Երեւան /Մեդիամաքս/. 2008 թվականին “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” շահույթի աճը կազմել է 17%: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի: գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերն այսօր Երեւանում հայտարարել է, որ նախորդ տարի շահույթը մինչ հարկումը կազմել է 5 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում բանկի վարկային ներդրումներն աճել են 40%-ով` կազմելով 74 մլրդ դրամ: Կապիտալի աճը կազմել է 34%` հասնելով 15,5 մլրդ դրամի: 2008 թվականին բանկը Երեւանում բացել է երկու մասնաճյուղ եւ Գործառնությունների կենտրոն, իսկ բանկոմատների թիվը հասել է 43-ի: Բանկի աշխատակիցների թիվն ավելացել է 21,5%-ով` հասնելով 412-ի: “2009 թվականը բավականին բարդ կլինի Հայաստանի բանկային համակարգի համար, սակայն մենք պատրաստ ենք դիմակայել դժվարություններին եւ վստահ ենք, որ բանկի գործունեությունն ընթացիկ տարում շահութաբեր կլինի”, - նշել է Թիմ Սլեյթերը: Նրա խոսքերով, նախորդ տարի բանկի բաժնետերերի կողմից ստացված $ 100 մլն վարկային գիծը լրացուցիչ վստահություն է հաղորդում, “սակայն այդ միջոցները մեր կողմից չեն օգտագործվում, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա”: Մեկնաբանելով տոկոսադրույքների բարձրացման հնարավորությունը, Թիմ Սլեյթերը նշել է, որ հնարավոր է տոկոսադրույքների որոշակի բարձրացում ազգային արժույթով վարկերի համար: Tweet Դիտում՝ 15364