ԿԲ-ն ներկայացրել է ԱՊՊԱ հայկական մոդելի առանձնահատկությունները

10.09.2010 | 16:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի կենտրոնական բանկն այսօր ներկայացրել է ՀՀ-ում ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) առանձնահատկությունները:

2011 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ կմտնի ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) մասին օրենքը: Ապահովագրական պայմանագրերի կնքման գործընթացը կմեկնարկի ս.թ. հոկտեմբերի 1-ին եւ կտեւի մինչեւ ընթացիկ տարվա վերջը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այսօր ելույթ ունենալով սեմինարում, ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի քաղաքականության եւ ֆինանսական կայունության վարչության զարգացման բաժնի պետ Աննա Վարդիկյանը նշել է, որ Հայաստանում ընտրվել է Green Card մոդելը, որը գործարկված է ԵՄ բոլոր երկրներում եւ թույլ է տալիս առավել արդյունավետորեն հասնել ԱՊՊԱ-ի ներդրման հիմնական նպատակին, մասնավորապես` սոցիալական պաշտպանվածության ապահովմանը:

“Որպես հեռանկար քննարվում է Հայաստանի անդամակցությունը Green Card համակարգին, ինչը կհեշտացնի ավտոտրանսպորտային միջոցների փոխադրումը երկրից երկիր եւ կապահովի արտասահմանյան տրանսպորտային միջոցներից տուժածների ապահովագրական պաշտպանվածությունը»,- ասել  է Աննա Վարդիկյանը:

ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի քաղաքականության եւ ֆինանսական կայունության վարչության սպառողների իրավունքների պաշտպանության եւ շուկայի վարվելակերպի բաժնի պետ Արմենուհի Մկրտչյանն ասել է, որ ԱՊՊԱ հայկական մոդելն ապահովում է միայն երրորդ կողմի (հետիոտնի, մյուս ավտոմեքենայի վարորդի, ուղեւորի) աձնական եւ գույքային վնասի փոխհատուցումը: Նա հայտնել է, որ պարտադիր ապահովագրությունը Հայաստանում նախատեսված կլինի տրասնպորտային միջոցների սեփականատերերի,  ներմուծողների եւ վարձակալողների համար (ֆինանսական վարձակալության դեպքում):

ԱՊՊԱ պայմանագրի նվազագույն ժամկետը 3 ամիս է, առավելագույնը` 1 տարի: Պայմանագրի հատուկ 10-օրյա ժամկետ է նախատեսվում ժամանակավոր ներմուծման եւ արտահանման ռեժիմով ներմուծված ավտոմեքենաների, ինչպես նաեւ այն իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցների համար, որոնք ավտոմեքենաներ են ներմուծում վաճառելու նպատակով:

ԱՊՊԱ-ն Հայաստանում կփոխհատուցի տուժած կողմի առողջության եւ գույքի վնասը: Ընդ որում, չի փոխհատուցվելու հանցագործության կամ պատերազմական գործողությունների, մասսայական անկարգությունների արդյունքում հասցված վնասը, չեն փոխհատուցվելու նաեւ բնությանը, արվեստի գործերին, թանկարժեք զարդերին եւ փոխադրվող բեռներին հասցված վնասները:

Ապահովագրական վճարի չափը որոշվում է ապահովագրական ընկերության կողմից, դրա նվազագույն եւ առավելագույն չափերը սահմանում է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն»: Անկախ ՃՏՊ արդյունքում հասցված վնասից, փոխհատուցման չափը կարող է լինել ապահովագրական գումարի առավելագույն սահմաններում, որը անձնական վնասի դեպքում հավասար է 3 մլն դրամի դեպքում (յուրաքանչյուր տուժողի համար) եւ 9 մլն դրամ (յուրաքանչյուր ՃՏՊ-ի համար), իսկ գույքային վնասի դեպքում փոխհատուցման առավելագույն չափը կազմում է 1,5 մլն դրամ:

Պայմանագրի կնքումից հետո վարորդներին կտրվի ԱՊՊԱ կտրոն, որը պարտադիր կարգով պետք է փակցվի ավտոմեքենայի ճակատային ապակուն: Հատկանշական է, որ այն դեպքերում, երբ ՃՏՊ-ին մասնակցում են 2 ավտոմեքենաներ եւ վնասը հասցված է միայն գույքին, վարորդները կարող են համաձայնության գալ այն մասին, որ եթե վնասի փոխհատուցման արժեքը չի գերազանցում 200 հազար դրամը, ապա կարելի է ընդամենը լրացնել համաձայնեցված դեկլարացիան եւ ներկայացնել այն ապահովագրական ընկերությանը: Մյուս դեպքերում գույքային վնասը գնահատվում է Ավտոապահովագրողների բյուրոյի փորձագետի կողմից, իսկ անձնական վնասը` բժշկական հաստատության կամ բյուրոյի փորձագետի կողմից:

ԿԲ ներկայացուցիչները կոչ են արել քաղաքացիներին սկսել ապահովագրության գործընթացը հոկտեմբերից` դեկտեմբերի վերջին հերթերից խուսափելու համար; Հաջորդ տարվա սկզբից իրենց ավտոմեքենաները չապահովագրած վարորդները կենթարկվեն 50 հազար դրամ տուգանքի: Արմենուհի Մկրտչյանը նշել է, որ ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացը հերթերի բացակայության պարագայում կտեւի ընդամենը 20 րոպե:

Դիտում՝ 19010
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW