Ամերիան հետազոտել է ՀՀ զբոսաշրջության եւ հյուրանոցային ոլորտը

06.12.2012 | 14:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Ամերիա» խորհրդատվական ընկերությունն իրականացրել է ՀՀ զբոսաշրջության եւ հյուրանոցային գործունեության ոլորտի հետազոտություն, որի նպատակն է գնահատել ընթացիկ վիճակը եւ զարգացման դինամիկան:

Հետազոտությունը ներկայացնում է Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակի վերլուծությունը, հյուրանոցային ոլորտի շրջանառության ծավալները Հայաստանում, նաեւ մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում, Հարավային Կովկասի տարածաշրջանի տարբեր կարգի հյուրանոցներում սենյակների միջին տարեկան սակագների եւ զբաղվածության համեմատական վերլուծությունը եւ այլն:

Հետազոտությունը ներառում է նաեւ առկա եւ ակնկալվող հյուրանոցային ծառայությունների ընդհանուր նկարագիրը` ըստ հյուրանոցների տեսակների, սպասարկման ծավալի, սենյակների արժեքի եւ ըստ այլ չափանիշների:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերջին 7 տարվա ընթացքում Հայաստանում գրանցվել է հյուրանոցների ընդհանուր թվի կրկնակի աճ, սակայն հյուրանոցային համարներում առկա մահճակալների թիվն աճել է ընդամենը 1.4 անգամ, քանի որ երկրում աճել է փոքր հյուրանոցների քանակը:  

«Հետազոտությունն իրականացրել ենք միջազգային համբավ ունեցող մի շարք հետազոտական կենտրոնների` Colliers International, HVS Global Hospitality Services, Richard Cancellor եւ այլն ընկերությունների կողմից տրամադրված տվյալների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների եւ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացված տարածաշրջանային հետազոտությունների արդյունքների հիման վրա: Հետազոտությունը ոչ միայն ներկայացնում է իրավիճակային վերլուծություն, այլ տալիս է փորձագիտական գնահատականներ Հայաստանի եւ տարածաշրջանի հյուրանոցային ոլորտների վերաբերյալ, ինչպես նաեւ ներկայացնում է հյուրանոցային ոլորտի զարգացման հնարավորություններն ու դինամիկան Հայաստանում եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում», - ասել է
«Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ Արման Փորսուղյանը:

Հետազոտության արդյունքներն առավել մանրամասն կներկայացվեն դեկտեմբերի 14-ին նախատեսվող կլոր սեղանի ժամանակ: Ցանկացողները մասնակցության համար կարող են դիմել «Ամերիա» ՓԲԸ:

Դիտում՝ 5992
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW