Երեւան/Մդիամաքս/. Մարտի 18-ին այաստանում կկայանա «Կենգուրու 2010» միջազգային մաթեմատիկական մրցույթը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանում միջազգային մրցույթի բացառիկ կազմակերպիչը հանդիսացող «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը: Նրա խոսքերով, այս տարի մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել 39 400 աշակերտներ երկրի 900 դպրոցներից: Դավիթ Սահակյանն ասել է, որ տարեցտարի միջազգային մրցույթը վերածվում է Հայաստանում մանկական կրթական շարժման: «Նախորդ տարի, երբ «Կենգուրուն» առաջին անգամ էր պաշտոնապես անցկացվում Հայաստանում, մասնակիցների թիվը 30 հազար էր 570 դպրոցներից, ինչը գերազանցել էր կազմակերպիչների ակնկալիքները: Այս տարի մենք համոզվեցինք, որ մեր երեխաների համար կրթությունն ամենեւին էր վերջին տեղում չէ, եւ հայ դպրոցականները սիրով եւ ոգեւորությամբ են մասնակցում աշխարհի ամենատարածված մրցույթին»,- ասել է Դավիթ Սահակյանը: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասել է, որ կրթական բարեփոխումների համատեքստում ողջունելի է ցանկացած ծրագիր` ուղղված աշակերտների շրջանում կրթության խթանմանն ու գնահատմանը: Նրա խոսքերով, «Կենգուրու» միջազգային մրցույթը կարեւոր է նրանով, որ դպրոցականների մոտ սերմանում է սեր մաթեմատիկայի նկատմամբ: Դավիթ Սահակյանը տեղեկացրել է, որ այս տարի մրցութային խնդիրները կլինեն ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն լեզուներով, ինչը հնարավոր է դարձել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը կից գործող «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության հետ համագործակցության շնորհիվ: Նա նշել է նաեւ, որ կազմակերպչական գործընթացում ակտիվորեն ներգրավված է մրցույթի գլխավոր հովանավոր «ՎՏԲ Հայաստան Բանկը», որի մարզային մասնաճյուղերից դպրոցները կստանան մրցութային փաթեթները: Դավիթ Սահակյանը տեղեկացրել է, որ մայիսին լույս կտեսնի մաթեմատիկական մրցույթի առաջին խնդրագիրքը, որում կներկայացվեն 2007-2009թ թ. մրցութային խնդիրներն ու դրանց պատասխանները: Իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցներում այս տարի կանցկացվի «Կենգուրու» փորձնական մրցույթը: Tweet Դիտում՝ 18705