Տարոն Աճեմօղլուն Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է: Մեդիամաքս մեդիա-ընկերությունը ներկայացնում է Տարոն Աճեմօղլուի հոդվածը որպես Հայաստանում Project Syndicate-ի բացառիկ գործընկեր:Այս տարի ամբողջ աշխարհում այնպիսի քաղաքական գաղափարներ են օրակարգային դարձել, որ մի քանի տարի առաջ արմատական էին թվում: Օրինակ, ներկայում ԱՄՆ-ում արդիական են դարձել բարձր հարկային դրույքաչափերի եւ հարստության հարկերի ներդրումը, ինչպես նաեւ հանրային առողջապահությանը վերաբերող հարցերը: Ու եթե իշխանությունները չկարողանան սահմանել ճիշտ առաջնահերթություններ, ապա շոշափելի բարեփոխումների իրականացման հնարավորությունը կարող է բաց թողնվել, ինչն էլ կհանգեցնի էլ ավելի խոր սոցիալական եւ քաղաքական պառակտման:Աշխատատեղերն ու հարստության վերաբաշխումը Ավելին, այն բարեփոխումները, որոնք իրապես անհրաժեշտ են, արմատական ու վճռական են, սակայն ներկայում նորաձեւ չեն համարվում: Հիմնական գերակայությունը պետք է լինի բարձր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծումը: Հենց այս նպատակն է, որը պետք է սահմանի իշխանությունների մոտեցումներն ամեն ինչի նկատմամբ, այն է՝ տեխնոլոգիաներից, հարկերի կանոնակարգումից մինչեւ կրթություն եւ սոցիալական ծրագրեր: Ամբողջ պատմության ընթացքում որեւէ հայտնի մարդկային հասարակության չի հաջողվել ստեղծել համընդհանուր բարգավաճում բացառապես եկամտի վերաբաշխման միջոցով: Բարգավաճումը ստեղծվում է այնպիսի աշխատատեղերի ստեղծման շնորհիվ, որոնց համար վճարում են արժանապատիվ աշխատավարձ: Հենց լավ աշխատատեղերը, այլ ոչ թե հարստության վերաբաշխումն է, որ մարդկանց տալիս է կյանքի նպատակ եւ իմաստ:Այդպիսի աշխատատեղ ստեղծելու համար տեխնոլոգիական նորարարությունը պետք է նպաստի աշխատակիցների պահանջարկի աճին: Լավ աշխատատեղերը չեն առաջանում ազատ շուկաների միջոցով: Ընդհակառակը, նրանք պահանջում են ոչ միայն աշխատուժի շուկայում այնպիսի ինստիտուտների ստեղծում, որոնք կպաշտպանեն աշխատողներին եւ կբարձրացնեն նրանց դերը, այլեւ լավ վարձատրվող կրթական համակարգեր եւ սոցիալական պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ: Հենց այդպիսի ինստիտուցիոնալ ճարտարապետությունն էր, որ Միացյալ Նահանգների եւ այլ զարգացած երկրների համար Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շուրջ 40 տարի ապահովում էր հզոր եւ ընդգրկուն տնտեսական աճ:Երեք հիմնասյուներ Այդ ժամանակ աշխատուժի պահանջարկի հզոր աճը հիմնված էր երեք սյուների վրա: Նախ՝ բիզնեսը ներդնում էր տեխնոլոգիաներն այնպես, որ արդյունքում առաջանում էր աշխատուժի արտադրողականության աճ, ինչն էլ իր հերթին նպաստում էր աշխատավարձի եւ աշխատողների պահանջարկի աճին: Միեւնույն ժամանակ, պետությունը զգալի աջակցություն էր ցուցաբերում՝ ֆինանսավորելով կրթությունը եւ գիտական հետազոտությունները, եւ (որոշ դեպքերում) հանդես էր գալիս որպես բարձր տեխնոլոգիական սարքավորումների հիմնական գնորդ: Ներկայիս աշխարհի բնույթը ձեւավորող տեխնոլոգիաների մեծ մասն ի հայտ է եկել նորարարությունների շնորհիվ, որոնք այն ժամանակ ֆինանսավորվել են պետության կողմից:Երկրորդ, հետպատերազմական շրջանում կառավարությունը ձեւավորեց հատուկ բիզնես մթնոլորտ՝ նվազագույն աշխատավարձ, աշխատավայրում անվտանգության կանոններ եւ աշխատանքի ու ապրանքների շուկայում այլ կարգավորող միջոցներ: Նման միջոցառումները հաճախ դիտարկվում են որպես զբաղվածության անկման հիմնական պատճառ: Այնուամենայնիվ, իրականում նրանք կարող են ստեղծել բարենպաստ մթնոլորտ, որը նպաստում է տնտեսական աճին: Այսպիսով, աշխատուժի նվազագույն շեմի առաջանալը մղում է ընկերություններին ռացիոնալացնելու եւ թարմացնելու արտադրական գործընթացները, ինչն էլ իր հերթին մեծացնում է արտադրողականությունը եւ, հետեւաբար՝ նաեւ պահանջարկը: Բացի դրանից, ապրանքային շուկաներում աջակցելով մրցակցությանը՝ իշխանությունները կարող են կանխել ընկերությունների կողմից մենաշնորհային գներ սահմանելու եւ առանց լրացուցիչ աշխատողներ վարձելու անհրաժեշտության՝ նրանց կողմից բարձր եկամուտ ստանալու հնարավորությունը: Տարոն Աճեմօղլուն Երրորդ, հետպատերազմական շրջանում կառավարությունները բարձրացրին կրթության մատչելիությունը, ինչը նշանակում էր, որ ավելի շատ աշխատողներ ստանում էին մասնագիտական հմտություններ, ինչի պահանջարկը կար: Այո, ներդրումները նորարարության եւ կրթության մեջ պահանջում էին հարկային եկամուտների բարձրացում: Այնուամենայնիվ, տնտեսական աճի ֆոնին հարկային դրույքաչափերի չափավոր բարձրացումը բավարար էր՝ փակելու առկա տարբերությունը: Հետպատերազմական շրջանում նմանատիպ ինստիտուցիոնալ ճարտարապետություն ձեւավորվել է արդյունաբերական աշխարհի շատ երկրներում: Օրինակ, Սկանդինավիայում համընդհանուր բարգավաճման հասնելը հնարավոր դարձավ ոչ թե եկամտի վերաբաշխման, այլ հանրային քաղաքականության եւ հավաքական բանակցությունների միջոցով, ինչը նպաստում էր բարձր աշխատավարձով աշխատատեղեր ստեղծելու միջավայրի առաջացմանը: Այս ամենը չի նշանակում, որ 1950-ականներն ու 1960-ականները կատարյալ էին: Միացյալ Նահանգներում դեռեւս պահպանվում էր աֆրոամերիկացիների եւ կանանց հանդեպ լուրջ խտրականությունը, իսկ կրթության հետ կապված հնարավորությունները հավասար չէին: Այնուամենայնիվ, բազմաթիվ այլ առումներով, տնտեսական պայմանները շատ ավելի լավն էին, քան հիմա, եւ դա հատկապես վերաբերվում է բարձր աշխատավարձով աշխատատեղերի հասանելիությանը:Ընտրությունը մերն էԱՄՆ-ի մասնավոր հատվածի աշխատավարձի աճը 1947-1987 թթ. միջինում կազմում էր տարեկան մոտ 2,5%, սակայն 1987-ից հետո այդ աճը կտրուկ դանդաղեց, իսկ 2000-ից հետո՝ այսինքն Մեծ ճգնաժամը սկսելուց շուրջ 7 տարի առաջ, այն ամբողջապես դադարեց: Այս արգելակումը համընկավ թույլ արտադրողականության աճի ժամանակաշրջանի, ինչպես նաեւ ավտոմատացման ուղղությամբ ներդրումների վերաուղղորդման եւ ոչ թե մարդկանց համար նոր բարձրորակ առաջադրանքներ ստեղծելու հետ: Արդյունքում, բարձր աշխատավարձով աշխատատեղերի թիվը սկսեց նվազել, աշխատավարձների բարձրացումը դադարեց եւ մեծահասակների աճող թիվը՝ որպես աշխատուժ, սկսեց նվազել:Եթե ավելի լայն իմաստով խոսենք, ապա ինստիտուցիոնալ ճարտարապետությունը, ինչը նախկինում աջակցում էր աշխատատեղերի ստեղծման գործընթացին, այդ ժամանակահատվածում փլուզվեց: Աշխատողների պաշտպանությունը աստիճանաբար թուլացավ, բազմաթիվ ոլորտներում շուկայական համակենտրոնացման աստիճանը մեծացավ, իսկ կառավարությունը հրաժարվեց նորարարական աջակցության նախկին քաղաքականությունից: 2015-ին գիտական հետազոտությունների դաշնային ֆինանսավորումը նվազեց մինչեւ ՀՆԱ-ի 0,7%-ը՝ 1960-ականների ՀՆԱ-ի 1,9%-ի համեմատ: Տարոն Աճեմօղլուն Լուսանկարը՝ Becker Friedman Institute Շատերը բարձր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծման անկումը համարում են արհեստական բանականության եւ ռոբոտիզացիայի ոլորտում տեխնոլոգիական առաջընթացի անխուսափելի հետեւանք: Դա այդպես չէ: Տեխնոլոգիաները կարելի է օգտագործել կա՛մ աշխատանքի փոխարինման, կա՛մ էլ աշխատողների արդյունավետության բարձրացման համար: Ընտրությունը մերն է: Այնուամենայնիվ, այն կառավարությունները, որոնք ցանկանում են, որ այս լուծումը շահեկան լինի աշխատողների համար, պետք է մասնավոր հատվածին զգուշորեն մղեն՝ հրաժարվելու ավտոմատացմանը հակված լինելու մտքից:Հասարակությունը, որը հիմնված է համընդհանուր բարգավաճման գաղափարի վրա, անհասանելի ինչ-որ նպատակ չէ: Սակայն դրան հասնելու համար անհրաժեշտ է ձեռնարկել հրատապ միջոցառումներ: Անհրաժեշտ է տեխնոլոգիաները համապատասխանեցնել աշխատողների կարիքներին, կանխել մենաշնորհը եւ հարկային օրենսդրությունը կարգավորել այնպես, որպեսզի կարողանանք ֆինանսավորել մեզ անհրաժեշտ ներդրումները: Հետպատերազմական ինստիտուցիոնալ ճարտարապետության վերականգնումն այն աշխատանքն է, որը միայն մարդիկ կարող են անել:Copyright: Project Syndicate, 2019թ. Tweet Դիտում՝ 36857