ՀՀ բնակչության 75%-ը խրախուսում է օտարալեզու դպրոցների ստեղծման նախագիծը, հայտարարել է վարչապետը

17.11.2010 | 13:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ բնակչության 75%-ը խրախուսում է օտարալեզու դպրոցների ստեղծման նախագիծը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր երեւանյան բուհերի ուսանողների հետ Ուսանողների միջազգային օրվան նվիրված հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա ասել է, որ կառավարությունն ուսումնասիրել է օտարալեզու դպրոցների գործունեության միջազգային փորձը եւ պարզվել է, որ չկա ոչ մի երկիր, որը սահմանափակում է մասնավոր անձանց կողմից այդ դպրոցների ստեղծման հնարավորությունը:

«Ուրեմն ինչո՞ւ ենք մենք սահմանափակում եւ հայտնվում քաղաքակիրթ աշխարհից կտրվելու ռիսկի առջեւ: Մեր երկրին անհրաժեշտ են մասնագետներ, ովքեր կիմանան թուրքերեն, պարսկերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն ավելի լավ, քան այդ երկրների բնակիչները, քանի որ վաղը մեր ազգային անվտանգությանը կարող են սպառնալ լուրջ խնդիրներ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշել է, որ օտարալեզու դպրոցների ստեղծումը քննադատողները կազմում են բնակչության ընդամենը 25%-ը, եւ նրանցից միայն 6%-ն են տրամադրված շատ ագրեսիվ եւ չեն վերլուծում խնդրի ողջ բարդությունը:

«Մենք պետք է մի փոքր զուսպ եւ ավելի կշռադատված լինենք մեր քննադատության մեջ եւ գիտակցենք, որ այն, ինչ արվում է, արվում է հանուն երկրի անվտանգության»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նա նշել է նաեւ, որ ժամանակակից գիտությունն արագընթաց աճում է, եւ տեղեկատվությունը շատ արագ պարզապես դադարում է լինել արդիական եւ նոր: «Ու՞մ են պետք այն երիտասարդ գիտնականները, ովքեր չեն տիրապետում անգլերենի եւ ում գիտելիքները չեն թարմացվում ժամանակին համընթաց»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Դիտում՝ 12123
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW