Ինչու՞ է կարեւոր «Վարկային պատմությունը»

01.06.2012 | 09:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Յուրաքանչյուր անձ, ով երբեւէ օգտվել է բանկերի կամ վարկային կազմակերպությունների վարկավորման ծառայություններից, ինքնաբերաբար ստեղծում է իր վարկային պատմությունը: Շատ վարկառուներ տեղյակ են, որ պետք է հետեւեն իրենց վարկային պատմությանը կամ «վարկային կենսագրության» մաքրությանը, քանի որ վատ վարկային պատմություն ունեցող հաճախորդների համար բանկերում նոր վարկ ստանալը դառնում է անհաղթահարելի խոչընդոտ, ինչպես նաեւ սահմանափակվում են սպառողական ապրանքների ապառիկ (տարաժամկետ վճարմամբ) ձեռքբերումը: Սակայն ոչ բոլորն են տեղյակ, թե ինչպես է պետք հետեւել կամ ստուգել իրենց վարկային պատմությունը:

Բոլոր այն տեղեկությունները, թե որտեղից եւ երբ եք դուք վարկեր ստացել եւ թե ինչպիսի պարտաճանաչությամբ կամ ջանասիրությամբ եք վճարել դրանք, գտնվում են վարկային պատմությունների բյուրոյում: Այնտեղ ստացվող մուտքային տվյալների հիման վրա ձեւավորվում է Ձեր վարկային պատմությունը: Ձեր վարկերի «կենսագրությունը» ստանալու համար Դուք կարող են դիմել վարկային բյուրոյին կամ ստանալ այն առցանց եղանակով «ԱՔՌԱ» վարկային բյուրոյի կայքից (www.acra.am): «Վարկային զեկույց» ստանալու համար անհրաժեշտ է ընդամենը գրանցվել «ԱՔՌԱ» վարկային բյուրոյի կայքում եւ կատարել առցանց վճարում պլաստիկ քարտով: Ծառայության արժեքը կազմում է 360-ից 1800 դրամ՝ կախված վարկային զեկույցի տեսակից:

Շնորհիվ «Վարկային զեկույցի» Դուք կարող եք տեսնել եւ հասկանալ, թե ինչու Ձեզ չեն տրամադրել հերթական վարկը: Այս փաստաթղթում արտացոլված է նույն տեղեկատվությունը, որը ստանում է նաեւ բանկի վարկային մասնագետը Ձեր վարկային պատմությունը ստուգելիս: «Վարկային զեկույցը» հնարավորություն է տալիս վերլուծել եւ ժամանակին ուղղիչ գործողություններ իրականացնել Ձեր վարկային պատմությունն ուղղելու համար: Օրինակ, եթե Ձեր վարկը մերժել են գործող վարկերի մեծ քանակի պատճառով, ապա Դուք այն գոնե մասամբ կարող եք մարել եւ նորից դիմել վարկ ստանալու համար: Նման գործողություններն ոչ միայն նվազեցնում են ձեր պարտքի գումարը, այլեւ ունեն դրական ազդեցություն Ձեր վարկային պատմություն վրա:

Բացի այդ, վարկային զեկույցի օգնությամբ Դուք կարող եք ստուգել Ձեր տվյալներով՝ անունով եւ անձնագրային տվյալներով, իրականցված խարդախ գործարքների առկայությունը: Կան բազմաթիվ դեպքեր, երբ վարկառուները տեղեկացել են իրենց անունով վարկի առկայության մասին, երբ վարկի գումարն արդեն հասել է հսկայական չափերի, այն պարագայում, երբ իրենք ընդհանրապես վարկ չեն ստացել: Երբ Ձեր անունով վարկ է ձեւակերպվում, այդ տեղեկատվությունն անմիջապես արտացոլվում է Ձեր վարկային զեկույցում: Վարկային զեկույցի հաջորդ առավելությունն այն է, որ վերջինս հնարավորություն է տալիս արագ հայտնաբերել Ձեր վարկային պատմության մեջ տեղ գտած անճշտությունները եւ ուղղել դրանք:

Այսպիսով, երբ Դուք ստանում եք Ձեր «Վարկային զեկույցը», Դուք ստանում եք տեղեկություններ բոլոր մարված եւ գործող վարկերի, ինչպես նաեւ կատարված բոլոր վճարումների ժամկետների եւ գումարների վերաբերյալ եւ հնարավորություն եք ունենում հետեւել Ձեր վարկային պատմությանը:

Դիտում՝ 14945
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW