Հայաստանում հիմնադրվել է բիզնես թրեյներներին համախմբող կառույց

18.02.2014 | 16:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անցած տարվա դեկտեմբերից Հայաստանում գործում է «Հայկական բիզնես թրեյներների ասոցիացիա»-ն, որը միտված է օգնելու բիզնես թրեյներներին եւ խորհրդատուներին իրենց խնդիրների լուծման հարցում, համախմբելու ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում գործող բիզնես թրեյներներին ընդհանուր խնդիրների եւ նպատակների շուրջ:

Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում նշել է  «Հայկական բիզնես թրեյներների ասոցիացիա»-ի նախագահ Արթուր Յավրույանը, նորաստեղծ կառույցի հիմնական խնդիրներն են՝ փոխել ներկայիս իրավիճակը բիզնես կրթության ոլորտում, հայ իրականությունում ստեղծել բիզնես թրեյների եւ խորհրդատուի վերաբերյալ նոր պատկերացումներ եւ չափանիշներ:

«Մենք նպատակ ունենք ստեղծել հարթակ բիզնես ուսուցման եւ խորհրդատվության ոլորտում ներգրավված անձանց փորձի փոխանակման համար, աջակցել բիզնես ուսուցման ոլորտում միջազգային լավագույն չափանիշների ներդրմանը, հնարավորինս խթանել բիզնես թրեյներների իմիջի բարելավմանը եւ ամրապնդմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում»,- նշել է Արթուր Յավրույանը:

Տարբեր բիզնես ոլորտների թրեյներների եւ խորհրդատուների համար Ասոցիացիան նախատեսում է կազմակերպել վերապատրաստման, որակավորման եւ վերավորակավորման դասընթացներ, անցկացնել սերտիֆիկացում:  «Ինչպես դասընթացներն, այնպես էլ սերտիֆիկացումը նախատեսվում է իրականացնել թե Ասոցիացիայի շրջանակներում, թե միջազգային ճանաչում ստացած հաստատությունների ուժերով»,- նշել է Արթուր Յավրույանը:

Նրա փոխանցմամբ, Ասոցիացիային կարող է անդամակցել ցանկացած անձ, ով ներգրավված է բիզնես ուսուցման ոլորտում կամ հանդիսանում է բիզնես թրեյներ: Անդամակցել կարող են նաեւ նրանք, ովքեր չունեն համապատասխան փորձ՝ վերջիններս կմասնակցեն համապատասխան դասընթացների, սեմինարների եւ ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ:

Ներկայումս Ասոցիացիան ունի անդամակցության 3 մակարդակ՝ լիիրավ անդամ, թեկնածու անդամ եւ դիտորդ, ինչպես  նաեւ կարող է ունենալ պատվավոր անդամներ: Կառույցի ղեկավարը նշել է, որ մոտակա 2 տարվա ընթացքում Ասոցիացիան իր բոլոր լիիրավ անդամներին պարտավորեցնելու է անցնել համապատասխան բիզնես թրեյների սերտիֆիկացում. «Նշված 2 տարին լրանալուն պես լիիրավ անդամ հանդիսանալու չափանիշ է համարվելու սույն սերտիֆիկացման առկայությունը»:

Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին՝ Արթուր Յավրույանն առանձնացրեց ինքնակոչ «մասնագետների» գործունեությունը թրեյնինգների կազմակերպման բնագավառում: «Վերջինները, չունենալով որեւէ փորձ ու գիտելիքներ նշված բնագավառում,  թերի գիտելիքներ են փոխանցում մասնակիցներին, ինչը, բնականաբար, անդրադառնում է բիզնես միջավայրի վրա»,- նշել է Արթուր Յավրույանը:



Դիտում՝ 2748
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW