Դիզելային վառելիք՝ անվադողերից. եթե մոտ մեկ տարի առաջ անվադողերի վերամշակումից նավթամթերք ստանալու միտքը զուտ հավակնոտ գաղափար կարող էր թվալ, ապա այսօր արդեն «ԱՄ-Էսկա» ընկերությունը հիմնած երեք երիտասարդների ջանքերով բանեցված անվադողերը հաջողությամբ «երկրորդ կյանք» են ստանում ու նորից պիտանի դառնում այլ տեսքով: Մեկ տարվա ընթացքում մոտ 650-700 տոննա անվադող են վերամշակել եւ իրացրել մոտ 170 տոննա դիզվառելիք:Banks.am-ը եղել է 17 աշխատակից ունեցող ընկերության արտադրամասում, հետեւել անվադողերի վերամշակման ընթացքին, ծանոթացել բիզնեսի այս տեսակի դժվարություններին ու հեռանկարներին: Կուտակված անվադողերն ու աղբավայրերի խնդիրը«ԱՄ-Էսկա» ընկերությունը հիմնադրվել է 2014թ., անվադողերի վերամշակում է իրականացնում նույն տարվա հուլիսից: Ընկերության տնօրեն Վահան Ղարիբյանի խոսքով՝ անվադողերի վերամշակմամբ զբաղվելու գաղափարը ծնվել է երկար ուսումնասիրություններից հետո, երբ հասկացան, որ ամենուր բանեցված անվադողեր կան, սակայն դրանք ոչ միայն չեն սպառվում, այլեւ վտանգում են շրջակա միջավայրը:Անվադողերը հիմնականում չկազմակերպված աղբանոցներից, ավտոտեխսպասարկման կետերից եւ գործարաններից են հավաքվում: Ընկերության հիմնադիրները նկատում են, որ աղբավայրերը շատ վատ վիճակում են, վերահսկողություն եւ կառավարում չկա: Երեւանում 4 խոշոր աղբավայր կա, եւս 10-ը գրանցված են: Մոտավոր հաշվարկներով այս պահին հանքերում կա կուտակված մոտ 40 հազ. տոննա անվադող, Երեւանում օրական առնվազն 12-13 տոննա անվանդող է կուտակվում: «Անվադողն առհասարակ չի կարելի աղբավայրերում թափել, դրանք պետք է լինեն կա՛մ համապատասխան վայրում, կա՛մ հանձնվեն լիցենզավորված ընկերությանը: Այս պահին մենք միայն 4-5 տոննան ենք կարողանում հավաքել եւ մշակել»,- ասում է Վահան Ղարիբյանը: Ընկերության աշխատասենյակում մեծ քարտեզ է կախված, որի վրա նշված են բոլոր այն կետերը, որտեղից կարող են հավաքագրել անվադողեր: Երեւանում մոտ 380 կետից են հավաքագրում: Կան ընկերություններ, որոնց հետ պայմանագրեր են կնքված, սիմվոլիկ՝ 50-100 դրամ վճարի դիմաց մատակարարում են անվադողերը:ԱրտադրությունԸնկերության տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս մշակել մինչեւ 1 մ 8 սմ բարձրությամբ եւ 10 կգ քաշով անվադողեր: Վերամշակման համար ընտրված պիրոլիտիկ եղանակը հնարավորություն է տալիս տրոհել անվադողերը մի քանի բաղադրիչների՝ տեխնիկական ածխածին, գազ, մետաղալար եւ սինթետիկ նավթամթերք: 1 տոննա անվանդողի վերամշակման արդյունքում մոտ 20%-ը դիզվառելիք է ստացվում: Մեկ տոննա դիզվառելիք ստանալու համար ծախսվում է 280 հազ. դրամ: «ԱՄ-Էսկա» ընկերության համահիմնադիր, փոխտնօրեն Դավիթ Քարամյանի խոսքով՝ հեղուկ վառելիքն իր պարամետրերով շատ նման է նավթին: Արտադրությունն անցնում է մի քանի փուլով: Նախ` անվադողերն են կտրատում, ապա բեռնում մշակման: Արմեն Ղարիբյանը եւս երեք բանվորի հետ աշխատում է կտրտման պրոցեսում: Օրական մոտ 4 տոննա անվադող են կտրում: «Անվադողերը կտրում ենք, առանձնացնում, կապում եւ ուղարկում բեռնման: Նախկինում նման գործով չեմ զբաղվել, բայց շատ եմ սիրում իմ գործը: Շատ հետաքրքիր է: Ամենակարեւորը պարտաճանաչությունն է եւ արագաշարժությունը»,- ասում է արտադրամասի աշխատակիցը:Կտրատված անվադողերը բարձվում են պտտվող ռեակտորի մեջ, որը տաքացվում է բնական գազի կամ դիզելային վառելիքի այրման հաշվին: Անջատվում են նավթամթերքի գոլորշիներ, որոնք մշակումից հետո պահեստավորվում են: Վերամշակման համար անհրաժեշտ տեխնիկան ներդրվել է դրսի փորձն ուսումնասիրելով: Դավիթ Քարամյանի ներկայացմամբ՝ առաջատար տեխնոլոգիաներով պտտվող ռեակտորում անվադողերը ենթարկվում են պիրոլիզի` առանց օդի հետ փոխազդեցության, իսկ գործընթացն իրականացվում է 360-370 ջերմաստիճանի տակ: Բեռնումը փորձում են մաքսիմալ ձեւով կատարել: Բեռնման ընթացքում աշխատում է 4-5 մարդ: Հոսքագծերի արտադրողականությունը 5 տոննա է՝ անվադողերի վերամշակման պարագայում, 4 տոննա՝ օգտագործված յուղերի կամ պիրոլիտիկ հեղուկի վերամշակման դեպքում: Արտադրականպրոցեսը տեւում է 15-18 ժամ: Այս ամբողջ ընթացքին հետեւում է արտադրամասի օպերատոր Վալտեր Վարդանյանը. «Ես հետեւում եմ գազային ճնշումներին, ջերմաստիճանին, այրման համակարգին, որպեսզի խնդիրներ չառաջանան: Ես եմ հումքը ստանում, որից արդեն դիզվառելիքն է արտադրվում: Իմգործում ամենակարեւորը ճնշմանը հետեւելն է, որպեսզի վթարներ չլինեն: Այստեղ զգոնություն է հարկավոր»:Ինչ վերաբերում է շրջակա միջավայրի վրա ազդեցությանը, ապա, ըստ ընկերության ներկայացուցիչների, այն զրոյացվել է. քանի որ ելքային գազերը ֆիլտրվում են ջրով ու կերամիկայով, միայն գոլորշի է արտանետվում: «Պիրոլիզի ընթացքում գազ է առաջանում, որը հովացվում է ջրավազանում եւ առաջանում է նավթը: Դրանից հետո արդեն երկրորդ հոսքագծում արտադրվում է դիզելային վառելիքը: Մղիչների միջոցով այն տեղափոխում ենք դրսում տեղադրված 13 տոննա տարողությամբ բակի մեջ եւ պահեստավորվում»,- պատմում է Դավիթ Քարամյանը:Ընկերությունը տարբեր պարամետրերի դիզվառելիք է արտադրում, որը փորձարկում են սեփական լաբորատորիայում: Խոչընդոտներ ու հեռանկարներ2015թ. սկզբից «ԱՄ-Էսկա»-ն դադարեցրել է դիզվառելիքի արտադրությունը: Նախկինում 1 լիտրը նախատեսում էին վաճառել 410 դրամով, սակայն շուկայական վերջին զարգացումներից եւ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հետո ընկերության առաջարկած գինը չի համապատասխանում շուկային: Խոչընդոտներ կան նաեւ կապված դոլար-դրամ հարաբերակցության հետ: «Դեռ չենք հասկանում` որ ուղղությամբ կարող ենք շարժվել: Տեխնիկական ածխածինը մատակարարել ենք ռեզին արտադրող ընկերությունների, հույս ունենք, որ երկարաժամկետ պայմանագրեր կկնքենք, նաեւ Ռուսաստանի Դաշնություն արտահանելու հնարավորություն կա»,- ասում է Վահան Ղարիբյանը:Ընկերությունն այլ խնդիրներ ու մարտահրավերներ եւս ունի: Մասնավորապես, առեւտրային բանկերից արտարժույթով վերցված վարկեր ունեն, որոնց վճարումը դժվարացել է արտադրության ժամանակավոր դադարեցման պատճառով:Խնդիրների լուծման հարցում ակնկալում են պետության աջակցությունը: Ըստ Վահան Ղարիբյանի՝ եթե համապատասխան օրենք ստեղծվի, որով ընկերությունները պարտավոր լինեն անվադողերը մշակման հանձնել, իրենք կկարողանան նմանատիպ արտադրամասեր ստեղծել մարզերում եւ ընդլյանել արտադրությունը: «Պետության աջակցությունը կարող է լինել այն հարցում, որ պետական մարմիններում օգտագործվող դիզվառելիքը, օրինակ, մեզանից գնեն: Կամ դպրոցները ջեռուցելու համար օգտագործվող վառելիք կարող ենք արտադրել, որը պարամետրերով ավելի լավը կլինի եւ ավելի ցածր գներ կունենա»,- ասում է նա:«ԱՄ-Էսկա»-ի հիմնադիրները լայն հեռանկարներ են տեսնում, պարզապես այժմ սպասում են, որպեսզի շուկայում հստակություն մտնի, եւ հասկանան, թե որ ուղղությամբ է ձեռնտու շարժվելը: «Ցանկանում ենք նաեւ օգտագործված յուղերի վերամշակմամբ զբաղվել, դիմել ենք համապատասխան կառույցներին, սպասում ենք փորձաքննության պատասխանին: Արտադրության ընթացքում նաեւ գազ է առաջանում: Նպատակ ունենք ջերմոցային տնտեսություն ստեղծել, որտեղ էլ կօգտագործենք այդ գազը»,- հավելում է Վահան Ղարիբյանը:Արտադրամասը դեռ ամբողջությամբ կառուցված չէ. չեն շտապում, քանի որ ցանկանում են լավ ուսումնասիրել ու հասկանալ ապագայի ուղղությունները եւ կառուցել ընկերության պահանջներին համապատասխան գործարան:Մարի ԹարյանԼուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի Tweet Դիտում՝ 9004