Մայիսի 11-ին՝ ժամը 18։00-ից, փակ էր Սարյան փողոցը, սակայն այս անգամ պատճառը ոչ թե քաղաքացիական խաղաղ անհնազանդությունն էր, այլ «Երեւանի գինու օրեր» փառատոնի մեկնարկը։ Banks.am-ի թղթակիցը շրջել է Սարյան փողոցով եւ փորձել պարզել միջոցառմանը մասնակից զբոսաշրջիկների վերաբերմունքը հայկական հեղափոխության եւ գինու նկատմամբ։Ֆրանսիացի լրագրողները Հայաստան էին եկել վերջին իրադարձությունները լուսաբանելու համար։ Նրանք շատ ուրախ են գործընթացների նման զարգացմամբ եւ այսօր կարող են վայելել հայկական գինին։ «Այստեղ ենք որպես լրագրողներ, բայց հույս ունենք նաեւ մի օր որպես զբոսաշրջիկ այցելել։ Հայկական խոհանոցը շատ համեղ է, գինին եւս, իսկ մարդիկ ուղղակի հրաշալի են։ Թերեւս միակ խնդիրն այն է, որ ես ռուսերեն եւ հայերեն չեմ խոսում, իսկ անգլերեն իմացողների թիվն այնքան էլ մեծ չէ»,- ասում է ֆրանսուհի լրագրողը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Իտալուհի ուսանող Թերեզան Հայաստանում է Erasmus+ փոխանակման ծրագրով եւ հետեւել է հեղափոխության ամբողջ ընթացքին։ «Ես այստեղ առաջին անգամ տեսա իրապես խաղաղ հեղափոխություն։ Ինձ նաեւ զարմացրեց այն, որ մարդիկ իրոք լսում էին շարժման առաջնորդներին, հետեւում հրահանգներին»,- նշում է Թերեզան՝ հավելելով, որ հայկական գինիներից շատ է հավանում «Կարասը»։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Ռուսաստանի Կորոլյով քաղաքից ժամանած զբոսաշրջիկը գինի խմելու նման հնարավորությունը հրաշալի է համարում.«Երրորդ օրն է, ինչ այստեղ եմ, եւ արդեն հասցրել եմ փորձել հայկական գինին։ Ինձ համար դժվար է մտնել խանութ եւ ընտրել, որովհետեւ հայկական գինիներին ծանոթ չեմ, իսկ ահա այստեղ կարելի է մոտենալ եւ փորձել միանգամից այսքան շատ տեսակներ, հասկանալ՝ որն է քեզ դուր գալիս»։Ռուս զբոսաշրջիկը նաեւ նշում է, որ մինչեւ Երեւան գալն ուշադիր հետեւել է հայկական հեղափոխությանը։ Կարդացել է, որ փողոցներ են փակվում, նաեւ օդանավակայան տանող ճանապարհն է փակ եղել.«Իհարկե հաճելի չէր լինի, եթե թռիչքից հոգնած չկարողանայի հասնել հյուրանոցի իմ համար։ Եկանք այստեղ՝ արդեն իմանալով, որ ամեն ինչ բարեհաջող հանգուցալուծվել է, եւ շատ ուրախ ենք ձեզ համար»։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Կանադացի զբոսաշրջիկին իտալական գինի էին առաջարկել, բայց նա հրաժարվել էր, քանի որ Սարյան փողոցում էր՝ միայն հայկական գինի խմելու համար։ Նա մեզ հետ կիսվում է մտահոգությամբ, որ եթե իր ընկերներին խորհուրդ տա հայկական գինի փորձել, նրանք ոչ մի կերպ չեն կարողանա Կանադայում գտնել այն։Ֆիլիպինցի զբոսաշրջիկները տոմսերը ձեռք էին բերել նախքան Թավշյա հեղափոխության սկիզբը, սակայն դա նրանց բացարձակապես չի անհանգստացրել։ 2 օր է՝ Հայաստանում են եւ հասցրել են այցելել Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդի վանական համալիր եւ Խոր Վիրապի վանք։ Մեզ հետ զրույցում թվարկված հուշարձանները բնորոշում են որպես վայրեր, որոնց նմանը նախկինում երբեք չեն տեսել։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Ավստրալիայից ժամանած զբոսաշրջիկները եւս մեկ օր են ավելացրել իրենց արձակուրդին՝ հատուկ «Երեւանի գինու օրերին» մասնակցելու համար։«Մենք գինու սիրահար ենք եւ չէինք կարող բաց թողնել նման հնարավորությունը։ Նախընտրում ենք կարմիր չոր գինի։ Հասցրել ենք փորձել հայկական մի շարք գինիներ։ Որոշներն իսկապես շատ լավն են»,- նշում է նրանցից մեկը՝ հավելելով, որ կարդացել են հեղափոխության «թավշյա» լինելու մասին եւ արձակուրդն առանց վարանելու պլանավորել Հայաստանում։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Գիտեինք, որ այստեղ հեղափոխություն է, սակայն դա Հայաստան գալու մեր որոշումը չփոխեց։ Ոչ մի հիասթափություն չունեցանք, շատ հյուրասեր ազգ եք։ Մայիսի 8-ին էլ Հանրապետության հրապարակում էինք եւ տեսանք՝ ինչպես են մարդիկ տոնում հաղթանակը»,- պատմում է Ռուսաստանի Կրասնոդար քաղաքից ժամանած զբոսաշրջիկը։ Նա նաեւ նշում է, որ շատ է հավանել թե՛ հայկական շամպայնը, թե՛ գինին։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Երեւանի գինու օրեր» ամենամյա միջոցառումը կշարունակվի նաեւ մայիսի 12-ին՝ ժամը 18։00-23։00-ը։Գայանե Ենոքյան Tweet Դիտում՝ 16001