Երեւան/Մեդիամաքս/. Քենեդիի Կառավարման դպրոցի տնտեսական զարգացման ֆակուլտետի պրոֆեսոր Ռիկարդո Հոսմանը այսօր հայաստանյան բուհերի տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողների առջեւ բացել է «տնտեսական զարգացման գաղտնիքը»: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հրավերով Վենեսուելայի էկոնոմիկայի նախկին նախարար Ռիկարդո Հոսմանը ժամանել է Երեւան եւ «Տնտեսական զարգացման գաղտնիքը» թեմայով դասախոսություն անցկացրել ուսանողների համար: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նշել է, որ «այսօր մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ կուտակված գիտելիքը կարող է մեզ տանել դեպի բարգավաճ ապագա»: Նրա խոսքերով, իրավիճակի սթափ գնահատումը ուղու կեսն է: Ներսես Երիցյանը նկատել է, որ տնտեսական ճգնաժամը բացահայտել է տնտեսության խորը դիվերսիֆիկացման, կապիտալի շուկայի զարգացման, ֆինանսների մատչելիության ապահովման, սոցիալական ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը: Նախարարն ընդգծել է, որ այդ պայմաններում առանցքային արժեքը մարդկային ռեսուրսն է, իսկ հաջողության գրավականը` գիտելիքի կուտակումը: Ռիկարդո Հոսմանը դասախոսության ընթացքում նշել է, որ տնտեսական զարգացման հիմնական գաղտնիքը դիվերսիֆիկացված տնտեսությունն է: Նա ընդգծել է, որ հարուստ երկրները կարող են արտադրել ու արտահանել ավելի բարդ տեխնոլոգիաներ, իսկ աղքատ երկրները` շեշտը դնել պարզ, սակայն բազմազան արտադրանքի վրա: Tweet Դիտում՝ 11707