HIF Yerevan ֆորում. Հայաստանի զբոսաշրջության «ծառի» ծաղկմանը նպաստող սիներգիան

18.06.2025 | 16:46 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Զբոսաշրջության եւ հյուրընկալության քարտեզի վրա Հայաստանը որպես մրցունակ ուղղություն դիրքավորելու համար արդեն երկրորդ տարին Stone Development ընկերությունը անցկացնում է HIF Yerevan-ն միջազգային ներդրումային ֆորումը: 

2025 թվականի հունիսի 18-ին անցկացված HIF Yerevan 2025-ը շեշտադրում է հյուրանոցային նոր նախագծերի իրականացումը, ռազմավարական ներդրումների ներգրավումը եւ կայուն զարգացման չափանիշների ինտեգրումը: 


«Մենք կենտրոնացած ենք Հայաստանում շուկայի ձևավորման, ներդրումների ներգրավման և բարձրակարգ նախագծերի իրականացման վրա։ Նպատակ ունենք միավորել ոլորտի շահառուներին՝ խորհրդատուներից մինչև խոշոր շինարարական ընկերություններ, միջազգային օպերատորներ։ Մենք հավատում ենք, որ այս համագործակցությունը կստեղծի ուժեղ սիներգիա՝ նպաստելով երկրի ենթակառուցվածքների և զբոսաշրջության զարգացմանը»,- նշել է Stone Development ընկերության գործադիր տնօրեն, HIF Yerevan 2025 ներդրումային ֆորումի հիմնադիր Ակիմ Պողոսյանը:  

Banks.am-ը ներկայացնում է հատվածներ HIF Yerevan 2025-ին հնչած ելույթներից:

Հայաստանի զբոսաշրջությունը նոր «ծաղկող ծառ»

Գեւորգ Պապոյան, ՀՀ Էկոնոմիկայի նախարար

Հայաստանի հյուրընկալության եւ զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարների համար HIF Yerevan եզակի եւ ճիշտ ժամանակի առաջարկվող հարթակ է: Այն հնարավորություն է տալիս ամուր կամուրջներ կառուցել Հայաստանի եւ միջազգային գործընկերների միջեւ: 

Գեւորգ Պապոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հայաստանի ներդրումային միջավայրն ուղղորդվում է տնտեսության դիվերսիֆիկացիայի եւ ներդրողների իրավունքների պաշտպանության սկզբունքներով: Այս առումով կառավարությունն ակտիվորեն իրականացնում է բարեփոխումներ, որոնք ուղղված են բարձրացնել երկրում ներդրումների գրավչությունը ե՛ւ տեղական, ե՛ւ միջազգային ներդրողների համար: 

Այսօր Հայաստանը որդեգրել է հստակ ուղի՝ դառնալու նորարարությամբ առաջնորդվող, բարձր արժեք ստեղծող եւ համաշխարհային տնտեսությանը ակտիվորեն ինտեգրվող երկիր։ Այս ռազմավարական ընթացքի համատեքստում զբոսաշրջության զարգացումը եւ ոլորտում ներդրումների խթանումը առանցքային դեր ունեն մեր տնտեսության վերափոխման գործում։ 


Այս ուղղությամբ կառավարության հետեւողական քաղաքականության մասին են վկայում ոլորտում իրականացված եւ մեկնարկող ծրագրերը, մասնավորապես՝ բարեհաջող ավարտված «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» (LEIDP) ծրագիրը եւ նոր նախաձեռնվող «Հայաստանի զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների զարգացման» (TRIP) ծրագիրը, որն իրականացվելու է յոթ կլաստերներում՝ Գորիս, Արենի, Եղեգիս, Ջերմուկ, Գյումրի, Դիլիջան եւ Դվինում

Ֆրանսուազ Ժակոբ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող

Հայաստանի զբոսաշրջությունը «ծառ» է, որը դեռ նոր պետք է ծաղկի: Դրա համար, անշուշտ, պետք են ներդրումներ, բայց նաեւ պետք են մաքուր օդ, մաքուր ջուր, բարենպաստ եւ մատչելի միջավայր, հմուտ աշխատողներ: Այդ «ծառի ծաղկմանը» անհրաժեշտ են իր երկու եզակի ակտիվների՝ մշակության ժառանգության եւ կենսաբազմազանության պահպանումն ու բարելավումը: Հայաստանի կենսաբազմազանության միջավայրը բացառիկ է՝ համեմատած երկրի չափերի հետ: Այն նույնիսկ ավելի բազմազան է, քան շատ ավելի խոշոր երկրներում, բայց սրա մասին քչերը գիտեն: Պետք է ջանքեր գործադրել, որ այդ մասին իմանան ամբողջ աշխարհում: 

Ֆրանսուազ Ժակոբը

2026 թվականին կայանալիք COP 17 համաժողովը ֆանտաստիկ հնարավորություն է Հայաստանի մասին աշխարհին պատմելու: Սրա ենթատեքստում կառավարությունը պետք է ձեւակերպի իր ազգային կենսաբազմազանության ռազմավարությունը եւ գործողությունների ծրագիրը: Սա միայն Շրջակա միջավայրի նախարարության գործը չէ:

Խաղաղությունը՝ նախապայման

Ֆրանսուազ Ժակոբ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող

Ներդրումներ ներգրավելու, էկոտուրիզմի մոդելի զարգացման,  կենսապահպանության, զբոսաշրջության եւ հյուրընկալության ոլորտում առաջատար դառնալու համար կա մի մեծ նախապայման՝ խաղաղությունը: 


Հայաստանը երկիր է, որն իսկապես ձգտում է հասնել խաղաղության: Մենք որպես անհատներ, տնտեսական առաջնորդներ, որպես հանրություն, պետք է հոգանք, որ միշտ առաջ մղենք խաղաղությունը: Զբոսաշրջությունը կզարգանա, եթե կա կայունություն եւ խաղաղություն: 

Պարզ եւ հասկանալի խաղի կանոններ ներդրողների համար

Էդգար Զաքարյան, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հայաստանի համար զբոսաշրջությունը ռազմավարական ուղղություն է: Արդեն մշակված համապատասխան ռազմավարություն կա, որը հնարավորինս պարզ եւ հասկանալի խաղի կանոններ է ներկայացնում բոլոր ներդրողների համար:


Յուրաքանչյուր ներդրողի համար ամենակարեւոր բաղադրիչներից են զարգացած ենթակառուցվածքները: Պետությունն այս առումով փորձում է ամեն ինչ անել, կանգնում է ներդրողի կողքին, որպեսզի բարենպաստ միջավայր ապահովի: Ամեն ինչ անում ենք, որպեսզի օրենսդրական դաշտն էլ հնարավորինս պարզ լինի,  խաղի կանոնները ներդրողների համար հասկանալի լինեն: 

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 2029
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW