Երեւան/Մեդիամաքս/. Տաթեւի վանքի ճոպանուղին կարող է ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում, հայտնել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի /ՀԱՄՀ/ գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում «Տաթեւի վերածնունդ» նախագծի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում Բեկոր Փափազյանն ասել է, որ ներկայումս ՀԱՄՀ-ը բանակցում է Ռեկորդների գրքի հրատարակիչների հետ: 5,7 կմ երկարությամբ Տաթեւ-Հալիձոր ճոպանուղին, որի պաշտոնական բացումը կկայանա հոկտեմբերի 16-ին, աշխարհում ամենաերկարն է: Բացման օրը նրա առաջին ուղեւորները կդառնան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Հոկտեմբերի 23-ից ճոպանուղին բաց կլինի բոլոր ցանկացողների համար: Մամուլի ասուլիսին մասնակցող` «Տաթեւի վերածնունդ» նախագծի հովանավորները` «Ամերիա» ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Անդրեյ Մկրտչյանը եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, նշել են ծրագրի կարեւորությունը` հույս հայտնելով, որ այն Հայաստանը ավելի ճանաչելի կդարձնի միջազգային ասպարեզում եւ կնպաստի Սյունիքի մարզի տնտեսական զարգացմանը: Tweet Դիտում՝ 16705