Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկի ակտիվները 2011թ. առաջին կիսամյակի արդյունքներով կազմել են 177 մլրդ դրամ՝ 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 46%-ով: Բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը այսօր մամլո ասուլիսում տեղեկացրել է, որ Ամերիաբանկի պարտավորությունները կազմել են 145 մլրդ դրամ՝ անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ աճելով 60%-ով: “Պարտավորությունների աճն ապահովվել է հիմնականում միջազգային կառույցներից ներգրավված $ 130 մլն հաշվին, իսկ ընթացիկ տարում բանկը նախատեսում է այդ կառույցներից ներգրավել եւս $ 50 մլն”,- ասել է Տիգրան Ջրբաշյանը, հավելելով, որ այդ միջոցները բանկն ուղղելու է հիմնականում փոքր եւ միջին ձեռնարկատիրության ֆինանսավորմանը եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտին:Բանկի ժամկետային ավանդները կիսամյակի արդյունքներով հասել են 48 մլրդ դրամի՝ տարեկան կտրվածքով աճելով 23%-ով, ընդ որում ֆիզիկական անձ հաճախորդների ժամկետային ավանդները բանկում նույն ժամանակահատվածում աճել են շուրջ 70%-ով եւ կազմել 31 մլրդ դրամ: Բանկի վարկային պորտֆելի ծավալը հասել է 115 մլրդ դրամի՝ 2010թ. առաջին կիսամյակի համեմատ աճելով շուրջ 60%-ով: Տիգրան Ջրբաշյանը տեղեկացրել է նաեւ, որ բանկի շահույթը առաջին կիսամյակում կազմել է մոտ 2 մլրդ դրամ՝ անցյալ տարվա ցուցանիշը գերազանցելով շուրջ 50%-ով: Tweet Դիտում՝ 5538