Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանը առաջատար դիրք է զբաղեցնում տարածաշրջանում ACCA (Association of Chartered Certified Accountants / Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիա) որակավորման քննությունները հաջողությամբ հանձնած շրջանավարտների թվով: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Այ Էյ Բի Սենթր հայ-բրիտանական ուսումնական կենտրոնում, 2012թ. քննական արդյունքներով` Հայաստանից 7 մասնակիցներ հաջողությամբ հանձնել են ACCA որակավորման եզրափակիչ քննությունները: Մինչդեռ Վրաստանում այս տարի չի գրանցվել ոչ մի շրջանավարտ, իսկ Ադրբեջանում հաջողակ մասնակիցների թիվը 4-ն է։ACCA որակավորում ստանալու համար ուսանողները պետք է հաջողությամբ հանձնեն 14 քննություն եւ ունենան համապատասխան աշխատանքային փորձ: Այս տարվա քննական արդյունքներից հետո Հայաստանում բնակվող ACCA որակավորված մասնագետների թիվը հասել է 58-ի, ինչը գերազանցում է հարեւան երկրների գրանցած արդյունքները։ACCA ծրագիրը տրամադրում է միջազգայնորեն ճանաչված բազմակողմանի որակավորում` ընդգրկելով հաշվապահության, բիզնես կառավարման եւ ֆինանսական ոլորտների հիմնական ուղղությունները: ACCA որակավորման տրամադրած խորը գիտելիքները կարող են կիրառվել աշխատանքային բազմաթիվ ոլորտներում, այդ թվում` մասնագիտական գործունեության ընթացքում, արդյունաբերությունում, հասարակական սեկտորում, առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպություններում:2002 թ-ին Այ Էյ Բի կենտրոնը ACCA-ի կողմից ճանաչվել է Գրանցված մասնագիտացված ուսուցում առաջարկող կառույց, իսկ 2008թ. մարտին Կենտրոնին շնորհվել է Հայաստանում ACCA համակարգչային քննությունների անցկացման արտոնագիր:«Այ Էյ Բի կենտրոնը հպարտ է, որ իր զգալի ներդրումն է ունեցել շրջանավարտների ձեռքբերումների, ինչպես նաեւ Հայաստանում հաշվապահության եւ աուդիտի մասնագիտական ոլորտների զարգացման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 28677