Երեւան/Մեդիամաքս/. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը /ՎԶԵԲ/ «Անելիք Բանկին» տրամադրել է $3 մլն` էներգախնայողության ծրագրերի ֆինանսավորման նպատակով: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Երեւանում հոկտեմբերի 18-ին համապատասխան համաձայնագիր են ստորագրել ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը եւ «Անելիք Բանկի» վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը: Վարկային ծրագրի շրջանակներում ֆինանսավորում կարող են ստանալ փոքր ՀԷԿ-երը, վերականգնվող էներգետիկայի օբյեկտները, ինչպես նաեւ այլ արտադրական ձեռնարկություններ, որոնք իրենց կազմակերպություններում կներդնեն էներգախնայողության համակարգեր: Սամվել Ճզմաչյանը նշել է, որ ծրագրի ֆինանսավորման տոկոսադրույքները չեն գերազանցի տարեկան 13%-ը, վարկի առավելագույն գումարը կկազմի $2.5 մլն, իսկ մարման ժամկետը` մինչեւ 5 տարի: Այս ծրագրով վարկավորումը մեկնարկում է հոկտեմբերի 19-ին: Ընկերությունները, որոնք ցանկանում են վարկ ստանալ էներգախնայողության համակարգերի ներդրման նպատակով, կստանան նաեւ անհրաժեշտ տեխնիկական աջակցություն: Վալերիու Ռազլոգը նշել է, որ ՎԶԵԲ-ի այդ ծրագիրը նպատակ է հետապնդում նպաստել հայաստանյան ընկերությունների մրցունակության բարձրացմանը: Համաձայնագրի ստորագրմանը ներկա ՎԶԵԲ-ի էներգաարդյունավետության վարկավորման ծրագրերի ղեկավար Վալիդ Ֆայադը տեղեկացրել է, որ ՎԶԵԲ-ի էներգախնայողության վարկային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է $20 մլն, եւ ներկայումս Եվրաբանկը բանակցում է հայաստանյան բանկերի հետ մնացած $17 մլն-ի տեղաբաշխման ուղղությամբ: Tweet Դիտում՝ 15294