UNLIKE՝ անհատականություն պարգեւող եւ տրամադրություն ստեղծող բրենդը

10.09.2021 | 17:59 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#UNLIKE #Հերմինե Ստեփանյան #Գայանե Սողոմոնյան

Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձնելու, մեր երկրի գողտրիկ եւ թաքնված տեսարժան վայրերը յուրովի ներկայացնելու մոտեցմամբ հայտնի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, բլոգեր Հերմինե Ստեփանյանին շատերն առանձնացնում են նաեւ իր տարբերվող, վառ եւ հետաքրքիր կերպարների շնորհիվ: Նա հաճախ է կարեւոր միջոցառումներին, երեկույթներին ու փառատոններին ներկայանում հայ դիզայներների հեղինակած զգեստներով, խոսում հայկական նորաձեւության մասին:

Տարիներ շարունակ դերասանուհին համագործակցում է տարբեր հայ դիզայներների, հատկապես, դիզայներ Գայանե Սողոմոնյանի հետ՝ իր հեղինակային նախագծերի եւ հեռուստահաղորդումների ընթացքում կրելով նրա հեղինակած զգեստները: Իսկ այսօր արդեն Հերմինե Ստեփանյանն ու Գայանե Սողոմոնյանը միավորել են իրենց ջանքերը՝ ստեղծելով հայկական արտադրության հագուստի նոր բրենդ` UNLIKE Fashion Outbreak-ը: Իրենց համագործակցության, հայկական արտադրության հեռանկարների, բրենդն աշխարհին ճանաչելի դարձնելու մասին զրուցել ենք UNLIKE Fashion Outbreak-ի հիմնադիրներ Հերմինե Ստեփանյանի եւ Գայանե Սողոմոնյանի հետ:

Մեր նպատակն է ստեղծել ու ներկայացնել հարմարավետ, հասանելի դիզայներական հագուստ Հայաստանում եւ Հայաստանից դուրս:

Հերմինե Ստեփանյան

Հանրային կյանքով ապրելն ու ակտիվ գործունեություն ծավալելն ինձ համար, իհարկե, հաճելի զբաղվածություն է, սակայն ես ստանձնել եմ՝ մեր հայրենիքն այլ դիտանկյունից ցույց տալու եւ աշխարհին Հայաստանի հրաշալիքներով զարմացնելու, մեր տաղանդավոր հայրենակիցների մասին պատմելու մեծ պատասխանատվություն: Ունենալով տարբեր հարթակներից խոսելու եւ մերը՝ հայկականը, ներկայացնելու հնարավորություն, պարտավոր եմ, այո՛, կրել եւ աշխարհին պատմել նաեւ հայկական նորաձեւության մասին: Էական չէ, թե որ հայ դիզայների հագուստն է, կարեւորը՝ այն հայկական է: Սիրով շարունակում եմ աշխատել տարբեր հայ դիզայներների հետ, իսկ Գայանե Սողոմոնյանի հետ մեր համագործակցությունն ինչ-որ կետից ինքնաբերաբար վերածվեց գործընկերության, եւ դա ամենեւին պատահական չէր:

Soghomonyan Fashion-ի հետ այլ կոնցեպտով աշխատելու մեծ ցանկություն ինձ մոտ առաջացավ «Life is beautiful with Hermine Stepanyan» նախագծի համար ստեղծված կապսուլային հավաքածուից հետո: 2020 թվականի համավարակն ու մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններն ինձ ավելի ու ավելի պարտավորեցրին, հանգեցրին այն մտքին, որ պետք է ոգեշնչման նոր աղբյուր գտնել, վերականգնվել ու սեփական հողում կրկին արարել: Զանգեցի Գայանեին ու ասացի, որ հասունացել է միասին ստեղծագործելու պահը: Երկար քննարկումների արդյունքում հասկացանք, որ պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ հայկական նորաձեւության, արտադրության զարգացման ու կայացման գործում:



Բնականաբար, մտավախություններ կային. ինձ համար անծանոթ եւ նոր ոլորտ էի մուտք գործում: Չվարանեցի: Մեր ողջ թիմը ոգեւորված էր այս գաղափարով: Ոլորտի բազմաթիվ խնդիրներին ծանոթ Գայանեն, դերձակներն ու այլ մասնագետները, որոնց մեծ դժվարությամբ գտանք, մեր մյուս երկու գործընկերները, ովքեր եւս պատերազմից հետո Հայաստանում նոր գործ հիմնելու մեծ ցանկություն ունեին, հավատացին մեր գաղափարներին, վստահեցին ինձ ու Գայանեին: Արդյունքում նրանք մեր ֆեյշն ստարտափի առաջին ներդրողները դարձան՝ աջակցելով մեզ UNLIKE-ի ստեղծման առաջին իսկ փուլում: Այդպես, բարձրորակ կտորներից կարված, համաշխարհային միտումներին հետեւող, հարմարավետը, հետաքրքիր դիզայնն ու միաժամանակ հասանելին գնահատողների համար ստեղծվեց նոր հայկական բրենդ՝ մեր UNLIKE-ը:

Գայանե Սողոմոնյան

Նորաձեւության ոլորտում իմ գործունեությունը սկսել եմ 1995 թվականից, չնայած դպրոցական տարիքում էլ ինքս ինձ համար զգեստներ էի կարում` փորձելով առանձնանալ ու եզակի զգալ: Ինձ ոգեւորում էր այն միտքը, որ իմ հագուստը նման չէ ընկերներիս հագուստին: Այդ եզակիությունն ընդգծելու սկզբունքը պահպանեցի նաեւ հետագա գործունեության մեջ եւ դա փորձում եմ արտահայտել իմ ցանկացած հավաքածուում: Կարեւորում եմ այն, որ մարդիկ իմ ստեղծած հագուստով կարողանում են իրենց հարմարավետ եւ, միեւնույն ժամանակ, ոճային զգալ:

Գայանե Սողոմոնյանը

Հերմինեն այն մարդկանցից է, ով ամենապարզ հագուստը կարողանում է ճիշտ զարդերով, սանրվածքով եւ ամենակարեւորը՝ ճիշտ տրամադրությամբ համադրել ու գրագետ մատուցել՝ ընդգծելով իր անհատականությունը: Նրա հետ տարիների համագործակցության փորձ ունեմ, սակայն անբացատրելի է այն էնտուզիազմը, որով նա առաջարկում էր միասին հիմնել հայկական արտադրության հագուստի բրենդը, մարդկանց հնարավորություն տալ՝ ստեղծելու իրենց էությանն ու տրամադրությանը համահունչ, յուրահատուկ կերպար, ընդգծելու իրենց  անհատականությունը եւ մեր հագուստի միջոցով պատմելու իրենց առանձնահատուկ լինելու մասին։ Ոգեւորության ալիքն ինձ էլ պարուրեց ու Հերմինեի եւ մեր մյուս գործընկերների հետ սկսեցինք մեր UNLIKE-ի ստեղծման առաջին քայլերը: Ակտիվ ստեղծագործական փուլ էր բոլորիս մոտ. որոշում էինք բրենդի տարբերանշանը, հավաքածուների գույները, գործվածքը…այդպես իմ էսքիզները վերածվեցին հագուստի եւ միայն այդ ժամանակ հասկացա, որ մեր UNLIKE-ն այլեւս իրականություն է:

UNLIKE-ը բոլորի համար է. UNLIKE-ով դու կառանձնանաս, կլինես յուրահատուկ ու անկրկնելի:

Հերմինե Ստեփանյան

Շատ հաճախ կարելի է նկատել, որ մարդիկ ձգտում են հայտնի ու թանկարժեք դիզայներական տներից հագուստ ձեռք բերել: Երբեմն, նրանք վատնում են իրենց վերջին գումարը կամ կասկածելի առցանց խանութներից գնում կեղծ բրենդային հագուստ: Արդյո՞ք դա է կարեւոր, եւ դա է ոճը, կարծում եմ՝ ոչ:  Մենք հենց այդ նպատակն ենք հետապնդում՝ ասելու մարդկանց, որ ճաշակը, ոճը եւ առանձնահատկությունն ամենեւին թանկարժեք բրենդներից եւ դիզայներական տներից գնված հագուստ կրելը չէ, այլ՝ որակով, հարմարավետ հագուստի գրագետ մատուցումը:

Մենք սոցիալական ցանցերի մեր պաշտոնական էջերում առաջարկում ենք UNLIKE-ի հավաքածուներում առկա հագուստները միմյանց հետ համադրելու տարբեր եղանակներ։ Գայանեն եւ մեր մյուս մասնագետները սիրով տրամադրում են խորհրդատվություն նաեւ մեր սրահում: Մեր ցանկությունն է՝ յուրաքանչյուրին ասել, որ ինքն է յուրահատուկ ու անկրկնելի, իսկ UNLIKE-ն այդ անկրկնելի անհատականության նոր երանգն է՝ իր բազմազան ու ոճային լուծումներով:

Գայանե Սողոմոնյան

Ես ստեղծագործում եմ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր տարվա եւ եղանակի ակտուալ գույները, գործվածքներն ու նորաձեւ լուծումները: Ինձ համար ոգեշնչման աղբյուր են ճանապարհորդությունների ընթացքում իմ ստացած տպավորություններն ու տրամադրությունները: Իհարկե, բրենդը դեռ նոր է շուկայում, սակայն արդեն շատերն են անհամբեր սպասում նոր հավաքածուների: Մենք մտադիր ենք գեղեցկացնել մեր հաճախորդների առօրյան եւ բացի սեզոնային օվերսայզ հարմարավետ հագուստից, UNLIKE-ը համալրել երեկոյան զգեստներով: Դե իսկ աշուն-ձմեռ հավաքածուն չի ուշանա։



Գիտեք, UNLIKE-ի հավաքածուները ստեղծելիս, ես միշտ ժպտում եմ, որովհետեւ մեր բրենդը տրամադրության մասին է՝ վառ գույներով: Մեր հագուստը հասանելի է, հարմարավետ, չեմ վախենա ասել՝ գրագետ, գեղեցիկ. UNLIKE-ը յուրահատուկը զգալու եւ փոխանցելու համար է:

Մեր նպատակն է ցույց տալ մարդկանց, որ պարզ զգեստով կամ տաբատով յուրաքանչյուրն էլ կարող է լինել տարբերվող, լինել unlike:

UNLIKE նշանակում է ուրիշ, տարբեր, չնմանվող եւ այլ անվանում մեր բրենդն ունենալ չէր կարող։

Հերմինե Ստեփանյան

Մեր բրենդի անվանումը պետք է լիներ ոչ կարծրատիպային, հիշվող, ինչու ոչ՝ ինտրիգային: Օգտագործել ենք unlike բառը, որը նշանակում է տարբեր: Այս անվանումն ինքնին մարտահրավեր է, այն ամբողջությամբ մեր մասին է. մեր ոգեշնչումն է, տարբերվողն ու ինքնատիպը։

Գայանե Սողոմոնյան

Անվանումների ցանկն իսկապես մեծ էր, սակայն մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում հանգեցինք այն մտքին, որ UNLIKE-ը հենց այն է, ինչն արտացոլում է մեր բրենդի փիլիսոփայությունն ու արժեքները։ Մեր հագուստով յուրաքանչյուրն արտասովոր է, բացառիկ եւ յուրահատուկ: Քանի որ մենք մերժում ենք միմյանց նմանվելու ձգտումը եւ առաջարկում լինել արտասովոր, մեր բրենդը պետք է ունենար ինքնատիպությունն ընդգծող անվանում:



Հայկական արտադրության ոճային հագուստի սիրահարներին այսուհետ հաճախ կտեսնեք Երեւանի կոլորիտային փողոցներից մեկում՝ Տպագրիչներ 4 հասցեում. հենց այստեղ է գտնվում UNLIKE Fashion Outbreak-ը: Իսկ սեպտեմբերի 15-ից UNLIKE-ի հագուստները ցուցադրված կլինեն ոչ միայն բրենդի ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերում, այլ նաեւ հայ դիզայներների կողմից ստեղծված «5 Concept» մուլտիբրենդային կոնցեպտուալ խանութ-սրահում:

Դիտում՝ 9515
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW