Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը ռուսաստանյան կայունացնող վարկի միջոցներից 60.5 մլրդ դրամ է հատկացրել Կենտրոնական բանկին` Հիփոթեքային ընկերության վարկային պորտֆելն ապահովելու նպատակով: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքերով, հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում կառավարությունը սկսել է խթանիչ քայլեր ձեռնարկել կապիտալ շինարարության վերածնման համար: Մի կողմից, կառավարությունը պետական երաշխիքներ է տրամադրում շինարարական ընկերությունների վարկավորման նպատակով, մյուս կողմից ֆինանսավորում է Հիփոթեքային ընկերությանը ՀՀ առեւտրային բանկերին մատչելի վարկեր տրամադրելու համար: Փոխնախարարը հայտնել է, որ Հիփոթեքային ընկերությունը հատկացված միջոցներից արդեն շուրջ 15 մլրդ դրամ է տրամադրել հիփոթեքային վարկերի տեսքով: “Այդ համատեքստում կարեւոր է առեւտրային բանկերի ագրեսիվ պահվածքը, որոնք անմիջական դեր են խաղում իրական հատվածում վարկային միջոցների տարածման գործում”, - ասել է Վարդան Արամյանը: Փոխնախարարը առեւտրային բանկերին կոչ է արել “չսպասել վարկառուների”, այլ անցնել ավելի ճկուն մարքեթինգային քաղաքականության` տնտեսվարող սուբյեկտների ներգրավման նպատակով: Tweet Դիտում՝ 13752