Երեւան /Մեդիամաքս/. Անցյալ շաբաթ “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա”-ում կորպորատիվ պարտատոմսերի հետ կատարված գործարքների ծավալը դրան նախորդող շաբաթվա համեմատ կրճատվել է ավելի քան 14 անգամ` կազմելով 3 մլն դրամ: Գործարքների քանակը 3-ից դարձել է 9: Նախորդ շաբաթ գործարքներ են կնքվել “Կոնվերս բանկի”, “Արդշինինվեստբանկի”, “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի”, “Էլիտ Գրուպ” ՓԲԸ երկրորդ տրանշի, ինչպես նաեւ “Վալլետտա” ՍՊԸ երկրորդ տրանշի պարտատոմսերով: “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” եւ “Արդշինինվեստբանկի” պարտատոմսերի գործարքներում անցյալ շաբաթվա արդյունքներով արձանագրվել է եկամտաբերության նվազում, համախպատասխանաբար, 0,0292 եւ 0,0375 տոկոսային կետերով: “Վալլետտայի”, “Կոնվերս բանկի” եւ “Էլիտ Գրուպի” պարտատոսմերի մասով արձանագրվել է եկամտաբերության աճ, համապատասխանաբար, 1,0887, 0,0003 եւ 0,139 տոկոսային կետերով: “Եկամտաբերության միակ զգալի փոփոխությունը տեղի է ունեցել “Վալլետտա” (VALTB2) ՍՊԸ երկրորդ տրանշի պարտատոմսերի հետ, ինչը նախեւառաջ պայմանավորված է Կենտրոնական բանկի կողմից ընկերության վարկանիշը “Գ +”-ից “Գ- -“ իջեցնելու հանգամանքով”,- ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին ասել է “Կապիտալ Ասսեթ Մենեջմենթ” ներդրումային ընկերության դիլեր-բրոքեր Ալիկ Առաքելյանը: Նրա խոսքերով, գործարքների թվի ավելացումը, որն ուղեկցվում է ծավալների կրճատմամբ, բացատրվում է փոքր ներդրողների ակտիվացմամբ: Նախորդ շաբաթ գրանցվել է նաեւ պետական պարտատոմսերի եկամտաբերության ոչ մեծ աճ: Ալիկ Առաքելյանը կարծում է, որ ինչպես տեղաբաշխված, այնպես էլ Կենտրոնական բանկի կողմից թողարկվող պետական պարտատոմսերի եկամտաբերության ավելացումը միանշանակ պետք է նպաստի արժեկտրոնային արժեթղթերի եկամտաբերության աճին: “Խնդիրն այն է, որ հայաստանյան ֆոնդային շուկան չի տարբերվում զգայունությամբ, եւ այն գործոնը, որը պետք է ազդի շուկայի վրա, ազդում է ուշացումով”,- նշել է “Կապիտալ Ասսեթ Մենեջմենթի” դիլեր-բրոքերը: Tweet Դիտում՝ 15770