Հայաստանի ու Վրաստանի զարգացման մոդելները տարբեր են, ասել է վարչապետը

18.02.2011 | 09:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը առաջարկել է անդրադառնալ “բոլոր այն կոնկրետ դեպքերին, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությունում բիզնեսի փակմանն ու Վրաստան տեղափոխմանը”:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, վարչապետն այս մասին գրում է իր http://tigransargsyan.livejournal.com բլոգում:

“Խնդրում եմ այդ մասին գրել մեկնաբանություններում, և մենք միասին կվերլուծենք պատճառներն ու կանենք եզրակացություններ”, - գրել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանն ասել է, որ հաճախ տարբերություն չի դրվում դեպի Վրաստան բիզնեսի ընդլայնման ու տեղափոխման միջև:

Նա նաեւ նշել է, որ Հայաստանի ու Վրաստանի զարգացման մոդելները տարբեր են:

“Մենք ընտրել ենք բարեփոխումների էվոլյուցիոն, իսկ Վրաստանը՝ հեղափոխական ճանապարհը: Այդ ճանապարհներից յուրաքանչյուրն ունի իր դրական ու բացասական կողմերը: Մեր բարեփոխումները ենթադրում են իրականացման այլ տրամաբանություն: Այն ինչ մի դեպքում կիրառելի է, մյուս դեպքում կիրառելի չէ և պարզ համեմատություններն ու համադրումները, իմ կարծիքով, տեղին չեն”, - նշել է վարչապետը:

“Այն ոլորտները, որտեղ Վրաստանը ունի հաջողություններ մեզ համար պետք է լինեն ուսանելի: Բայց ինձ մտահոգում է մեկ այլ բան. մարդիկ, ովքեր արդարացիորեն նշում են Վրաստանի առաջընթացը, չեն նկատում մեր երկրի հաջողությունները: Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում ես անդրադարձա նրանց հաջողություններին հարկային ու մաքսային վարչարարության և ճանապարհային ոստիկանության բարեփոխումների ոլորտներում: Մենք չենք խորշում մեր գործընկերների փորձն ուսումնասիրելուց ու նրանց օժանդակությամբ նմանօրինակ բարեփոխումներ իրականացնելուց: Իմ վրացի գործընկերը բարձր գնահատեց ֆինանսական հատվածում մեր հաջողությունները մասնավորապես ներքին պարտքի կառավարման, բանկային համակարգի ու ապահովագրության ոլորտների մեր ձեռբերումները, և մենք համաձայնեցինք այդ հարցերի շուրջ նրանց մեր փորձն ու օժանդակությունը տրամադրել”, - գրել է Տիգրան Սարգսյանը:

Դիտում՝ 6925
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW