ՎՏԲ Բանկի աջակցության շնորհիվ Հայաստանի բնակիչներն ունեն եզակի հնարավորություն այցելելու «Պ.Ֆոմենկոյի արվեստանոց» հայտնի մոսկովյան թատրոնի ներկայացումներին: ՎՏԲ Բանկը, որն ավանդաբար աջակցում է կարեւոր ծրագրերին մշակույթի զարգացման ոլորտում եւ հանդես է գալիս որպես մի շարք գեղարվեստական խմբերի հովանավոր, «Պ.Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի երեւանյան շրջագայությունների հովանավորն է: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է թատրոնի տնօրեն Անդրեյ Ֆոմենկոն, մայիսի 5-6-ին Երեւանում` Գ.Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոնում, կցուցադրվի թատրոնի ամենահայտնի ներկայացումներից մեկը` «Գայլեր ու գառներ»` Ա. Օստրովսկու պիեսի հիման վրա, որը ստացել է բազմաթիվ պարգեւներ ու մրցանակներ: Բացի այդ, մայիսի 8-9-ին Կ.Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կցուցադրվի «Ռուս մարդը randez-vous-ին»` Ի. Տուրգենեւի «Գարնանային ջրեր» պիեսի հիման վրա: Անդրեյ Ֆոմենկոյի խոսքերով, սա «Պ. Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի երկրորդ շրջագայությունն է: Հայաստանյան առաջին շրջագայության ընթացքում (երկու տարի առաջ) երեւանյան թատրոնների բեմերում ցուցադրվել են «Պատերազմ եւ խաղաղություն» եւ «Ընտանեկան երջանկություն» ներկայացումները: ՀՀ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը «Պ.Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնն անվանել է Ռուսաստանի լավագույն թատերական խումբը եւ վստահություն է հայտնել, որ ներկայացումները մեծ հաջողություն կվայելեն: Նա շնորհակալություն է հայտնել ՎՏԲ-Հայաստան Բանկին` նշելով, որ առանց նրա օժանդակության այդ շրջագայությունները կազմակերպելն անհնարին կլիներ: ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւն ընդգծել է, որ իր հովանավորչական գործունեության շրջանակներում ՎՏԲ Բանկը մասնակցում է տարբեր մշակութային ծրագրերի կազմակերպմանը, սակայն «Պ.Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի հյուրախաղերն առանձնակի տեղ են զբաղեցնում այդ ցանկում: «Պ. Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի շրջագայությունների շնորհիվ հայ հանդիսատեսը կարող է իր համար բացահայտել մոսկովյան թատրոնի առաջատար վարպետների աշխատանքը: Թե ես, թե մեր բանկի հաճախորդներն ու գործընկերները սպասում ենք մեր մշակութային կյանքի այդ նշանավոր իրադարձությանը»,- ասել է Յուրի Գուսեւը: Tweet Դիտում՝ 3760