Ներկայացնում ենք Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի եւ ԱԶԲ տրանսպորտի սեկտորի տնօրեն Չեն Չենի հոդվածը՝ գրված հատուկ Banks.am-ի համար:Չեն Չեն եւ Դոն Լամբերտ Ավելանում է կլիմայական վտանգավոր երեւույթներին դիմակայելու եւ առեւտրային կարեւոր երթուղիները պահպանելու նպատակով իր ենթակառուցվածքները հարմարեցնելու անհրաժեշտությունը Հայաստանի համար։ Ճարտարագիտական ժամանակակից պրակտիկաների միջոցով դիմակայունության բարելավումը եւ ռազմավարական ներդրումները հույժ կարեւոր են երկրի տնտեսական կայունության եւ աճի համար։ Վերջերս Հայաստանի հյուսիսում՝ Լոռու եւ Տավուշի մարզերում, անձրեւամրրիկ է տեղի ունեցել։ 48 ժամից կարճ ժամանակում ազդակիր տարածքներում տեղացել է անձրեւի տեսքով տարեկան միջին տեղումների կեսը: Գետերի հեղեղումը հասավ այնպիսի մակարդակի, ինչպիսին չէր գրանցվել վերջին 65 տարվա ընթացքում։ Ցավոք, չորս մարդ մահացավ, հարյուրավոր մարդիկ ստիպված էին տարհանվել։Մարդկանց եւ բիզնեսի վրա ազդեցությունից բացի, հեղեղման արդյունքում վնասվեցին կարեւոր ենթակառուցվածքներ: Հեղեղվեցին էլեկտրակայաններ, վնասվեցին հեռահաղորդակցության աշտարակներ՝ առաջացնելով ծառայության խաթարումներ։ Գետերում ջրի մակարդակի բարձրացման արդյունքում քանդվեցին կամ վնասվեցին ավելի քան 20 կամուրջներ՝ որոշ գյուղական համայնքներ թողնելով աշխարհից կտրված:Ամենանշանակալի վնասներից մեկը երկաթուղային գծերի վնասումն էր։ Որոշ վայրերում ջուրն ուղղակիորեն երկաթուղային գծերը խաղալիքների նման գցում էր։Անգամ Մ6 մայրուղին, որը նախագծվել եւ կառուցվել է կլիմային դիմակայության բարձր ստանդարտների համաձայն, վնասվել է 200մ երկարությամբ ճանապարհահատվածում։ Այս վնասված ենթակառուցվածքի վերանորոգումը ոչ միայն ֆիսկալ եւ վարչական բեռ է առաջացնում, այլեւ խաթարում է աշխարհի հետ Հայաստանի համակցվածությունը։ Հայաստանը ստիպված էր ժամանակավորապես փակել սահմանը եւ երկաթուղային անցումը Բագրատաշենում։Սահմանային անցակետերի կորուստը կարեւոր է բոլոր երկրների համար, սակայն հատկապես Հայաստանի համար, քանի որ վերջինս հանդիսանում է դեպի ծով ելք չունեցող երկիր, որի սահմաններից երկուսը ներկայումս փակ են։Վրաստանի սահմանը հատկապես կարեւոր է, քանի որ այնտեղով է իրականացվում Հայաստանի առեւտրի 80%-ը։ Այն ապահովում է ելք դեպի ծով եւ Ռուսաստան, որը հանդիսանում է Հայաստանի ամենամեծ առեւտրային գործընկերը, եւ թույլ է տալիս անհրաժեշտ ապրանքների տարանցում իրականացնել, այդ թվում նաեւ գյուղատնտեսական ապրանքների, վառելիքի եւ դեղագործական ապրանքների համար։Որպեսզի այս հասանելիությունն անխաթար լինի, մասնավորապես, ջերմաստիճանի բարձրացման, տեղումերի բնույթի փոփոխման եւ աշխարհաքաղաքական անորոշությունների համատեքստում, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը 4 քայլեր նախաձեռնի։ ԱԶԲ տրանսպորտի սեկտորի տնօրեն Չեն Չենը Լուսանկարը՝ ԱԶԲ Առաջին, կլիմայի փոփոխության էության ընկալումը Հայաստանին կօգնի առաջատար դիրք պահպանել տրանսպորտային համակցվածության տարափոխիկ լանդշաֆտում, որն անմիջականորեն կապված է առեւտրի մրցունակության եւ տնտեսական առավելությունների հետ։Քանի որ Հայաստանը եւ այլ ազգերը պայքարում են կլիմայական աղետների հետեւանքների դեմ, ակնհայտ է, որ վերջերս տեղի ունեցած հեղեղումների նման իրադարձությունները միակը չեն լինի։ Կառավարությունները եւ համայնքները պետք է պատրաստվեն ավելի հաճախակի եւ ավելի վտանգավոր երեւույթներին։ Պրոակտիվ մոտեցումը հույժ կարեւոր է։ Կլիմայական հավանական սցենարների, տնտեսության եւ բնակչության վրա դրանց պոտենցիալ ազդեցության ուսումնասիրությունը եւ ընկալումը, ինչպես նաեւ տրանսպորտային միջանցքների խոցելի հատվածների բացահայտումը լավագույն մեկնարկային կետն է։ Երկրորդ, վերջերս տեղի ունեցած հեղեղումը հստակ հիշեցում է ենթակառուցվածքների դիմակայության բարձրացման եւ կլիմային հարմարվողականության համակողմանի ռազմավարության խիստ անհրաժեշտության մասին։ Եղանակային վատ պայմաններին դիմակայող տրանսպորտային միջանցքն ավելի գրավիչ կլինի, քան նվազ դիմակայունություն ունեցող այլընտրանքները։ Տարանցիկ առեւտուրն ավելացնելու համար Հայաստանը պետք է առաջարկի ավելի լավ զարգացած տրանսպորտային միջանցք, քան ունեցել է նախկինում, եւ մի միջանցք, որը շրջանցում է մյուս հասանելի երթուղիները։Սա պահանջում է ժամանակակից ճարտարագիտական պրակտիկաների ակտիվ ներդրում, ինչպիսիք են դիմակայուն ճանապարհային կառուցվածքները եւ նյութերը, բարելավված դրենաժային համակարգերը եւ լանջերի եւ գետափերի պաշտպանության միջոցառումների կատարելագործումը՝ կլիմայական աղետների վնասը կանխելու կամ նվազագույնի հասցնելու համար: Բացի այդ, եղանակային պայմանները եւ տրանսպորտային ենթակառուցվածքի վիճակը վերահսկելու իրական ժամանակում կամ իրական ժամանակին մոտ մշտադիտարկման համակարգերի ներդրումը կարող է նպաստել առաջացող խնդիրներին արագ արձագանքելուն՝ միաժամանակ օպտիմալացնելով պահպանման եւ հիմնանորոգման ժամանակացույցերը:Երրորդ, տրանսպորտային ցանցի մակարդակում բազմակի տարբերակների ներառումը կարեւոր է՝ կլիմայական կամ այլ հանգամանքներով պայմանավորված աղետների մեծ մասին ներառական ձեւով արձագանքելու համար։ Բազմակի տարբերակները կլիմայական խոցելի հատվածներում ապահովում են, որպեսզի բազմաթիվ այլընտրանքներ հասանելի լինեն, եթե առաջնային երթուղիները խաթարվեն հեղեղումների, սողանքների, փոթորիկների եւ այլ աղետալի իրադարձությունների դեպքում։ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը Լուսանկարը՝ ԱԶԲ Այս մոտեցումը նվազեցնում է ամբողջական մեկուսացման ռիսկը եւ պահպանում է արտակարգ իրավիճակում ծառայությունների, մատակարարման շղթաների եւ ամենօրյա երթեւեկի համար հույժ կարեւոր համակցվածությունը։ Պահուստային երթուղիներ եւ փոխադրման այլընտրանքային եղանակներ ձեւավորելով՝ համայնքները կարող են ավելի լավ դիմակայել եւ ավելի արագ վերականգնվել խաթարումներից՝ ապահովելով ֆունկցիոնալությունը եւ դիմակայությունը։Չորրորդ, շուկաներին հասանելիությունը կարելի է էապես բարելավել խաղաղության համաձայնագրի կնքումով, որը կարող է նպաստել Հայաստանի երկու փակ սահմանների բացմանը։ ԱԶԲ-ի 2021թ-ի վերլուծության շրջանակներում գնահատվեց, որ սովետական շրջանում գոյություն ունեցող երկաթուղային միջանցքները վերաբացելու դեպքում տարեկան 5 մլն տոննա առեւտուր կիրականացվի դրանց միջոցով։ Առեւտրի այս վերականգնումը կարող է տեղի ունենալ հարաբերականորեն համեստ ներդրումներ կատարելով ֆիզիկական ենթակառուցվածքում եւ գրեթե անմիջական օգուտ բերել ՀՀ տնտեսության համար։Երկարաժամկետ հեռանկարում «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ոչ միայն ավելի մեծ ներուժ է ապահովում Հայաստանի եւ իր հարեւան երկրների տնտեսական ինտեգրման եւ համագործակցության համար, այլ նաեւ Հայաստանին ինտեգրում է անդրազգային ծրագրերին, ինչպիսին է «Միջին միջանցքը», որն Ասիան կապում է Եվրոպային։Որքան ավելի բաց են Հայաստանի սահմանները եւ ավելի բազմազան են վերջինիս տարածաշրջանային տրանսպորտային կապերը, այնքան փոքր է կլիմայի փոփոխության հետեւանքով հեղեղումներով կամ այլ խախտումներով պայմանավորված ցանկացած ճանապարհի կամ այլ ենթակառուցվածքի փակման ռիսկը տնտեսության համար։ Հայաստանում ռեսուրսների մրցակցային պահանջարկը մեծ է։ Այնուամենայնիվ, ինչպես ցույց տվեց 2024թ-ի մայիսի հեղեղումը, կլիմայի փոփոխության եւ ենթակառուցվածքների վրա վերջինիս ազդեցության հաշվի առնելը, ինչպես նաեւ ֆիզիկական եւ քաղաքական ներդրումների միջոցով Հայաստանի տրանսպորտային ցանցերի դիմակայության ապահովումը պետք է առաջնահերթություն մնան շարունակական աճն ապահովելու նպատակով։ Tweet Դիտում՝ 7124