Երեւան /Մեդիամաքս/. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» եւ Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը /ՓՄՁ ԶԱԿ/ այսօր Երեւանում բացել են Առեւտրի ֆինանսավորման ակադեմիան: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրեն Կարեն Գեւորգյանն ասել է, որ ակադեմիան ամիսը երեք անգամ անցկացնելու է անվճար սեմինարներ այն ընկերությունների համար, որոնք մտադիր են զարգացնել բիզնեսը միջազգային առեւտրի ոլորտում: «Սեմինարները կանցկացվեն «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» առեւտրի ֆինանսավորման ծառայությունների մասնագետների կողմից, ովքեր իրենց գիտելիքները կփոխանցեն ինչպես արտաքին առեւտրում ակտիվ ներմուծում եւ արտահանում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին ու ֆինանսական տնօրեններին, այնպես էլ նրանց, ովքեր միջազգային առեւտրի բնագավառը համարում են հեռանկարային իրենց բիզնեսի համար»,- ասել է Կարեն Գեւորգյանը: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» գլխավոր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդն ասել է, որ HSBC-ի առեւտրի ֆինանսավորման ակադեմիաներ հաջողությամբ գործում են բանկային խմբի ներկայության մի շարք երկրներում, մասնավորապես, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում եւ Վրաստանում: Ասթրիդ Քլիֆորդի խոսքերով, սեմինարների ընթացքում կներկայացվեն միջազգային առեւտրի ֆինանսավորման գործիքներն ու լուծումները, ռիսկերն ու դրանց նվազեցման եղանակները, միջազգային շուկա դուրս գալու առավել արդյունավետ մեթոդները: Ակադեմիայի առաջին սեմինարին մասնակցել են ՓՄՁ ԶԱԿ հաճախորդները: Հետագա սեմինարներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել` զանգահարելով «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»` (+37410) 515 000, կամ ՓՄՁ ԶԱԿ` (+37410) 541 648 հեռախոսահամարով: Tweet Դիտում՝ 15235