Երեւան/Մեդիամաքս/. Բիզնեսի շահութաբերությամբ Հայաստանի հյուրանոցներից առաջին տեղում են միջին դասի հյուրանոցները, որտեղ շահութաբերության միջին ցուցանիշը կազմում է 13.6%, վկայում է Ամերիա խորհրդատվական ընկերության հետազոտությունը Հայաստանի զբոսաշրջության եւ հյուրանոցային բիզնեսի ոլորտում:Ներկայացնելով այսօր Երեւանում հետազոտությունը, ընկերության գլխավոր մասնագետ Արտաշես Շաբոյանը նշել է, որ շահութաբերությամբ երկրորդ տեղում են էկոնոմ դասի հյուրանոցները (13.1%), երրորդում՝ միջինից բարձր դասի հյուրանոցները (12.2%), իսկ շահութաբերության ամենացածր ցուցանիշը արձանագրվել է բարձր դասի հյուրանոցներում (11.8%):Արտաշես Շաբոյանը նշել է, որ վերջին 7 տարվա ընթացքում հյուրանոցների թիվը Հայաստանում գրեթե կրկնապատկվել է՝ 76-ից հասնելով 143-ի: Ընդ որում` աճի մեծ մասը բաժին է ընկել մարզերին, որտեղ հյուրանոցների թիվը 43-ից հասել է 97-ի, իսկ Երեւանում վերջին 10 տարվա ընթացքում հյուրանոցների թիվն ավելացել է 13-ով եւ կազմել է 46: Միեւնույն ժամանակ հյուրանոցային համարներում առկա մահճակալների թիվն աճել է ընդամենը 1.4 անգամ, ինչը վկայում է երկրում փոքր հյուրանոցների տեսակարար կշռի աճի մասին:«Հյուրանոցների 77%-ը էկոնոմ դասի են, 12%-ը՝ միջին, 8%-ը՝ միջինից բարձր դասի, իսկ 3%-ը՝ բարձր դասի: Ընդ որում, էկոնոմ դասի հյուրանոցներին բաժին է հասնում Հայաստանի հյուրանոցային համարների ընդհանուր թվի 39%-ը միայն, մինչդեռ բարձր դասի հյուրանոցներում այդ ցուցանիշը 10% է», - ասել է Արտաշես Շաբոյանը:Ըստ հետազոտության, սենյակների զբաղվածության տեսանկյունից առաջատարներն են բարձր դասի հյուրանոցները, որտեղ համարների զբաղվածության միջին տարեկան ցուցանիշը կազմում է 60%: Վերջին տեղում են այս ցուցանիշով էկոնոմ դասի հյուրանոցները (44%):Հյուրանոցային եւ ռեստորանային բիզնեսը 2011-ին կազմել է Հայաստանի ծառայությունների ոլորտի 5.1%-ը՝ արձանագրելով այդ տարի 7.5% աճ: 2012թ. հյուրանոցային բիզնեսի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմել է 0.66%, եւ ակնկալվում է, որ 2015-ին այդ ցուցանիշը կհասնի 0.8%-ի:«2011-ին Հայաստան զբոսաշրջության, գործարար եւ այլ նպատակներով այցելությունների թիվն աճել է 18.7%-ով եւ կազմել 760 հազ., իսկ 2012 հունվար-սեպտեմբերի դրությամբ աճը 2011թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ կազմում է շուրջ 10%», - ասել է Արտաշես Շաբոյանը:Այցելությունների ցուցանիշով տարածաշրջանում առաջատարն է Վրաստանը (2.82 մլն այցելություն 2011-ին), երկրորդ տեղում է Ադրբեջանը (1.56 մլն), երրորդում՝ Հայաստանը (0.76 մլն): Հարավային Կովկասի երկրներից վերջին 10 տարվա ընթացքում գործարար, հանգստի կամ այլ նպատակներով ժամանումների միջին տարեկան աճով առաջատարը Վրաստանն է (ժամանումների միջին տարեկան աճը՝ 25.2%), երկրորդ տեղում Հայաստանն է (16.7%), երրորդում՝ Ադրբեջանը (10.5%): «Այս դինամիկան թույլ է տալիս ենթադրել, որ մոտակա տարիներին Հայաստանը երկիր կատարած այցելությունների ցուցանիշով կանցնի Ադրբեջանին», - ասել է Ամերիայի գլխավոր մասնագետը: Tweet Դիտում՝ 3640