Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գլխավոր տնտեսագետ Իվայլո Իզվորսկու հոդվածը՝ տրամադրված ՀԲ երեւանյան գրասենյակի կողմից: Հոդվածը հրապարակվում է Banks.am կայքում բացառիկ իրավունքով:Ավելի լավ կրթությունն ու նորարարության ավելի ուժեղ ձգտումը վճռորոշ են ցանկացած երկրում տնտեսական աճի ավելի բարձր տեմպի եւ բարգավաճման հասնելու համար։ Նախադպրոցականից մինչեւ բարձրագույն կրթության բարելավումները եւ նորարարությունն առաջնահերթ համարող երկրները տնտեսական փոփոխությանն ավելի լավ հարմարվելու եւ իրենց ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանն օգնելու հարցում առավելություն ունեն։ Կրթությունն անհատներին զինում է՝ նպաստելու տնտեսությանն անհրաժեշտ գիտելիքներով եւ հմտություններով, շարունակաբար սովորելու եւ սովորածը չմոռանալու ունակությամբ։ Նորարարությունը ենթադրում է նոր արդյունքների, գործընթացների եւ ծառայությունների ստեղծում, որոնք ընդլայնում են ձեռնարկությունների եւ տնտեսությունների կարողությունները։ Իրականում ամենանորարար երկրները, որպես կանոն, տնտեսապես առավել հաջողվածն են։ Դիտարկենք Էստոնիայի օրինակը։ 1993 թվականին Էստոնիայի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշը կազմում էր մոտ $6480։ Համեմատության համար նշենք, որ Ճապոնիայի ցուցանիշը $24 000 էր։ Երեսուն տարի անց Էստոնիայի ՀՆԱ-ն 2022 թվականին հավասարվեց Ճապոնիայի ցուցանիշին՝ գրեթե $43 000։ Էստոնիան այժմ հավակնում է Եվրոպայում PISA (Աշակերտների միջազգային գնահատում) մաթեմատիկայի, բնագիտության եւ ընթերցանության ստուգատեսից ամենաբարձր միավորներին։ Նմանատիպ «հրաշք» տեղի ունեցավ Կորեայում՝ երկիր, որի կարգավիճակը սոսկ մեկ սերնդի ընթացքում զարգացող երկրից առաջադեմ տնտեսության փոխվեց։ Ինչպե՞ս երկրները կարող են կրկնօրինակել էստոնիայի կամ Կորեայի հաջողությունը եւ հասնել ավելի արագ տնտեսական աճի ու բարձր եկամտով երկրների նման կենսամակարդակի։Կրթության եւ նորարարության միջոցովԱյստեղ՝ Հայաստանում, 1991թ․ երկրի անկախացումից ի վեր կրթությունն առաջնահերթություն է եղել։ Կառավարությունը դպրոցների թվի ավելացմանը, տարրական եւ միջնակարգ դպրոցներում անվճար կրթության ապահովմանը եւ ԲՏՃՄ (բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն եւ մաթեմատիկա) կրթության խթանմանն ուղղված ջանքեր է գործադրել։ Արդյունքն այն է, որ Հայաստանն ունի գրագիտության բարձր՝ 99%-ից ավելի մակարդակ, իսկ չափահաս անձանց 60%-ից ավելին առնվազն միջնակարգ կրթություն է ստացել։ Բայցեւայնպես, կրթական համակարգն անհրաժեշտ վերջնարդյունքը չի տալիս։ Հայաստանում այսօր ծնված երեխաներն իրենց կյանքի ընթացքում կունենան որակյալ առողջապահական եւ կրթական ծառայություններ ստանալուն համապատասխանող արտադրողականության սոսկ 58%-ը։ Ակնկալվում է, որ Հայաստանում երեխաները 11,3 տարվա ուսում կստանան։ Այս ցուցանիշը նվազում է մինչեւ 8 տարի, երբ կրթության որակը դիտարկվում է որպես գործոն։ Նախադպրոցական եւ միջնակարգ դպրոցներում ընդգրկվածությունը Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) համադրելի երկրների համեմատ ցածր է։ Առավել հրատապը կրթության որակի խնդիրն է։ Հայաստանի TIMSS (Մաթեմատիկայի և բնագիտության միջազգային միտումների ուսումնասիրություն) մաթեմատիկայի ստուգատեսի միավորը՝ 4-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված ստանդարտացված թեստը, տարածաշրջանում ամենացածրերից է։ Բարձրագույն կրթության որակը ԵԿԱ միջին ցուցանիշից ցածր է՝ այն գրեթե 30%-ով զիջում է Վրաստանին եւ կիսով չափ՝ ԵՄ նոր անդամ պետություններին։ Այս վերջնարդյունքները զարմանալի չեն՝ հաշվի առնելով, որ Հայաստանում կրթությանն ուղղվող պետական ծախսերը ՀՆԱ-ի 2,7%-ից փոքր-ինչ պակաս են, ինչը ԵՄ-ի նույն ցուցանիշի կեսն է։Համաշխարհային բանկն օգնում է Հայաստանին իր կրթական համակարգի բարելավման հարցում, այդ թվում՝ «Կրթության բարելավման» ծրագրի միջոցով: Այն կատարելագործում է ուսման պայմանները կրթության տարբեր օղակներում՝ ընդլայնելով նախադպրոցական ծածկույթը, տրամադրելով լաբորատոր սարքավորումներ, տեղեկություններ ապահովելով ուսումնական ծրագրի վերանայումների համար եւ բարձրացնելով բուհերի համապատասխանությունն ու որակը։ Ծրագրի բազմաթիվ վերջնարդյունքների թվում են գյուղական համայնքներում նոր նախադպրոցական հաստատությունները, նախադպրոցական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստումը, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի միջոցով բուհերին դրամաշնորհների տրամադրումը։ «ԵՄ-ն հանուն նորարարության» հավատարմագրային միջոցների շրջանակում Համաշխարհային բանկն օգնում է նաեւ ԲՏՃՄ կրթության որակի բարձրացմանը։ Մինչ ընթացիկ տարվա սեպտեմբերը Հայաստանում կատարելագործված կլինեն միջին եւ ավագ (5-12-րդ դասարաններ) դպրոցների ԲՏՃՄ ուսումնական ծրագիրն ամբողջությամբ վերանայված, ուսումնական նյութերը բարելավված, դպրոցների հենքի վրա ԲՏՃՄ լաբորատորիաները ստեղծված, ինչպես նաեւ աշակերտակենտրոն դասավանդման մեթոդաբանությունները/ուսուցման մեթոդները։Կրթությունն անհրաժեշտ է, բայց բավարար չէ տնտեսական աճի շարժիչը լինելու համար։ Չափազանց կարեւոր է, թե ինչպես են ընկերությունները, հետազոտողները եւ աշխատողները կիրառում գիտելիքը նորարարության միջոցով։ Հայաստանում կրթության ու հետազոտությունների եւ ձեռներեցների ու շուկաների միջեւ կապի խզում կա։ Օրինակ՝ Հայաստանում ակադեմիական հետազոտություններում գերիշխում է Գիտությունների ազգային ակադեմիան, որը բաղկացած է 30-ից ավելի առանձին հետազոտական ինստիտուտից։ Դրանցից ոչ մեկը պաշտոնապես ինտեգրված չէ երկրում ուսումնական որեւէ համալսարանի հետ։ Հայաստանում նկատվում է նաեւ համալսարանների թվի ավելացում, ընդ որում 26 պետական եւ 33 մասնավոր համալսարան կա․ վերջիններից շատերը միայն անվամբ են համալսարան։ Դանիայում՝ երկիր, որը գրեթե կրկնապատիկ բնակչություն ունի, պետության կողմից ճանաչված եւ ֆինանսավորված ութ համալսարան կա միայն, որոնք առաջարկում են հետազոտությունների վրա հիմնված կրթություն։ Հայաստանում համալսարանների համախմբումը, հետազոտական ինստիտուտների հետ դրանց միավորումը եւ հավատարմագրման վրա կառավարության ուշադրության կենտրոնացումը կարող են օգնել այս մարտահրավերներից որոշներին դիմագրավելու հարցում։ Անհրաժեշտ է նաեւ բարեփոխել բուհերի ընդունելության գործընթացը՝ խրախուսելով տաղանդավոր ավագ դպրոցականներին, որպեսզի դիմեն։ Կառավարությունը կարող է օժանդակել նաեւ հետազոտական արդյունքների առեւտրայնացմանը։ Առաջադեմ շատ տնտեսություններում գիտելիքի եւ հիմնական հետազոտական թողարկման բացառիկ արտադրողները համալսարաններն են, իսկ մասնավոր հատվածը՝ այդ հետազոտությունների սպառողը, շատ կենսունակ է։ Առանց գործնական կիրառության՝ հետազոտությունը կարող է փոքր ազդեցություն ունենալ երկրի աճի ներուժի վրա։Համաշխարհային բանկի ծավալուն աշխատանքը ցույց է տալիս, որ նորարարության եւ տեխնոլոգիաների ուժեղացման հիմքում մարդկային կապիտալն է։ Հայաստանում, ինչպես բազմաթիվ այլ երկրներում, մարդկային կապիտալի հետ կապված խնդիրներն աճը սահմանափակող հիմնական գործոններից մեկն է։ Թեեւ կառավարությունը նշանակալի քայլեր է կատարել եւ նախաձեռնել է թե՛ կրթությունը, թե՛ նորարարությունը խթանելու կարեւոր բարեփոխումներ, դրանց ներուժն իրացնելու համար ավելին է անհրաժեշտ։ Կրթության եւ նորարարության մեջ ավելի մեծ ներդրում կատարելով՝ Հայաստանը կարող է կառուցել գիտելիքահենք տնտեսություն, որը կարող է երկրին օգնել զարգացման հրաշք գործելու եւ կենսամակարդակը բարձր եկամտով երկրների մակարդակին հասցնելու հարցում։ Tweet Դիտում՝ 34094