Հայաստանի կապիտալի շուկայի միջազգայնացման առաջին քայլը եւ նոր հնարավորությունները

30.05.2025 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Այսուհետ հայ ներդրողները կարող են պարզեցված ընթացակարգերով ներդրումներ կատարել արտասահմանյան, իսկ արտաքին ներդրողները՝ հայաստանյան արժեթղթերում: Այս հնարավորությունը տալիս է Tabadul բորսայական թվային հարթակը, որին Հայաստանի ֆոնդային բորսայի հետ միացել է նաեւ Կոնվերս Բանկը:


Մայիսի 30-31-ին Հայաստանում անցկացվեց Եվրո-Ասիական Կապիտալի Շուկաների Միության 30-րդ համաժողովը՝ ConFEAS 2025-ը, որի ընթացքում քննարկվեցին կապիտալի շուկաներում վերջին միտումները, մարտահրավերները, ոլորտի նորարարությունները, ինչպես նաեւ համագործակցության հնարավորությունները Tabadul-ի մասնակիցների համար: Համաժողովը միավորել էր մոտ 200 մասնակցի՝ 20-ից ավելի երկրի ֆոնդային բորսաներից, կենտրոնական դեպոզիտարիաներից, բանկերից եւ ներդրումային ընկերություններից:

Կոնվերս Բանկը ConFEAS 2025-ի Ոսկե հովանավորն է:

Tabadul-ին միանալը՝ ռազմավարական որոշում

Գրիգորի Զաքարյան, Կոնվերս բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն

Այսօր տեղի ունեցավ այն, ինչի վրա աշխատում էինք երկար ամիսներ, Հայաստանի ֆոնդային բորսան միացավ Tabadul հարթակին, նրանց հետ միասին հարթակին միացավ նաեւ Կոնվերս բանկը: Մեր բանկը Հայաստանում առաջին ֆինանսական կառույցն է, որն անդամակցեց այս հարթակին՝ ընդլայնելով երկկողմ միջազգային ներդրումների հնարավորությունները, այդ թվում՝ Մերձավոր արեւելյան երկրների հետ:

Գրիգորի Զաքարյանը

Tabadul-ին միանալը մեր բանկի համար ռազմավարական որոշում էր: Այս պահին ցանկացած հայաստանյան ներդրող կարող է դիմել մեզ eu հասանելիություն ստանալ հարթակի ակտիվներին, իրականացնել գործարքներ, ներդրումներ կատարել արտասահմանյան ակտիվներում: Մյուս կողմից, արտաքին ներդնողները հարթակի միջոցով կարող են ներդրումներ կատարելով հայաստանյան արժեթղթերում՝ նպաստելով երկրի տնտեսության զարգացմանը ու դիվերսիֆիկացնելով իրենց ներդրումային պորտֆելները:

Այսօր մենք նաեւ գրանցեցինք առաջին գործարքը Աբու Դաբիի ֆոնդային բորսայում: Հուսանք, որ այսպիսի գործարքները շարունակական կլինեն, քանի որ սա շատ լավ հնարավորություն է հայկական շուկան բացելու նաեւ արտաքին ներդրողների համար:

Հայաստանի կապիտալի շուկայի միջազգայնացման առաջին քայլը

Հայկ Եգանյան, Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) գլխավոր տնօրեն

Այսօր պատմական օր է Հայաստանի կապիտալի շուկայի համար, քանի որ առաջին անգամ պատմության մեջ Հայաստանի ֆոնդային բորսայում արտասահմանյան բրոկերը ուղիղ գործարք կատարեց եւ այդ գործարքի վերջնահաշվարկը՝ փողերի շարժը, կապահովի Աբու Դաբիի ֆոնդային բորսան:

Հայկ Եգանյանը

Այն իրականացվեց Tabadul բորսայական թվային հարթակի շնորհիվ: Այն միացնում է ընդհանուր բորսաները եւ հնարավորություն է ստեղծում արտասահմանյան ներդրողի համար առանց փող տեղաշարժելու դեպի այլ երկիր, առանց բյուրոկրատական գործընթացներով անցնելու՝ ուղիղ հասանելիություն ունենալ Հայաստանի ֆոնդային բորսային:

Անի Մակարյան, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն

Այսօր Հայաստանի կապիտալի շուկայի միջազգայնացման ուղղությամբ առաջին մեծ քայլն արվեց: Հետագա քայլերի համար պատասխանատու ենք բոլորս:

Անի Մակարյանը

Պետք է մեր մաքսիմալ ներուժը դնենք, որպեսզի մեր կապիտալի շուկայով հետաքրքրվեն եւ այն գրավիչ լինի օտարերկրյա հեղինակավոր ներդրողների, բանկերի եւ ընկերությունների համար: Բոլորս այսուհետ պետք է աշխատենք այդ ուղղությամբ:

Հայաստանի կապիտալի շուկայի հեռանկարները

Հայկ Եգանյան, Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) գլխավոր տնօրեն

Մենք կոտրեցինք այն կարծրատիպերը, երբ մարդիկ ասում էին՝ դժվար է 3 մլն-անոց երկրում կապիտալի շուկա զարգացնել, քանի որ ներդրողների քանակը սահմանափակ է: Պարտադիր չէ, որ ներդրողները լինեն միայն քո երկրից: Ամեն ինչ պետք է անել, ջանքեր ներդնել՝ ներդրողների բազան ընդլայնելու համար: Հիմա, Օմանի, Բահրեյնի, Աբու Դաբիի, Ղազախստանի ֆոնդային բորսաների հաճախորդների համար հասանելի է մեր ֆոնդային բորսան եւ դրանում շրջանառվող բոլոր արժեթղթերը:

Հայկ Եգանյանը

Հետաքրքրվածությունը շատ բարձր է, քանի որ մեր պետական պարտատոմսերն, առնվազն, շատ բարձր եկամտաբերություն են ապահովում, կայուն են: Սակայն մենք չպետք է սրանով բավարարվենք, պետք է անընդհատ զբաղվել սրա առաջխաղացմամբ, պետք է ներդրողներին մշտապես ներկայացնենք Հայաստանում առկա ներդրումների հնարավորությունները:

Գրիգորի Զաքարյան, Կոնվերս բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն

Հայաստանի կապիտալի շուկայի հեռանկարները շատ լավն են, պարզապես պետք են մարդիկ, պետք են շուկայի մասնակիցներ, որոնք էնտուզիաստ կլինեն եւ այդ հնարավորությունները կօգտագործեն Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման համար:

Գրիգորի Զաքարյանը

Tabadul-ին անդամակցելով՝ մենք ստանում ենք հասանելիություն 1 տրիլիոն դոլարից ավելի կապիտալիզացիայի մակարդակ ունեցող եւ արագ աճող հարթակի: Կոնվերս Բանկը կարող է եւ պատրաստ է դառնալ յուրաքանչյուր ներդրողի ուղեկից այս հարցում:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Դիտում՝ 4989
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW