Ներկայացնում ենք Emerging Europe կայքում հրապարակված Banking on peace հոդվածի հայերեն թարգմանությունը:Հարավային Կովկասի բանկային հատվածի վերափոխումը կախված է ոչ այնքան այժմյան հաղթողից, որքան վաղվա հաղթողից, ցույց է տալիս նոր ուսումնասիրությունը։Հարավային Կովկասը հազիվ թե կարելի է բանկային դրախտ անվանել։ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ գտնվող եռյակը՝ Հայաստան, Վրաստանի եւ Ադրբեջան, վերջին երեք տասնամյակների մեծ մասն անցկացրել է պատերազմներով, աշխարհաքաղաքական ցնցումներով եւ այնպիսի տնտեսական անկայունությամբ, որ ներդրողները ձեռքը տարել են վիսկիին։ Այնուամենայնիվ, տարածաշրջանի ֆինանսական լանդշաֆտի համապարփակ նոր ուսումնասիրությունը հետաքրքիր բան է հուշում. բանկային ոլորտի ամենաուշագրավ պատմությունը ոչ թե Վրաստանի առաջատարությունն է, այլ այն, թե ինչ է պատահում, երբ հակամարտությունը վերածվում է փոխկապացվածության։Նոյեմբերի 21-ին հրապարակված «Հարավային Կովկասի բանկային եւ ներդրումային զեկույց 2025»-ը դասակարգում է երեք երկրները ըստ 17 ֆինանսական ցուցանիշների՝ վարկերի սուվերեն վարկանիշից մինչեւ ֆինտեխի ներդրում։ Վրաստանը, ինչպես եւ սպասվում էր, գլխավորում է ցուցակը՝ 100-ից 82 միավորով, ինչը վկայում է տասնամյակներ շարունակ ներդրողների համար նպաստավոր բարեփոխումների եւ հարաբերական քաղաքական կայունության մասին։ Հայաստանը հետ է մնում՝ հավաքելով 52.4 միավոր, իսկ Ադրբեջանը վերջին տեղում է՝ պատժամիջոցների եւ ածխաջրածիններից մեծ կախում ունեցող տնտեսության պատճառով։Արտաքինից սա կանխատեսելի վարկանիշային աղյուսակ է։ Վրաստանը հաղթում է, Հայաստանը մեծ ջանքեր է գործադրում, Ադրբեջանը դժվարություններ ունի։ Սակայն եթե խորանանք 100 էջանոց զեկույցի մեջ՝ ի հայտ է գալիս ավելի հետաքրքիր օրինաչափություն. Հայաստանի ենթադրյալ «հետ մնալը» կարող է առավելություն լինել։ Երկիրը կտրուկ բարելավում է կարգավորման որակը, բիզնես վարելու դյուրինությունն եւ թերեւս ամենաակնառուն՝ բանկային հատվածի դիվերսիֆիկացիան։ Ի տարբերություն դրա, Վրաստանն ասես հասել է իր վերին սահմանին։ Պատեհ ժամանակը կարեւոր է։ 2025 թվականի օգոստոսին Հայաստանն ու Ադրբեջանը Սպիտակ տանը ստորագրեցին խաղաղության համաձայնագիր՝ առաջին լուրջ փորձը կարգավորելու հարաբերությունները 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից ի վեր։ Թերահավատները (իսկ նրանք շատ են) համարում են, որ սա եւս մի կեղծ հույսի շող է տասնամյակներ տեւող հակամարտությունում։ Սակայն զեկույցի հեղինակ Իվան Չակարովը GlobalSource Partners ընկերությունից, պնդում է, որ ֆինանսական շուկաները մշտապես թերագնահատում են տարածաշրջանի «խաղաղության դիվիդենդ»-ը։Նրա դատողությունը պարզ է. hայ-ադրբեջանական հակամարտությունը երկու երկրներին էլ 1991 թվականից ի վեր արժեցել է մոտ 100 միլիարդ ԱՄՆ դոլար՝ առեւտրի, ներդրումների եւ տնտեսական ինտեգրման կորուստների տեսքով։ Հակամարտության նույնիսկ մասնակի «ապասառեցումը» բացում է նոր տրանսպորտային միջանցքներ, որոնք կապում են Ադրբեջանի Կասպից ծովի ափը Հայաստանի միջով՝ Իրանի եւ, ամենակարեւորը, Եվրամիության հետ։ Ներդրողներն այլեւս չեն ընտրում երկու թշնամի հարեւանների միջեւ, այլ գնահատում են միմյանց լրացնող տնտեսությունները՝ ռիսկի եւ շահույթի տարբեր հարաբերակցությամբ։ Հայաստանի համեմատական առավելությունը տեխնոլոգիաների եւ ծառայությունների ոլորտում հիանալիորեն զուգակցվում է Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքների եւ Կասպից ծով մուտքի հետ։ Խաղաղությունը ոչ միայն ավարտում է պատերազմը, այլեւ շուկա է ստեղծում։ Վրաստանը, որքան եւ տարօրինակ է, կարող է ամենաշատը կորցնել այս հաշտեցումից։ Տարիներ շարունակ այն ներկայացել է որպես Հարավային Կովկասի անվտանգ ապաստան՝ կայուն, կանխատեսելի այլընտրանք իր կռվարար հարեւաններին։ Եթե Հայաստանն ու Ադրբեջանը կարգավորեն հարաբերությունները, Վրաստանի աշխարհագրական մենաշնորհը որպես տարածաշրջանի տարանցիկ հանգույց, կսկսի նվազել։ Զանգեզուրի միջանցքը, որը երկար ժամանակ փակ էր հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների պատճառով, ուղիղ երթուղի կդառնա Թուրքիայի եւ Կասպից ծովի միջեւ՝ ամբողջությամբ շրջանցելով Թբիլիսին։ Վրացական բանկերը, որոնք վայելում են տարածաշրջանային գերիշխանությունը, կհայտնվեն նոր մրցունակ հարեւանների միջեւ, որոնց շահագործման ծախսերն ավելի էժան են, իսկ աճի ախորժակն՝ ավելի մեծ։Զեկույցն ընդգծում է եւս մի տհաճ ճշմարտություն. վարկանիշային գործակալությունները ամենեւին հարմար չեն աշխարհաքաղաքական փոփոխություններ ապրող սահմանային շուկաների համար։ Ուսումնասիրության համեմատական 17 բաղադրիչ ունեցող ինդեքսը «ավելի համապարփակ մեթոդաբանություն է տրամադրում բանկային եւ ներդրումային ռիսկը գնահատելու համար», քան Moody's-ի եւ Fitch-ի կոպիտ գործիքները։ Հայաստանը, օրինակ, ունի հայեցողական սուվերեն վարկանիշ, որն արտացոլում է անցյալի անկայունությունը, այլ ոչ թե ներկա հետագիծը։ Այդ վարկանիշների վրա կենտրոնացած ներդրողները բաց են թողնում երկրի արագ ֆինանսական զարգացումը. 2022 թվականից ի վեր դրամական փոխանցումներն աճել են 40 տոկոսով՝ մասամբ պայմանավորված ռուսների ներհոսքով, իսկ բանկային կապիտալի բավարարության հարաբերակցությունը այժմ գերազանցում է ԵՄ անդամ շատ պետությունների ցուցանիշները։Ադրբեջանը հակառակ հանելուկն է։ Ածխաջրածնային եկամուտներով եւ բազում հարկաբյուջետային բուֆերներով՝ այն թափանցիկության եւ դիվերսիֆիկացիայի վատ ցուցանիշներ ունի. հենց այն չափանիշների, որոնք կարեւոր են առանց նավթի ապագայում։ Բաքվի բանկերը շարունակում են համառորեն կենտրոնանալ պետության կողմից կառավարվող վարկավորման եւ ռեսուրսներով ապահովված վարկավորման վրա, ինչը հիանալի աշխատում էր 2000-ականներին, բայց գնալով ավելի ժամանակավրեպ է դառնում։ Երկրի մարտահրավերն այսօրվա իրացվելիության կառավարումը չէ, այլ վաղվա ֆինանսական ենթակառուցվածքների կառուցումը։Զեկույցում քննարկվում է այս ամենը՝ սկսած կարգավորող միջավայրից եւ ֆինանսական տեխնոլոգիաների ներդրումից մինչեւ սփյուռքի դրամական փոխանցումներն ու «կանաչ» ֆինանսները։ Ստացվում է ոչ թե անշարժ վարկանիշ, այլ դինամիկ պատկեր, որում երեք տնտեսությունները գիտակցաբար վերափոխում են իրենց ֆինանսական ոլորտները աշխարհաքաղաքական վերադասավորման պայմաններում։ Հայաստանն օգտագործում է իր կապերը ԱՊՀ-ի հետ՝ միաժամանակ ձգտելով ԵՄ ինտեգրմանը։ Ադրբեջանը փորձում է դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը նավթային ոլորտից դուրս՝ առանց խախտելու ներքաղաքական պայմանավորվածությունները: Վրաստանը փորձում է պահպանել այժմյան առավելությունները ավելի ու ավելի մրցունակ տարածաշրջանում։Չակարովի հիմնական տեսակետը, որ Հարավային Կովկասը պահանջում է «դիֆերենցված ռիսկ-եկամտաբերություն բնութագրեր», ոչ թե զարգացող շուկաների համասեռ վերլուծություն, վիճարկում է ներդրողների մոտեցումը սահմանամերձ տարածաշրջաններին: Շուկաները նախընտրում են հստակ կատեգորիաներ՝ անվտանգ կամ ռիսկային, զարգացած կամ զարգացող, կայուն կամ անկայուն: Սակայն Հարավային Կովկասը չի հանդուրժում նման պարզություն: Բանկային ոլորտներն այստեղ վերափոխվում են ոչ թե ի հեճուկս աշխարհաքաղաքական բարդությանը, այլ դրա շնորհիվ: Հարցն այն չէ, թե որ երկիրն է հաղթում այսօրվա վարկանիշային աղյուսակում, այլ այն, թե որ երկիրն է դիրքավորվել վաղվա խաղաղության դիվիդենդի համար, եթե, իհարկե, իրոք խաղաղություն լինի:Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի Tweet Դիտում՝ 1865