Երեւան /Մեդիամաքս/. «ԱՐԱՔՍ» ԲԲԸ սովորական անվանական բաժնետոմսերը այսօրվանից մասնակցելու են առեւտրի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի «C» ազատ շուկայում: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի մամլո ծառայությունում, բորսայում շրջանառվելու են ընկերության 116 879 բաժնետոմսեր` 1 000 դրամ անվանական արժեքով: Բաժնետոմսերին շնորհվել է ARAX բորսային հապավումը: «ԱՐԱՔՍ» ԲԲԸ-ն զբաղվում է վերելակների խցիկների պատրաստմամբ, մետաղյա եւ պլաստմասսե իրերի, ալմաստե գործիքների, մամլակաղապարների, դրոշմների եւ կահույքի արտադրությամբ: Ընկերությունը 1987 թվականին հիմնված ՙԱրաքս՚ ձեռնարկության իրավահաջորդն է: «ԱՐԱՔՍ» ԲԲԸ ամենախոշոր բաժնետերը «Միջազգային բիզնես կենտրոն» ՓԲԸ ռուս-հայկական համատեղ ձեռնարկությունն է (ընկերության բաժնետոմսերի 66%-ի բաժնետեր), որին պատկանում է նաեւ տարբեր ոլորտներում գործող ՀՀ մի շարք ընկերությունների բաժնետոմսերի հսկիչ փաթեթը: 2008թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ «ԱՐԱՔՍ» ԲԲԸ ակտիվները կազմել են 499,96 մլն դրամ, իսկ սեփական կապիտալը` շուրջ 293 մլն դրամ: Արտադրանքի իրացումից ստացված հասույթը գերազանցել է 55,4 մլն դրամը, ինչը 47 անգամ ավել է 2007թ. համանուն ցուցանիշից: Ընկերության գործունեության մասին մանրամասն տեղեկատվությունը, ինչպես նաեւ արժեթղթերի ազդագիրը հասանելի են ընկերության պաշտոնական կայքում` www.araks.am: Tweet Դիտում՝ 17466