Երեւան/Մեդիամաքս/. 2011թ. «Ամերիաբանկը» մտադիր է սկսել ծառայություններ մատուցել Հայաստանի սահմաններից դուրս, այսօր հայտնել է բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նա չի նշել, թե հատկապես ինչ ձեւաչափով եւ ինչ ծառայություններ կմատուցվեն արտասահմանում` ասելով, որ այդ հարցերը ներկայումս քննարկվում են բանկի ղեկավարության կողմից: «Հաջորդ տարի մենք պատրաստվում ենք ամրապնդվել ՀՀ բանկային համակարգի առաջատարների եռյակում, իսկ մի քանի ցուցանիշներով դառնալ առաջինը, համալրել ապրանքատեսակների պորտֆելը նոր առաջարկներով եւ ակտիվ զարգացնել մասնաճյուղային ցանցը»,- ասել է Տիգրան Ջրբաշյանը: Նրա խոսքերով, շուկայում նկատվում է նաեւ հետաքրքրության վերականգնում ներդրումային ապրանքատեսակների նկատմամբ, եւ բանկը մտադիր է հաջորդ տարի ակտիվացնել նաեւ իր ներդրումային ծառայությունները: Tweet Դիտում՝ 16079