"Ազգ", 11 դեկտեմբերի Վերջերս Moody's Investors Service միջազգային ռեյտինգային գործակալությունը բարձրացրեց ռուսաստանյան «Յունիաստրում բանկի»՝ «Յունիբանկի» ռազմավարական գործընկերոջ երկարաժամկետ վարկային ռեյտինգը: Թե որքանով դա կանդրադառնա «Յունիբանկի» գործունեության վրա եւ ինչպիսին կլինեն բանկի զարգացման միտումները 2009-ին, պատմում է «Յունիբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Վարդան Աթայանը: «Յունիաստրում բանկը» իրոք «Յունիբանկի» հիմնական գործընկերն է. ինչպես հայտնի է, «Յունիաստրում բանկի» նախագահ եւ բաժնետեր Գագիկ Զաքարյանը «Յունիբանկի» համասեփականատերն է եւ խորհրդի նախագահը: Այս տարվա նոյեմբերի վերջին Moody՛s Investors Service գործակալությունը բարձրացրեց «Յունիաստրում բանկի» երկարաժամկետ վարկային ռեյտինգը 3 կետով, հասցնելով Ba2 մակարդակի: Moody՛s Interfax Rating Agency գործակալության ազգային սանդղակով բանկի երկարաժամկետ վարկային ռեյտինգը Baa1-ից բարձրացվեց Aa2 մակարդակի: Կարող եմ հավաստիացնել, որ ներկա պայմաններում, երբ երկրի, տվյալ դեպքում Ռուսաստանի վարկանիշը նվազում է, առանձին վերցրած բանկի ռեյտինգի բարձրացումը իրոք խիստ հազվադեպ երեւույթ է, եւ դա վկայում է «Յունիաստրում բանկի» ներկայիս կայուն զարգացման բարձր մակարդակի մասին: Բանկի վարկանիշի բարձրացմանը նպաստել է այս տարվա հոկտեմբերին Կիպրոսի բանկի կողմից «Յունիաստրում բանկի» բաժնետոմսերի 80 տոկոսի ձեռքբերման գործարքի հաջող ավարտը: Դրանով իսկ «Յունիաստրում բանկը» Կիպրոսի բանկի փորձով, տեխնոլոգիաներով ու կապիտալով համալրվելու եւ տարածաշրջանային ազդեցիկ բանկային կառույց դառնալու հնարավորություն ստացավ: Անկասկած, այդ գործարքի եւ ամբողջությամբ վերցրած «Յունիաստրում բանկի» առավելությունները կփոխանցվեն նաեւ «Յունիբանկին»: Կարծում եմ, արդեն եկող տարի մեր բանկի հաճախորդները կզգան սպասարկման ավելի բարձր որակը: Ինչ վերաբերում է նոր տարում բանկի զարգացման հիմնական միտումներին, առաջին հերթին հարկ է նշել կապիտալի նախատեսվող ավելացումը: «Յունիբանկի» բաժնետերերը արդեն իսկ որոշում են կայացրել 3 մլրդ դրամով ավելացնելու բանկի կանոնադրական կապիտալը: Բանկին կտրամադրվի նաեւ ստորադաս պարտավորություն 6 մլրդ դրամի չափով: Կարծում եմ, կապիտալի ավելացման գործընթացը մենք կավարտենք եկող տարվա սկզբներին: Իսկ այսօրվա դրությամբ «Յունիբանկը» վստահորեն տեղ է զբաղեցնում ՀՀ առաջատար բանկերի հնգյակում: Մեր ընդհանուր կապիտալը կազմում է մոտ 9,5 մլրդ դրամ, բանկի ակտիվները 69 մլրդ դրամ: «Յունիբանկ»-ի շահույթը հասել է 3,2 մլրդ դրամի: Եկող տարի կընդլայնենք մեր ներկայության աշխարհագրությունը եւ կբարձրացնենք մասնաճյուղերում սպասարկման արդյունավետությունը: Ներկայումս «Յունիբանկը» ունի 30 մասնաճյուղ, Մոսկվայում բավականին հաջող գործում է բանկի ներկայացուցչությունը: Գալիք տարի բանկի գլխամասային գրասենյակը կտեղափոխվի Չարենցի փողոցում գտնվող նոր սեփական շենք: Մենք արդեն վերանայել ենք մեր գործիքների տեսականին եւ առաջին հերթին բարձրացրել ենք ավանդների տոկոսադրույքները: Արդյունքներն ակնհայտ են. «Յունիբանկն» արդեն երկրորդ տարին անընդմեջ առաջատար է ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով: Դեկտեմբերին բանկը հայտարարեց համալրվող-հետկանչվող «Յունի չեմպիոն» նոր ավանդի ընդունման մասին, որի տարեկան տոկոսադրույքը կազմում է 11,5 տոկոս: Ցանկության դեպքում ավանդատուներին ավանդի ձեւակերպման պահին հնարավորություն է տրվում ստանալու տարեկան տոկոսագումարը, ինչպես նաեւ փոխելու ավանդի արժույթը` առանց ավանդային պայմանագրի խզման: Տրամադրվում է նաեւ օվերդրաֆտ` հայտի ներկայացման օրը: Բավականին հաջող գործում է նաեւ «Յունիստրիմ» համակարգը, որը ԱՊՀ-ում առավել ճանաչելի բրենդներից մեկն է: Գործունեության 7 տարիների ընթացքում «Յունիստրիմը» դարձել է Հայաստանի առավել պահանջված բանկային ծառայություններից մեկը, ծածկելով այդ շուկայի ավելի քան 50 տոկոսը: 2009-ին «Յունիստրիմը» մտադիր է զարգացնել գործունեության նաեւ այլ ուղղություններ, շեշտը դնելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման վրա: Մեկնարկին են սպասում նաեւ մի քանի խոշոր ակցիաներ վարկավորման, այդ թվում` փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ոլորտում, ինչը բանկի աշխատանքի առաջնային ուղղություններից մեկն է: Այդ ակցիաների վերաբերյալ բնակչությանն առավել հանգամանորեն կպատմենք հունվարին: - Դուք ի՞նչ խորհուրդ կտաք մեր քաղաքացիներին, որտե՞ղ է առավել ապահով գումարը ներդնելու համար եւ, ինչը պակաս կարեւոր չէ, փողն ի՞նչ արժույթով պետք է պահել: - Վերջերս մեր հաճախորդները ամենից հաճախ են տալիս այդ հարցը: Առաջին հերթին ես մեր հաճախորդներին խորհուրդ եմ տալիս եւ նույնիսկ պնդում եմ, որ նրանք չշտապեն հանել գումարները բանկային հաշիվներից եւ կանխիկ դրամով պահեն ներքնակի տակ: Ներկա իրավիճակում անձամբ ես կնախընտրեմ բանկային ավանդները՝ թեկուզ այն պատճառով, որ դրանք երաշխավորված են պետության կողմից, ուստի առավել ապահով են: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքը ուժի մեջ է մտել 2004թ.-ին, իսկ 2005-ին Հայաստանում ստեղծվեց Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ: Ինչ վերաբերում է խնայողությունների արժույթին, ապա այստեղ միանշանակ պատասխան չկա. շատ դժվար է կանխատեսել արժույթների փոխարժեքները: Ես կարող եմ առաջարկել փոխզիջումային տարբերակ. խնայողությունների մեծ մասը պահել դրամով, իսկ մնացածը՝ արտարժույթով: Կամ էլ կարելի է ընտրել ամենաընդունված տարբերակներից մեկը՝ գումարը պահել այն արժույթով, որով նախատեսվում են ծախսերը: Կուզենայի ավելացնել, որ այս տեսակետից եւս բանկային ավանդներն առավել մոբիլ են: Օրինակ` «Յունիբանկը» բոլոր ավանդների վրա հաստատել է բազմարժութային ռեժիմ, որը ավանդատուին թույլ է տալիս ցանկության դեպքում փոփոխել ավանդի արժույթը՝ առանց ավանդային պայմանագրի խզման: Իսկ ներքնակի եւ բանկային ավանդի միջեւ ընտրության դեպքում վերջինիս օգտին վկայում է բավականին բարձր տոկոսադրույքը` «Յունիբանկում» կազմում է 11,5 տոկոս տարեկան, եթե ավանդը ներդրվում է ՀՀ դրամով: Արտարժութային ավանդների վրա սահմանվող տոկոսադրույքները, որպես կանոն, մեկ-երկու տոկոսային կետով ցածր են դրամային ավանդների տոկոսադրույքներից: Tweet Դիտում՝ 6899