Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Աուդիտորական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների փաթեթին: Ինչպես նիստում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, փոփոխությունները ենթադրում են պահանջների խստացում աուդիտորական ընկերությունների նկատմամբ: Նրա խոսքերով, փոփոխությունների ընդունումից հետո աուդիտորական գործունեություն կարող են վարել միայն ընկերությունները, այլ ոչ թե անհատները: Դրանից բացի, խստացվելու են պահանջները աուդիտորական ընկերությունների աշխատակիցների թվի նկատմամբ. ներկայումս նվազագույն մակարդակը կազմում է 2 աշխատակից: Ֆինանսների նախարարն ասել է, որ աուդիտորական ընկերությունների նկատմամբ պարտադիր պահանջներից մեկը լինելու է ինտերնետային կայքի առկայությունը, որտեղ պետք է տեղադրվի լիարժեք տեղեկատվություն ընկերության գործունեության մասին: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն արդիական է անվանել առաջարկվող փոփոխությունները 2009թ. ներմուծված խոշոր ընկերությունների գործունեության պարտադիր աուդիտի լույսի ներքո: «Այդ փոփոխությունները ֆինանսատնտեսական ճգնաժամի դասերից են: Շուրջ 500 խոշոր ընկերություններ պետք է ներկայացնեն աուդիտորական ստուգման արդյունքները, եւ մենք պետք է վերանայեինք մեր պահանջները նաեւ աուդիտորական ընկերությունների նկատմամբ»,- նշել է Տիգրան Սարգսյանը: Tweet Դիտում՝ 17695