«Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» եւ «Օրանժ Արմենիա» ընկերությունները խիստ նախազգուշացում են ստացել ՏՄՊՊՀ-ի կողմից

14.03.2014 | 12:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր ասել է, որ հանձնաժողովի որոշմամբ խիստ նախազգուշացում է տրվում «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» եւ «Օրանժ Արմենիա» ընկերություններին:

Քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների հիման վրա հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել շարժական (USB) մոդեմի միջոցով մատուցվող ինտերնետ ծառայությունների ոլորտում, որի արդյունքում բացահայտվել են մի շարք խնդիրներ՝ կապված վերոնշյալ ընկերությունների գործունեության հետ:

Նկատողության հիմք է հանդիսացել նշված ընկերությունների կողմից մշակված պայմանների այն դրույթը, որը թույլ է տալիս պայմանագրային բաժանորդներից գանձել վճարներ այն ժամանակահատվածի համար, երբ վերջիններիս ինտերնետ ծառայություն չի մատուցվել:

«ՏՄՊՊՀ դիտարկմամբ կապի ոլորտում գործող ընկերությունները իրենց վարքագծով խախտում են Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքը, համաձայն որի ծառայությունը կասեցվելու դեպքում կասեցվում է նաեւ բաժանորդի՝ վճարումներ կատարելու պարտավորությունը: Բաժանորդը պետք է վճարի միայն փաստացի օգտագործած ծառայության համար»,- ասել է Արտակ Շաբոյանը:

Հանձնաժողովը նկատել է, որ շատ հաճախ վերոնշյալ դրույթը սահմանված կարգով չի ներկայացվում բաժանորդներին, եւ մոդեմը ձեռք բերելիս քաղաքացիները տեղեկացված չեն լինում պայմանների մասին: Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել է նաեւ, որ բարդություններ են առաջանում այն դեպքում, երբ բաժանորդները դիմում են պայմանագիրը լուծելու համար. «Այս գործընթացը հաճախ ընկերությունների կողմից արհեստականորեն երկարացվում է, եւ նրանք ստանում են եկամուտներ` չմատուցելով որեւէ ծառայություն»,- նշել է նիստի զեկուցողը:

«Քանի որ հարցն առաջին անգամ է բարձրացվում եւ վերաբերում է քաղաքացիների ու ընկերությունների միջեւ պայմանագրային հարաբերություններին, հանձնաժողովը որոշել է այս անգամ ընկերություններին տալ խիստ նախազգուշացում եւ հանձնարարական` խախտումները վերացնելու համար»,- ասել է ՏՄՊՊՀ նախագահը:

Դիտում՝ 7077
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW