ՌԴ Կենտրոնական բանկը հետ է կանչել դրամական փոխանցումների ռուսաստանյան խոշորագույն օպերատորներից մեկի` Migom վճարային համակարգի բանկային գործառնությունների իրականացման արտոնագիրը: Ինչպես հաղորդում է RBC.ru-ն, այդ որոշումը պայմանավորված է Migom-ի կողմից բանկային գործունեությունը կարգավորող դաշնային օրենքների, ինչպես նաեւ Ռուսաստանի Բանկի նորմատիվ ակտերի չկատարմամբ: «Migom-ը փաստացիորեն դադարեցրել էր իր գործունեությունը եւ չէր ապահովում վարկատուների նկատմամբ պարտավորությունների ժամանակին կատարումը: Բացի այդ, Migom-ը համապատասխան պահուստներ չէր ստեղծում հնարավոր ռիսկային կորուստներին համաչափ` կապված «Եվրոտրաստ» ՓԲԸ-ում զգալի դրամական միջոցների ներդրման հետ, որից Ռուսաստանի Բանկի հրամանով 2014թ. փետրվարի 11-ին հետ էր կանչվել բանկային գործառնությունների իրականացման լիցենզիան»,- հաղորդում է ՌԴ ԿԲ-ի մամուլի ծառայությունը: Մեդիամաքսը հիշեցնում է, որ ՀՀ Կենտրոնական բանկն արգելել էր Migom-ի գործունեությունը 2012թ. սեպտեմբերին: Պատճառ էր հանդիսացել այն, որ Migom-ը հրաժարվել էր սպասարկել փոխանցումները հայաստանյան բանկերի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղակայված մասնաճյուղերում: Tweet Դիտում՝ 3186