ԿԲ-ն կարծում է, որ քաղաքականության խստացումը կանդրադառնա միայն սպառողական վարկավորման վրա

12.03.2011 | 14:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Դրամավարկային քաղաքականության խստացումը գլխավորապես կհանգեցնի սպառողական վարկավորման զսպմանը եւ դրամային ավանդների աճին. ընթացիկ տարվա ընթացքում բիզնես-վարկավորման ոլորտում էական փոփոխություններ չեն սպասվում: 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը: Նա իր կարծիքն հիմնավորեց այն փաստով, որ, ի տարբերություն սպառողական վարկերի, բիզնես-վարկերը հիմնականում տրամադրվում են արտարժույթով, «իսկ այս դեպքում դրույքների աճ չի սպասվում»:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի վարկավորմանը, որը հիմնականում դրամով է իրականացվում, Արթուր Ստեփանյանն ասել է, որ ԿԲ-ն բանկերի հետ կքքնարկի այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան չսահմանափակել ոլորտի վարկավորումը:

«Գյուղատնտեսությունը ավելացնում է մթերքի առաջարկը, ինչը գնաճի զսպման կարեւորագույն գործոններից է հանդիսանում, հետեւաբար, բանկերի հետ բանակցությունների արդյունքում պետք է մշակել բացառիկ պայմանների վրա հիմնված գյուղատնտեսության վարկավորման մեխանիզմներ »,- ասել է Արթուր Ստեփանյանը:

Նրա խոսքով, համաշխարհային շուկայի զարգացումները համահունչ են ԿԲ-ի կանխատեսումներին, ըստ որոնց ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ակնկալվում է գնաճի տեմպերի նվազում, իսկ տարվա երկրորդ կիսամյակում` կտրուկ անկում: Արթուր Ստեփանյանը նշել է, որ կառավարության ու ԿԲ-ի գործողությունները անհրաժեշտ նախադրյալներ են ստեղծում գնաճը նպատակային միջակայք բերելու համար (4% պլյուս/մինուս 1.5 տոկոսային կետ):

Արթուր Ստեփանյանի խոսքերով, դրամավարկային քաղաքականության ապագա խստացումը կախված կլինի գնաճային զարգացումներից` ինչպես  ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում: Միեւնույն ժամանակ Արթուր Ստեփանյանը նշել է, որ բարձր ինֆլյացիայի դեմ պայքարի բոլոր ոչ ավանդական մեթոդները վերաբերում են կառավարությանը եւ այլ պետական մարմիններին: “ԿԲ-ն ունի միայն երկու հիմնական գործիք գնաճի զսպման համար` վերաֆինասավորման տոկոսադրույքի եւ պարտադիր պահուստավորման նորմերի տեսքով: Աշխարհում ոչ մի Կենտրոնական բանկ գնաճի զսպման այլ գործիքներ չունի”, - նշել է Արթուր Ստեփանյանը:

Մեկնաբանելով կառավարության ընդդիմախոսների հայտարարություններ այն մասին, որ Հայաստանում գնաճը հիմնականում պայմանավորված է ներքին գործոններով, մասնավորապես`մենաշնորհներով եւ տնտեսության օլիգարխիկ կառուցվածքով, Արթուր Ստեփանյանն ասել է, որ ՀՀ տնտեսության կառուցվածքը վերջին տարիների ընթացքւմ էական փոփոխությունների չէր ենթարկվում, իսկ ինֆլյացիան ցածր մակարդակի վրա էր: 

“Այնպես է ստացվում, որ անգամ մենաշնորհների, օլիգոպոլիաների եւ մրցունակության խնդիրների պայմաններում գնաճը ցածր էր: Այդ աճը տեղի է ունեցել միայն արտաքին միջավայրի ազդեցության եւ անպտղատու տարվա հետեւանքով”,- ասել է ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության ղեկավարը:

Դիտում՝ 6758
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW