Երեւան /Մեդիամաքս/. “Արցախ ՀԷԿ” ԲԲԸ բաժնետոմսերում ներդրված կապիտալի տարեկան եկամտաբերությունը նախատեսվում է 14%-ի սահմաններում, այսօր հայտարարել է “Արմենբրոկ” ներդրումային ընկերության գլխավոր վերլուծաբան Սամվել Սահակյանը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում “Արմենբրոկի” գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը “Արցախ ՀԷԿ”-ի բաժնետոսմսերի ներդրումային գրավչության հիմնական գործոնների թվում նշել է համաշխարհային ճգնաժամի ազդեցության բացակայությունը հիդրոէլեկտրակայանի հանդեպ, “որի ամբողջ արտադրանքն իրացվում է մշակումից անմիջապես հետո”: “Արմենբրոկը” Հայաստանում առաջին IPO-ի խորհրդատուն եւ տեղաբաշխողն է: Արամ Կայֆաջյանը նշել է “Արցախ ՀԷԿ” ԲԲԸ ղեկավարության մասնագիտական բարձր մակարդակը, ինչպես նաեւ 2010 թվականին բաժնետոմսերի գնի 10% շահաբաժինները վճարելու` թողարկողի մտադրությունը: Նա հիշեցրել է, որ տեղաբաշխման ավարտից հետո (մինչեւ ս.թ. ապրիլի 10-ը) “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” բորսայում “Արցախ ՀԷԿ” ԲԲԸ բաժնետոմսերի ցուցակման հայտ կներկայացվի: Արամ Կայֆաջյանը նշել է նաեւ, որ մարտի 9-ի դրությամբ ընկերության 150 մլն դրամ ծավալի բաժնետոմսեր արդեն ձեռք են բերել շուրջ 200 ներդրողներ: “Սա Հայաստանում առաջին դեպքն է, երբ պետությունը գնում է ոչ թե լավագույն եւ գործող բիզնեսներից մեկի սեփականաշնորհման ճանապարհով, այլ կիրառում է ուրիշ մեխանիզմ` բիզնեսը դարձնելով հանրային”,- ասել է “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա”-ի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը: ՀՀ ԿԲ ներկայացուցիչ Կարեն Հակոբյանը նշել է ԿԲ-ի աջակցությունը Հայաստանում առաջին IPO-ին` ընդգծելով այն մեծ պատասխանատվությունը, որը ստանձնում է թողարկողը, այն է` տեղեկատվության ամբողջական բացահայտումը: “Արցախ ՀԷԿ” ԲԲԸ եկամուտները 2008 թվականին կազմել են 386 մլն 409 հազ. դրամ` 2007թ. համեմատ ավելանալով 349 մլն 420 հազ. դրամով: Ընկերության գործառնական եկամուտը 2007 թվականի համեմատ նախորդ տարի ավելացել է 71 մլն 963 հազ. դրամով` կազմելով 75 մլն 428 հազ. դրամ: “Արցախ ՀԷԿ” ԲԲԸ-ն ԼՂՀ տարածքում էլեկտրաէներգիայի միակ արտադրողն է, որն ապահովում է հանրապետության էլեկտրաէներգիայի պահանջարկի 40-60%-ը: Բաժնետոմսերի տեղաբաշխման արդյուքում ստացված միջոցներն ուղղվելու են Թարթառ գետի վրա երեք նոր հիդրոէլեկտրակայանների կառուցմանը, որոնք կապահովեն ԼՂՀ էլեկտրաէներգիայի պահանջարկի 85%-ը: Ավելի վաղ ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում Արամ Կայֆաջյանը հայտնել էր, որ IPO-ի արդյունքներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /ԼՂՀ/ տնօրինության ներքո կմնա “Արցախ ՀԷԿ”-ի բաժնետոմսերի 60-65%-ը, սակայն հետագայում ընկերությունը կկազմակերպի բաժնետոմսերի նոր թողարկում: Թողարկման ընդհանուր ծավալը 3 մլրդ 750 մլն դրամ է: Տեղաբաշխված սովորական անվանական բաժնետոմսերի քանակը 3 285 715 է, մեկ բաժնետոմսի տեղաբաշխման արժեքը` 1050 դրամ: Թողարկման ազդագիրը հասանելի է “Արցախ ՀԷԿ”-ի (www.artsakhhpp.com) եւ “Արմենբրոկի” (www.armenbrok.com) ինտերնետային կայքերում: Tweet Դիտում՝ 17680