւս մեկ առանցքային գործոն՝ արհեստական բանականության զարգացման գլոբալ մրցավազքը, որը 2025 թվականին ապահովել է համաշխարհային առեւտրի աճի մոտ մեկ երրորդը։ Այս գործոնի ազդեցությունը համեմատաբար քիչ ուշադրության է արժանացել՝ համեմատած ԱԲ-ի՝ տնտեսական աճի, ֆինանսական շուկաների կամ աշխատաշուկայի վրա ունեցած ազդեցության հետ: Հավանաբար, այն պատճառով, որ ԱԲ-ի հետ կապված առեւտուրը կենտրոնացած է երկրներում, որոնք ընդհանուր աշխարհաքաղաքական շահեր ունեն։ Լուսանկարը՝ REUTERS Մեկ այլ թերագնահատված գործոնն այն է, թե որքան է փոխվել Չինաստանի տնտեսությունը։ Այն շարունակում է մնալ համաշխարհային արտահանման առանցքային շարժիչ ուժը, սակայն աստիճանաբար ավելի է խորացնում իր «գործարանը՝ գործարանների համար» դերը՝ դառնալով սարքավորումների եւ բաղադրիչների խոշոր մատակարար, որոնք ապահովում են այլ երկրների արտադրական համակարգերի գործունեությունը, հատկապես զարգացող տնտեսություններում։ 2025 թվականին չինական արդյունաբերական ռեսուրսների մատակարարումներն աճել են ավելի քան $ 175 միլիարդով: Այս աճը հիմնականում պայմանավորված է միջանկյալ ապրանքների՝ մասնավորապես չիպերի եւ սմարթֆոնների բաղադրիչների արտահանմամբ, որի ծավալներն աճել են 9%-ով՝ երկու անգամ ավելի արագ, քան Չինաստանի ընդհանուր արտահանումը։Միեւնույն ժամանակ, քանի որ որոշ ոլորտներում ԱՄՆ շուկա մուտքը սահմանափակվել է, ընկերությունները սկսեցին նոր շուկաներ փնտրել իրենց սպառողական ապրանքների համար: Արտահանման ծավալների աճը պահպանելու նպատակով սպառողական ապրանքներ արտահանողները միջինում 8%-ով նվազեցրել են գները, ինչն արդեն սկսել էր տարբեր կերպ անդրադառնալ տարածաշրջանային տնտեսությունների վրա։Օրինակ՝ ASEAN (the Association of Southeast Asian Nations) տարածաշրջանը ամրապնդել էր իր դերը որպես կարեւոր արտադրական կենտրոն՝ ձեւավորելով նոր կապեր փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում։ Ընդհանուր առմամբ, տարածաշրջանի առեւտուրը բոլոր հիմնական տարածաշրջանների հետ աճել էր, իսկ արտահանումը գրանցել 14% աճ, ինչն ավելի քան երկու անգամ գերազանցում էր համաշխարհային առեւտրի աճի տեմպը։ Լուսանկարը՝ REUTERS Միեւնույն ժամանակ, Հնդկաստանը կարողացել էր ստանձնել ԱՄՆ-ում սմարթֆոնների պահանջարկի զգալի մասը, որը նախկինում ապահովում էր Չինաստանը, իսկ Բրազիլիան ընդլայնել էր իր ապրանքների արտահանումը, երբ Չինաստանը վերաուղղորդեց իր գնումները ԱՄՆ-ից։Ի տարբերություն այս վերադասավորումների՝ Եվրոպան դժվարությամբ էր հարմարվում նոր իրավիճակին։ Այն միաժամանակ բախվել էր Չինաստանից ներմուծումների աճող մրցակցությանը եւ ԱՄՆ-ի մաքսատուրքերի հետեւանքով առանցքային արտահանման շուկաների սահմանափակմանը։ Եթե հաշվի չառնենք ոսկու եւ դեղագործական ապրանքների վաճառքի աճը՝ սպասվող մաքսատուրքերին ընդառաջ, Եվրոպայի առեւտրային հաշվեկշիռը ԱՄՆ-ի եւ Չինաստանի հետ վատթարացել էր մոտ 80 միլիարդ դոլարով։ Այլ շուկաների հետ առեւտրի աճը կեսի չափով էր միայն փոխհատուցել այս անկումը։ Այս միտումը հատկապես տեսանելի էր ավտոմոբիլային ոլորտում։ Առաջին անգամ պատմության մեջ Գերմանիան՝ Եվրոպայի ավտոմոբիլային արդյունաբերության հսկան, Չինաստանից ներմուծել էր ավելի մեծ ծավալի ավտոմեքենա, քան արտահանել այդ երկիր։ Հասկանալի է, որ այսօրվա վերնագրերը հաճախ տպավորություն են ստեղծում, թե հիմա աշխարհաքաղաքականությունը թելադրում առեւտրի կանոնները։ Սակայն դա ամբողջական պատկերը չէ։ Աշխարհաքաղաքական գործոնները իսկապես վերաձեւավորում են առեւտրային քարտեզը, բայց տեխնոլոգիական զարգացումների եւ տնտեսական կառուցվածքային փոփոխությունների երկարաժամկետ միտումներն են որոշում, թե աշխարհը ինչ է արտադրում եւ ինչ է սպառում՝ ինչի վառ օրինակն է արհեստական բանականության «բումով» պայմանավորված առեւտրի աճը։ Աճող սակագների, իրավական անորոշության եւ առեւտրային սահմանափակումների խստացման պայմաններում ընկերությունները սկսել են գնել չիպեր եւ սերվերներ, ինչպես նաեւ սառեցման համակարգեր եւ տվյալների կենտրոնների կառուցման եւ շահագործման համար անհրաժեշտ այլ սարքավորումներ։ Լուսանկարը՝ REUTERS Ընդհանուր առմամբ, համաշխարհային առեւտրի վրա ազդում են երկարաժամկետ գործոններ՝ տեխնոլոգիական առաջընթացից մինչեւ փոփոխվող արտադրական ցանցեր եւ զարգացող շուկաների աճ: Ապագայի զարգացումները հասկանալու համար անհրաժեշտ է լայն հեռանկար, որը հաշվի է առնում այս գործոնների փոխազդեցությունը տարբեր սցենարներում, այլ ոչ թե կենտրոնանում է որեւէ առանձին գործոնի վրա, որը կարող է շրջադարձային լինել: Իհարկե, աշխարհաքաղաքական ցնցումները շարունակելու են համակարգի անբաժանելի մասը մնալ։ Աշխարհում, որտեղ առեւտուրը շարունակում է աճել, բայց զարգանալ ավելի մրցակցային միջավայրում, փոփոխվող պայմաններին հարմարվելու կարողությունը ոչ պակաս կարեւոր կլինի, քան երկարաժամկետ կայունությունը։Թարգմանությունը՝ Դիանա ՄանուկյանիԱյս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է«Յունիբանկի» գործընկերությամբ: Յունիբանկում այսուհետ հնարավոր է անվճար պատվիրել աշխատավարձային քարտ՝ դիմելով առցանց։Copyright: Project Syndicate, 2026.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 4295