Երեւան/Մեդիամաքս/. Յունիբանկը իրականացնում է Երեւանի եւ մարզերի դպրոցների բարեկարգման եւ կահավորման ֆինանսավորման նոր ծրագիր: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Յունիբանկում, ծրագիրը մեկնարկել է Կապան քաղաքում, որտեղ բանկը մարզական նոր գույք է նվիրել Կապանի N7 հիմնական դպրոցին: Նվերը դպրոցին փոխանցել են Յունիբանկի «Կապան» մասնաճյուղի ներկայացուցիչները:«Մարզական նոր գույքը մեր դպրոցի աշակերտների համար երկար սպասված եւ մեծ նվեր է: Յունիբանկի շնորհիվ այսօր մենք ունենք բոլոր պայմանները, որպեսզի երեխաները կարողանան լիարժեք կերպով զբաղվել սպորտով: Համոզված եմ, որ այս նվիրատվությունը մեծ խթան կհանդիսանա եւ սպորտով զբաղվելը նրանց համար կլինի ոչ միայն օգտակար,այլեւ հաճելի»,- նշել է դպրոցի տնօրեն Կարինե Հովսեփյանը: Բանկի ղեկավարությունը դպրոցների աջակցությանն ուղղված մի շարք բարեգործական ակցիաների իրականացման որոշում է ընդունել: Այդ ակցիաների շրջանակներում բանկը hամապատասխան ֆինանսավորում կտրամադրի դպրոցների բարեկարգման եւ կահավորման աշխատանքների իրականացման համար, ինչպես նաեւ կաջակցի կրթական մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերին: Մասնավորապես, առաջիկայում բանկի տրամադրած միջոցներով կվերանորոգվի Երեւանի Նանսենի անվ. N150 դպրոցի հանդիսությունների դահլիճը, իսկ N157 դպրոցում կգործի ժամանակակից սարքավորումներով հագեցած համակարգչային դասարան: Tweet Դիտում՝ 6171