Երեւան /Մեդիամաքս/. Զվարճանքների կենտրոնի բացման ժամանակ Վրաստանի նախագահի կողմից Հայաստանի տնտեսությանը տրված որակումները “բացարձակապես անհիմն են”: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը` ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի խնդրանքով մեկնաբանելով “Հայաստանի տնտեսության փլուզման” մասին Վրաստանի նախագահի հայտարարությունը: “Մյուս կողմից, չեմ կարծում, թե նման որակումներ տալը լավագույն տարբերակն է Վրաստանում առկա բազմապիսի խնդիրներից սեփական ժողովրդի ուշադրությունը շեղելու համար”,- հայտարարել է ՀՀ նախագահի մամլո քարտուղարը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, ՀՀ նախագահին բազմիցս են հարցեր ուղղվել մեր հարեւան երկրների ինչպես ներքաղաքական, այնպես էլ սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ: “Ինչպես նկատել եք, ՀՀ նախագահը նման խնդիրների շուրջ երբեք չի արտահայտվել, որքան էլ այս կամ այն իրավիճակում դա հրապուրիչ թվա` այդ խնդիրների մեկնաբանությունը թողնելով վերլուծաբաններին ու տվյալ երկրի պետական, քաղաքական գործիչներին: Քաղաքական կոռեկտությունը հենց սա է ենթադրում”,- ընդգծել է Սամվել Ֆարմանյանը: Վրաստանի նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ Միխաիլ Սահակաշվիլիի “հայտարարությունը սխալ է ընկալվել” Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Ալանա Գագլոեւան ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ “Վրաստանի նախագահի խոսքերը ՀՀ կառավարությանը վիրավորելու միտում չեն ունեցել”: Ալանա Գագլոեւան այս մասին ասել է` ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի խնդրանքով մեկնաբանելով Վրաստանի նախագահի խոսքերն այն մասին, որ “Հայաստանի տնտեսությունը կործանվել է”: “Վրաստանի նախագահի ելույթը պայմանավորված էր տարածաշրջանային կոնկրետ տնտեսական իրադարձություններով: Քանի որ Հայաստանի ազգային արժույթն արժեզրկվել է, դա, մեր կարծիքով, ազդել է ՀՀ ողջ տնտեսական իրավիճակի վրա: Միխաիլ Սահակաշվիլին հայտարարել է նաեւ այն մասին, որ Վրաստանի տնտեսությունն ավելի պաշտպանված է, քանի որ Ռուսաստանի հետ Վրաստանի առեւտրատնտեսական հարաբերությունների ծավալն այնպիսին չէ, ինչպիսին Հայաստանինը: Այսպիսով, Վրաստանի նախագահի խոսքերը ՀՀ կառավարությանը վիրավորելու միտում չեն ունեցել”, - ասել է մամուլի քարտուղարը: Պատասպանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին այն մասին, թե արդյո±ք Վրաստանի նախագահն իրոք ասել է, որ “Հայաստանի տնտեսությունը կործանվել է”, Ալանա Գագլոեւան ասել է հետեւյալը. “Հավանաբար, Վրաստանի նախագահի հայտարարությունը սխալ է ընկալվել”: Tweet Դիտում՝ 11560