Հայաստանում հարցվածների 53%-ը տեղյակ են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի մասին

02.06.2010 | 14:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում բավականին բարձր է տեղեկացվածությունը Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի մասին, այսօր Երեւանում ասել է հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Հերմինե Հարությունյանն այդ մասին ասել է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի մասին տեղեկացվածության թեմայով «Ալֆա Պլյուս Քոնսալթինգ» ընկերության կողմից անցկացված սոցիոլոգիական հետազոտության շնորհանդեսի արդյունքներով:

«Ալֆա Պլյուս Քոնսալթինգ»-ի տնօրեն Ալեքսանդր Պողոսյանը հայտնել է, որ հարցում է անցկացվել 750 չափահաս անձանց շրջանում ՀՀ 9 խոշոր քաղաքներում: Միաժամանակ, հարցվածների շրջանում ավանդատուների տեսակարար կշիռը կազմել է շուրջ 10%:

Հետազոտության համաձայն, հիմնադրամի մասին իրազեկվածությունը հաստատել է հարցվածների 53%-ը: 2006 եւ 2007թթ. անցկացված հետազոտությունների ընթացքում հիմնադրամի մասին իրազեկվածության մակարդակը կազմում էր, համապատասխանաբար, 23% եւ 41%:

Հարցվածների բացարձակ մեծամասնությունը (68%) հիմնադրամի մասին իմացել է հեռուստատեսությունից, 16%-ը` այլ անձանցից, 9%-ը` բանկերում, 2%-ը` թերթերից եւ մեկական տոկոս` ինտերնետից, ռադիոյից եւ հիմնադրամի տպագիր նյութերից:

Հիմնադրամի մասին տեղյակ անձանց 68%-ը գիտի, որ երաշխավորվում է միայն ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը, գրեթե նույնքան հարցվածներ (67,1%) գիտեն, որ երաշխավորվում են մինչեւ 2 մլն դրամ կազմող դրամային ավանդները:

Հիմնադրամի մասին տեղյակ անձանց 62%-ը գիտի, որ երաշխավորվում են ֆիզիկական անձանց բոլոր տեսակի ավանդները, իսկ 40%-ը` որ երաշխավորվում են ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով ավանդները:

Անդրադառնալով հարցվածների առաջարկություններին ու ցանկություններին` Ալեքսանդր Պողոսյանը տեղեկացրել է, որ նրանցից 48%-ը ավանդների երաշխավորման սահմանաչափի կողմնակիցներ է, 38%-ը այն համարում է նորմալ, իսկ 2%-ը նույնիսկ հակված է, որպեսզի սահմանաչափը նվազեցվի: «Հարցվածների 50%-ը ցանկություն է հայտնել, որպեսզի ավանդների երաշխավորման սահմանաչափը միեւնույնը լինի դրամով եւ արտարժույթով ավանդների համար, իսկ 26%-ն այն կարծիքին է, որ նախապատվությունը պետք է տրվի դրամով ավանդներին»,- նշել է Ալեքսանդր Պողոսյանը:

Հիմնադրամի մասին տեղեկացված քաղաքացիների 62%-ը վստահություն է հայտնել, որ հիմնադրամի գոյությունը նպաստում է բանկային համակարգի նկատմամբ վստահության աճին: 

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 17-ին ՀՀ խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների երաշխավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Լրացումների համաձայն, ավելացվելու է քաղաքացիների ավանդների երաշխավորման ծավալը: Եթե նախկինում արտարժութային ավանդների դեպքում երաշխավորվում էին մինչեւ 1 մլն դրամի ավանդները (դրամային համարժեքով), իսկ դրամով ավանդների դեպքում` մինչեւ 2 մլն, ապա այժմ առաջարկվում է դրանք ավելացնել, համապատասխանաբար, մինչեւ 2 մլն եւ 4 մլն:

Դիտում՝ 11647
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW