Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հայտարարել է իր «թեժ գիծ» ծառայության բարեփոխման մասին: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել է հանձնաժողովի մամուլի քարտուղար Նելլի Դանիելյանը, «թեժ գիծը» գործելու է (010) 54 40 04 հեռախոսահամարով աշխատանքային օրերին, ժամը 9:00-ից 18:00-ը: ««Թեժ գծով» մեզ կարող են դիմել տարաբնույթ համամրցակցային երեւույթներ հայտնաբերած քաղաքացիները եւ գործարարները: Ընդ որում, չկա անհրաժեշտություն ներկայացնել պաշտոնական դիմում-բողոք: Զանգահարողը պարզապես պետք է թողնի անձնական տվյալներ, որպեսզի հանձնաժողովը, գործը ուսումնասիրելիս, ունենա սկզբնաղբյուր», - ասել է Նելլի Դանիելյանը: Մամուլի քարտուղարի խոսքերով, «թեժ գիծ» ծառայությունը գործել է ՏՄՊՊՀ-ում 2009-ից, սակայն չի եղել արդյունավետ, քանի որ «գործել է հանձնաժողովի ընդհանուր, շատ ծանրաբեռնված հեռախոսահամարով, ինչը հաճախ կարող էր քաղաքացիների եւ գործարարների համար անհնարին դարձնել մեզ իրենց դիտարկումները ներկայացնելը»: Tweet Դիտում՝ 11058