Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն այսоր հայտարարել է, որ գազի սակագնի բարձրացումը լուրջ հարված է հասցնելու էներգատար արտադրություններին եւ փոքր ու միջին բիզնեսին:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Գագիկ Մակարյանի փոխանցմամբ, գազի սակագնի բարձրացումը բացասական ազդեցություն է ունենալու հատկապես հրուշակեղենի եւ հացամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների վրա: «Մեր երկրում փոքր եւ միջին բիզնեսն արդեն իսկ գտնվում է ստորին շահութաբերությանն վրա: Պատկերացրեք, թե ինչ կկատարվի, եթե դրան գումարվի գազի սակագնի բարձրացումը: Այդ ընկերությունները ստիպված են լինելու կամ բարձրացնել իրենց արտադրանքի գինը, կամ էլ զրկվել շահույթից»,- նկատել է Գագիկ Մակարյանը: Նրա խոսքերով, երկրի բնակչության նվազումը եւ մարդկանց գնողունակության անկումն արդեն իսկ նկատելի վնաս են հասցրել փոքր ու միջին ձեռնարկություններին: Գագիկ Մակարյանը տարակուսանք է հայտնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ գազի սակագնի 30%-ը սուբսիդավորելու վերաբերյալ հայտարարության կապակցությամբ: «Ինձ համար անհասկանալի էր վարչապետի հայտարարությունը, համաձայն որի նա դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Նախեւառաջ, այդ հանձնաժողովն անկախ մարմին է: Բացի այդ, եթե վարչապետը դիմում է վերանայման նպատակով, ուրեմն կարելի է եզրակացնել, որ նախապես հայտնի է, թե հանձնաժողովն ինչ սակագին է որոշելու»,- ասել է Գագիկ Մակարյանը: Մեդիամաքս-ը հիշեցնում է,որ ՀայՌուսգազարդը դիմել է ՀԾԿՀ բնակչության համար գազի սակագինը 67%-ով բարձրացնելու առաջարկով: Tweet Դիտում՝ 5591