Լիզինգը, որպես ֆինանսական գործիք, վերջին տարիներին լայն կիրառություն է ստացել Հայաստանի ֆինանսական կառույցներում: Այն շատերի համար հիմնական միջոցների ձեռքբերման ճկուն եւ հարմար տարբերակ է դարձել:Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիայի (DICA) Ֆինանսավարկային վարչության պետ Արթուր Ղալեչյանը Banks.am-ի հետ զրույցում պատմել է Հայաստանում լիզինգի շուկայի ձեւավորման ընթացքում DICA-ի դերակատարության եւ ընկերության կողմից իրականացվող ծրագրերի մասին, ինչպես նաեւ առանձնացրել է լիզինգի առավելություններն ու կարեւորել լիզինգային ծառայությունների մատուցումը մարզերում:Լիզինգի զարգացող շուկան ու ադապտացումը բիզնեսի պահանջներինՀայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիան (DICA) լիզինգային ծառայություններ է մատուցում է 11 տարի եւ կանգնած է եղել Հայաստանում լիզինգի շուկայի ձեւավորման ակունքներում: Դեռեւս 2013 թվականին գյուղատնտեսության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացրած հետազոտությունը ցույց տվեց, որ կիրառվում է խորհրդային տարիներից մնացած տեխնիկայի հնացած պարկ, եւ առկա է այն թարմացնելու խիստ անհրաժեշտություն: Որոշում կայացվեց ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով ներմուծել եւ ինքնարժեքով վաճառել արդիական գյուղատնտեսական տեխնիկա: Այդ փուլում DICA-ի կողմից մշակվեց լիզինգի առաջին ծրագիրը, որի հիման վրա հետագայում մշակվեց պետական աջակցությամբ սուբսիդավորվող գյուղտեխնիկայի լիզինգի ծրագիրը, այն հաստատվեց ՀՀ կառավարության կողմից եւ մինչ օրս գործում է: Հենց այդ ծրագրի հիմքի վրա էլ հետագայում մշակվեցին Ագրոպարենային սարքավորումների լիզինգի պետական աջակցության ծրագիրը եւ Արտադրողականության խթանման նպատակային ծրագիրը:Այսպիսով, DICA-ն առաջիններից էր, որը տրամադրում էր գյուղտեխնիկայի լիզինգ՝ ուղիղ աշխատելով ՓՄՁ ԶԱԿ-ի հետ: Առայսօր լիզինգի շուկայում գործունեություն իրականացնող այլ ֆինանսական կառույցների նկատմամբ ունենք առավելություն, որ լիզինգ ենք տրամադրում ոչ միայն բիզնեսին եւ գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձանց, այլ նաեւ ուղիղ համայնքներին՝ նաեւ այդ կերպ նպաստելով մարզերի զարգացմանը: Ոլորտների տեսանկյունից, ավանդաբար, լիզինգի պորտֆելում ամենամեծ տեսակարար կշիռը բաժին էր ընկնում գյուղատնտեսությանը, սակայն ՀՀ կառավարության կողմից տնտեսական քաղաքականության գերակայություններով, ագրոպարենային սարքավորումների լիզինգի պետական աջակցության ծրագրի եւ արտադրողականության խթանման նպատակային ծրագրի մշակմամբ, ինչպես նաեւ լիզինգին վերաբերող օրենսդրության փոփոխությամբ պայմանավորված՝ գործնականում կտրուկ աճել է լիզինգի նկատմամբ պահանջարկը նաեւ վերամշակող արդյունաբերության եւ շինարարության ոլորտներում: Պետք է նշեմ, սակայն, որ լիզինգի շուկան անընդհատ զարգանում է եւ հարմարվում է բիզնեսի պահանջներին: Այսօր մենք տեսնում ենք տեխնոլոգիական սարքավորումների լիզինգի, «կանաչ» լիզինգի պահանջարկի աճ: Դրան զուգահեռ դիվերսիֆիկացվում են նաեւ բիզնեսին առաջարկվող մեր պրոդուկտները: Արթուր Ղալեչյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Լիզինգի նկատմամբ աճող հետաքրքրությամբ էլ պայմանավորված, լիզինգի ոլորտի օրենսդրական կարգավորումները շարունակաբար կատարելագործելու, լիզինգային գործիքները զարգացնելու, դրանց մասին իրազեկվածությունը բարձրացնելու եւ հասանելիությունը մեծացնելու նպատակով 2021 թվականին ստեղծվեց մեզ՝ լիզինգատուներիս միավորող կառույց՝ Հայաստանի լիզինգատուների ասոցիացիան, որի հիմնադիր անդամներից է Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիան:Գործընկերների ցանկն ընդլայնելու պատրաստակամությունըՏարիների ընթացքում մենք ձեւավորել ենք վաճառող (մատակարար) ընկերությունների վստահելի ցանկ, որոնք առաջարկում են արդիական մեքենասարքավորումներ գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության եւ շինարարության ոլորտներում: Սակայն այստեղ կարեւոր է նշել, որ լիզինգից օգտվելիս հենց հաճախորդն է ընտրում վաճառող (մատակարար) ընկերությունը, ուստի ընտրության նրա հնարավորությունները բավականին լայն են եւ չեն սահմանափակվում միայն տեղական վաճառողներով: Կցանկանայի ընդգծել նաեւ, որ մատակարար - ֆինանսական կառույց - լիզինգառու փոխգործակցության մոդելն առաջարկում է ճկուն եւ շահավետ լուծումներ նաեւ վաճառող (մատակարար) կազմակերպությունների համար՝ գնորդների ներգրավման եւ վաճառքի ծավալների մեծացման տեսանկյունից: Ուստի Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիան բաց է համագործակցության համար եւ մշտապես պատրաստակամ է ընդլայնել գործընկերների իր ցանկը:Լիզինգային ծառայություններ՝ ուղղված մարզերի համաչափ զարգացմանըՀայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիան լիզինգ է տրամադրում տնտեսության գերակա ոլորտներում գործող բոլոր կազմակերպություններին, գյուղատնտեսության մեջ ներգրավված ֆիզանձանց եւ համայնքներին (ՏԻՄ-ին): Մեր հաճախորդները հաջողությամբ աշխատում են արդյունաբերության, գյուղատնտեսության, սննդի եւ խմիչքների արտադրության, շինարարության, տեքստիլի, առողջապահության ոլորտներում՝ հանրապետության բոլոր մարզերում: Արթուր Ղալեչյանը եւ Արփի Ջիլավյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Հավատարիմ մնալով մարզերի համաչափ զարգացմանն ուղղված մեր նպատակին՝ մենք ընդլայնում ենք մարզերում մեր ներկայացվածության աշխարհագրությունը եւ ներկայումս Գեղարքունիքում, Լոռիում, Շիրակում եւ Սյունիքում գործող մեր ներկայացուցչություններից բացի՝ շուտով կունենանք եւս երեք մարզային ներկայացուցչություններ, ինչը կհեշտացնի մեր պրոդուկտների հասանելիությունը մարզերում գործող DICA-ի ապագա գործընկերների համար, քանի որ մեր կողմից տրամադրված լիզինգի պորտֆելի շուրջ 80 տոկոսը բաժին է ընկնում հենց մարզերում իրականացվող գործունեությանը:Պետության կողմից սուբսիդավորվող լիզինգային ծրագրերըDICA-ի կողմից իրականացվող սուբսիդավորվող լիզինգային ծրագրերին անդրադառնալով՝ շեշտեմ, որ մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք բազմաթիվ պրոդուկտներ, որոնք կարող են բավարարել տնտեսության գերակա ոլորտներում լիզինգի նկատմամբ եղած պահանջարկը: Լիզինգային պրոդուկտները ներառում են ինչպես DICA-ի ընդհանուր պայմաններով առաջարկվող լիզինգը, այնպես էլ պետության կողմից սուբսիդավորվող լիզինգային ծրագրերը: Այսպես, Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի եւ Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում լիզինգի տոկոսադրույքը կազմում է 0-4%, իսկ Գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում՝ 0-2%:Բացի այդ, DICA-ի համար միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության շրջանակում հասանելի են մատչելի ռեսուրսներ, որոնք հնարավորություն են տալիս արտադրության, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում իրականացվող ծրագրերի համար ՀՀ դրամի դեպքում վերոնշյալ 4%-ը նվազեցնել ընդհուպ մինչեւ 1%, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում՝ մինչեւ 0%: DICA-ի թիմն իր պոտենցիալ գործընկերներին կօգնի կողմնորոշվել լիզինգային ծրագրերի այս բազմազանության մեջ: Լիզի՞նգ թե վարկԼիզինգի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն ներդաշնակորեն մեկտեղում է երկարաժամկետ վարձակալության եւ վարկի հատկանիշները: Լիզինգի առավելություններից է այն, որ լիզինգի բոլոր վճարումները վճարելուց հետո լիզինգով ձեռք բերված սարքավորումը դառնում է լիզինգառուի սեփականությունը: Ընդ որում, սարքավորման վաճառողին (մատակարարին) ընտրում է լիզինգառուն, բայց սարքավորման մատակարարման ընթացքի հետ առնչվող ողջ վարչարարությունն իր վրա է վերցնում ֆինանսական կազմակերպությունը՝ մենք: Այսինքն՝ լիզինգը թույլ է տալիս բիզնեսին կենտրոնանալ առանցքային բիզնես գործընթացների վրա, ոչ թե ռեսուրսների մի մասն ուղղել սարքավորումների գնման եւ մատակարարման գործընթացի կազմակերպման համար: Արթուր Ղալեչյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ի տարբերություն վարկի՝ լիզինգի դեպքում, որպես կանոն, միանգամից պահանջվում է կանխավճար 20 տոկոսի չափով: Մյուս կողմից՝ վարկի համեմատությամբ լիզինգը ենթադրում է ապահովման ավելի մեղմ պայմաններ (օրինակ՝ չի պահանջվում գրավ): Լիզինգի պայմանագրի մասնակիցների իրավունքները եւ պարտավորություններըՉխորանալով բարդ իրավաբանական տերմինաբանության մեջ՝ նշեմ մի քանի առանցքային իրավունք եւ պարտականություն լիզինգատու ֆինանսական կազմակերպության եւ լիզինգառուի համար: Այսպես՝ լիզինգատուն (այսինքն՝ DICA-ը) պարտավոր է լիզինգառուի համար ձեռք բերել եւ լիզինգով հանձնել վերջինիս կողմից նախապես ընտրված գույքը, իսկ լիզինգը վճարելուց հետո այդ գույքն արդեն սեփականության իրավունքով փոխանցել լիզինգառուին: Լիզինգառուն, իր հերթին, պարտավոր է կատարել պայմանագրով սահմանված վճարումները: Ողջ ընթացքում լիզինգառուն իրավունք ունի օգտագործել գույքը եւ քաղել օգուտներ դրա օգտագործումից, սակայն պարտավոր է դա անել պայմանագրով որոշված նպատակներին համաձայն, իսկ լիզինգատուն իրավունք ունի ցանկացած պահի ստուգել այդ գույքի օգտագործման նպատակայնությունը:Հավանական ռիսկերի կառավարումըԻնչպես լիզինգառուն, այնպես էլ լիզինգատուն լիզինգի տարբեր փուլերում ստիպված են կառավարել թե ֆինանսական, թե գույքային ռիսկեր: Օրինակ, ինչպես արդեն նշել էինք, լիզինգառուի համար գույքի ձեռքբերման հետ կապված բոլոր ընթացակարգերի իրականացումը ֆինանսական կառույցի պատասխանատվությունն է, իր հերթին, լիզինգառուն կրում է լիզինգի տրամադրման ողջ ընթացքում հանձնված գույքի սպասարկման ու պահպանման հետ կապված պատասխանատվությունն ու ռիսկերը: Մյուս կողմից, վարկի համեմատությամբ լիզինգը քիչ ռիսկային է՝ ֆինանսավորումը ոչ նպատակային օգտագործելու տեսանկյունից: Բացի այդ, լիզինգի առարկան դրա օգտագործման հենց առաջին օրվանից տնտեսական օգուտ ստեղծելու հնարավորություն է տալիս:Ընդհանուր առմամբ՝ լիզինգի ընթացքում հավանական ռիսկերը մեղմելու համար կիրառվում են տարբեր գործիքներ, օրինակ՝ երաշխավորների, գույքի ապահովագրման ինստիտուտը եւ այլն: Իրավապայմանագրային դաշտը եւս սահմանում է մի շարք արդյունավետ մոտեցումներ սեփականության իրավունքը պաշտպանելու համար:Ֆիզիկական անձանց՝ լիզինգառուների շարքերը ներգրավելու հեռանկարըԵս կառաջարկեի հարցին անդրադառնալ երկու տեսանկյունից:Թեեւ DICA-ը ներկայում չի իրականացնում սպառողական վարկավորում եւ տրամադրում է լիզինգ հիմնականում կորպորատիվ հաճախորդներին եւ գյուղատնտեսության ոլորտում զբաղված ֆիզիկական անձանց, կարծում եմ, որ այդ ոլորտում կան ազատ խորշեր (նիշաներ), որոնց համար հնարավոր է ստեղծել հետաքրքիր պրոդուկտներ:Մյուս կողմից, շատ եմ կարեւորում իրազեկման խնդիրը, քանի որ հաճախ եմ հանդիպում կարծրատիպի, թե լիզինգը միայն խոշոր բիզնեսի համար է: Ես կօգտագործեմ առիթը հիշեցնելու ապրիլին կայանալիք խոշոր միջոցառման՝ LEASING EXPO 2024-ի մասին, որն իր հարկի տակ կհամախմբի թե ֆինանսական կազմակերպություններին, թե գյուղատնտեսական սարքավորումներ, շինտեխնիկա, տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ էլեկտրամոբիլներ, արեւային պանելներ վաճառող (մատակարարող) կազմակերպություններին: Սա լավ առիթ է ծանոթանալ ոլորտին, այդ թվում՝ Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիայի կողմից առաջարկվող պրոդուկտներին:Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Հոդվածը պատրաստվել է ՀՀ Լիզինգատուների ասոցիացիայի հետ համագործակցությամբ Tweet Դիտում՝ 4175