Երևան /Մեդիամաքս/. «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի առաջնային հրապարակային առաջարկը (IPO –ն) հետպատերազմյան Լեռնային Ղարաբաղի խոշորագույն ներդրումային ծրագիրն է, ասել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ելույթ ունենալով մարտի 20-ին Երևանում կայացած «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ IPO-ի շնորհանդեսին, Արա Հարությունյանը տեղեկացրել է, որ բաժնետոմսերի ձեռքբերման հայտ են ներկայացրել 200-ից ավելի ներդրող` ներդնելով ավելի քան 400 մլն դրամ: Շնորհանդեսին ներկա Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ ճգնաժամի պայմաններում ենթակառուցվածքներում ներդրումները ամենավստահելին են: «ՀԷԿ-երի կառուցումը հանդիսանում է երկարաժամկետ ու վստահելի ներդրման հնարավորություն, քանի որ ռիսկերն այս բնագավառում հասցված են նվազագույնի: Ձեռք բերելով ՀԷԿ-ի բաժնետոմսեր, ներդրողը կարող է վստահ լինել, որ իր միջոցները չեն փոշիանա», - ասել է Տիգրան Սարգսյանը, վստահություն հայտնելով, որ «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերը կունենան բարձր պահանջարկ: Ըստ վարչապետի, Հայաստանում կա պոտենցիալ հնարավորություն կուտակված միջոցներից հավաքագրել մոտ $2 մլրդ եւ ուղղել այդ միջոցները տնտեսության զարգացմանը: «Մենք ընդունում ենք ռիսկերի առկայությունը, սակայն դրանց նվազեցումը կառավարության պարտքն է», - ասել է վարչապետը, տեղեկացնելով, որ կառավարությունը, ռիսկերի նվազեցման ու բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծման նպատակով արդեն հայտարարել է 18 ծրագրերի մասին, որոնց շրջանակում մասնավոր հատվածին կհատկացնի 25 մլրդ դրամ` վարկերի, սուբսիդավորման կամ ընկերությունների կապիտալում մասնակցության տեսքով: «Արցած ՀԷԿ» ԲԲԸ-ն հիմնադրվել է 2007 թ. եւ հանդիսանում է ԼՂՀ տարածքում էլեկտրաէներգիայի միակ արտադրողը` ապահովելով հանրապետության էլեկտրաէներգիայի պահանջարկի 40-60%-ը: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 5.1 մլրդ դրամ: Ընկերությունը շահագործում է ՀԷԿ, որը կառուցվել է 1976 թվականին: Բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքում ստացված միջոցներն ուղղվելու են Թարթառ գետի վրա երեք նոր հիդրոէլեկտրակայանների կառուցմանը, որոնք կապահովեն ԼՂՀ էլեկտրաէներգիայի պահանջարկի 85%-ը: IPO-ի արդյունքներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /ԼՂՀ/ տնօրինության ներքո կմնա «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերի 60-65%-ը, սակայն հետագայում ընկերությունը կկազմակերպի բաժնետոմսերի նոր թողարկում: Թողարկման ընդհանուր ծավալը 3 մլրդ 750 մլն դրամ է: Տեղաբաշխված սովորական անվանական բաժնետոմսերի քանակը 3 285 715 է, մեկ բաժնետոմսի տեղաբաշխման արժեքը` 1050 դրամ: Տեղաբաշխման ավարտից հետո (մինչեւ ս.թ. ապրիլի 10-ը) «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի ցուցակման հայտ կներկայացվի: Թողարկման խորհրդատուն եւ տեղաբաշխողը «Արմենբրոկ» ներդրումային ընկերությունն է: Թողարկման ազդագիրը հասանելի է «Արցախ ՀԷԿ»-ի (www.artsakhhpp.com) եւ «Արմենբրոկի» (www.armenbrok.com) ինտերնետային կայքերում: Tweet Դիտում՝ 14654