Երեւան: Մեդիամաքս: ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ «կարողացանք անխաթար պահել մեր ֆինանսական համակարգը»:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին նախագահն ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության 14-րդ համագումարի ժամանակ, որի ընթացքում նախատեսվում է Սերժ Սարգսյանի առաջադրումը 2013թ. նախագահական ընտրություններին: «Մենք կարողացանք երկիրը դուրս բերել ֆինանսատնտեսական ճգնաժամից: Կարողացանք թեթեւացնել փոքր ու միջին ձեռնարկությունների հարկային բեռը: Կարողացանք հազարավոր աշխատատեղեր փրկել հանքարդյունաբերության եւ շինարարության մեջ: Կարողացանք լուրջ թափ հաղորդել սննդի ու թեթեւ արդյունաբերության ոլորտներում նոր աշխատատեղերի ստեղծմանը: Կարողացանք անխաթար պահել մեր ֆինանսական համակարգը: Կարողացանք անել այն, ինչ չկարողացան անհամեմատ ավելի հզոր երկրներ:Ճգնաժամի պայմաններում մենք կարողացանք զսպել էլեկտրաէներգիայի, գազի ու ջրի սակագների աճը: Հարյուրավոր կիլոմետրերով ջրագիծ ու գազատար կառուցեցինք, վերականգնեցինք գյուղական ճանապարհներն ու նախաձեռնեցինք հաղորդակցության միջպետական աննախադեպ կառույցներ: Մենք կարողացանք կապի ու հաղորդակցության տեխնոլոգիաները հասցնել մեր երկրի ամենահեռավոր անկյունները:Մենք հարյուրավոր երիտասարդ ընտանիքների տուն ձեռքբերելու հնարավորություն ընձեռեցինք եւ աղետի գոտու հազարավոր բնակիչների կարողացանք ապահովել նոր բնակարաններով: Ապահովագրական նոր համակարգերի ներդրման շնորհիվ կարողացանք ավելացնել պետական ծառայողների բարեկեցությունը: Կարողացանք էականորեն բարելավել մեր քաղաքացիներին մատուցվող հանրային ծառայությունների որակը. նախկինում խնդրահարույց ծառայություններն այսօր հայաստանցուն մատուցվում են նույնպիսի որակով ու վարչարարությամբ, ինչպես առավել զարգացած ու քաղաքակիրթ երկրներում», - ասել է ՀՀ նախագահը: Tweet Դիտում՝ 1879