Երեւան/Մեդիամաքս/. 2010 թ-ին էլեկտրաէներգիայի ոլորտում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ներդրումները կազմել են 30 մլրդ դրամ: Ինչպես տեղեկացնում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը: Նրա խոսքերով, 2010-ին էլեկտրաէներգիայի սպառման ծավալը Հայաստանում աճել է 4%-ով եւ կազմել 5 մլրդ կՎտ/ժամ, ինչը, սակայն, դեռեւս 4%-ով զիջում է 2008-ի ցուցանիշին: Եվգենի Գլադունչիկը նկատել է, որ 2010-ին ընկերությունը վերազինել է 17 ենթակայան, ինչը հնարավոր է եղել Միջազգային համագործակցության ճապոնական բանկի վարկի շնորհիվ: «Հայաստանի էլցանցերի» գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ 2011-ին ընկերությունը նախատեսում է ավարտել Երեւանի ենթակայանի վերականգնումը, որը շահագործման կհանձնվի հաջորդ տարվա հուլիսի 1-ին: «Տվյալ ենթակայանի հզորությունը 20 ՄՎտ է, եւ նրա գործարկումը թույլ կտա էապես բեռնաթափել մայրաքաղաքի կենտրոնը»,- ասել է Եվգենի Գլադունչիկը: Նրա խոսքերով, տվյալ նախագծի արժեքը գնահատվում է 4 մլն եվրո: Եվգենի Գլադունչիկը նշել է, որ հաջորդ տարի Հայաստանում վերանորոգվելու է եւս 50 ենթակայան եւ վերջիններիս համար անհրաժեշտ 7 մլրդ դրամ արժողությամբ սարքավորումները արդեն ձեռք են բերվել: Մեկնաբանելով գազի սակագնի հնարավոր բարձրացման եւ դրա` էլեկտաէներգիայի գնի վրա ազդելու հավանականությունը, Եվգենի Գլադունչիկն ասել է, որ գազի սակագները կազմում են էլեկտրաէներգիայի արժեքի 70%-ը, եւ վերջինիս վրա գազի գնի թանկացման ազդեցությունը նվազագունի հասցնելը շատ դժվար կլինի: Tweet Դիտում՝ 6521