Երեւանի ՋԷԿ-ում կայացել է համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի պաշտոնական բացումը

21.04.2010 | 12:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Երեւանի ՋԷԿ-ի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի հանդիսավոր բացմանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասել է, որ նոր էներգաբլոկը Հայաստանի համար ունի բացառիկ տնտեսական, էներգետիկ եւ սոցիալական նշանակություն: Նրա խոսքերով, Ճապոնիայի կառավարության հետ համագործակցության շնորհիվ Հայաստանում կառուցվել է Արեւելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի լավագույն էներգաբլոկը:

Արմեն Մովսիսյանը հիշեցրել է, որ ծրագրի իրականացման նպատակով 2005թ. մարտի 29-ին Հայաստանի կառավարության եւ Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջեւ ստորագրվել է $26 409 մլն-ի վարկային պայմանագիր: Ավելի ուշ ստորագրվել է լրացուցիչ վարկային միջոցների տրամադրման մասին պայմանագիր: Ընդհանուր առմամբ, ծրագրի իրականացմանն ուղղվելու է $240-250 մլն:

Նախարարի խոսքերով, էլեկտրակայանի դրվածքային ընդհանուր հզորությունը կկազմի 271,7 ՄՎտ, իսկ դրվածքային էլեկտրական հզորությունը` 242 ՄՎտ:

Արմեն Մովսիսյանը տեղեկացրել է, որ 1 կՎտ/ժ-ի արտադրության համար նոր էներգաբլոկը կծախսի 2-2,3 անգամ քիչ վառելիք (բնական գազ), քան ներկայումս Հայաստանում գործող ջերմաէլեկտրակայանները, ինչը թույլ կտա պահպանել էլեկտրաէներգիայի գործող սակագինը` անկախ ներկրվող բնական գազի գնից:

Նոր էներգաբլոկի շինարարությունն իրականացրել է Mitsui&Co (Ճապոնիա) եւ LTD GS Engineering&Construction (Կորեա) ընկերությունների կոնսորցիումը:

Դիտում՝ 15963
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW