Երեւան /Մեդիամաքս/. Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը հունվարի 11-ին հաստատեց Հայաստանին $25 մլն վարկի տրամադրումը, որը կհամալրի պետբյուջեի սոցիալական ծախսերը, ինչպես նաեւ կօժանդակի ընդերքի մասին նոր օրենսգրքի ընդունմանը: Ինչպես տեղեկացնում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ժան-Միշել Հապին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրեց, որ վարկի սոցիալական մասն ուղղվելու է աղքատության դեմ պայքարի ՀՀ կառավարության ծրագրերի իրականացմանը, աղքատ համայնքներում նախադպրոցական ծրագրերի մատչելիությունը բարձրացնելուն եւ ոչ վարակիչ հիվանդությունների բուժման ընթացքում առողջապահական ծառայությունների մատուցման արդյունավետությունը բարելավելուն: Ընդերքի օգտագործման վերաբերյալ օրենսդրության մասով Ժան-Միշել Հապին տեղեկացրեց, որ օժանդակությունն ուղղված է ընդերքի մասին նոր օրենսգրքի կիրարկմանը` ֆիսկալ, բնապահպանական, սոցիալական եւ արտոնագրման ոլորտներում միջազգային լավագույն փորձի համաձայն: ՀԲ վարկը Հայաստանին տրամադրվում է երկրորդ «Զարգացման քաղաքականության գործառնության» շրջանակներում (առաջինը հաստատվել էր 2009թ. հուլիսին` $60 մլն չափով), որը ներառում է Զարգացման միջազգային ընկերակցության (ՄԶԸ) $21 մլն եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) $4 մլն փոխառությունը: ՄԶԸ վարկն ունի 20 տարվա մարման ժամկետ, որից 10 տարին արտոնյալ, իսկ ՎԶՄԲ փոխառությունը` 25 տարվա մարման ժամկետ, որից 10 տարին` նույնպես արտոնյալ: Tweet Դիտում՝ 6298